Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԴՄ-ՆԵՐՈՎ

Հուլիս 15,2011 00:00

Վերջին 5-6 ամիսներին բավականին հաճախ է խոսվում նոտարական համակարգում կատարվող բարեփոխումների մասին:

\"\"«Առավոտը» օրերս անդրադարձավ նոտարական սակագների փոփոխությանը:

Արդարադատության նախարարը եւ նորանշանակ պաշտոնյաները այս անգամ փորձեցին բարեփոխել հսկիչ դրամարկղային մեքենաների բիզնեսով զբաղվող մարդկանց նյութական վիճակը՝ ստիպելով իրենց իսկ կողմից չընդունված նոտարներին կիրառելու ՀԴՄ-ները:

«Հսկիչ դրամարկղերի կիրառման մասին» օրենքի փոփոխություններում այս տարվա փետրվարին սահմանվեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կարող են կիրառվել նաեւ նոտարների եւ փաստաբանների կողմից: Միաժամանակ, ըստ այդ օրենքի 5.1 կետի, եթե նշյալ անձինք աշխատում են անկանխիկ՝ բանկային չեկերով կամ տերմինալներով, ապա պարտադիր չէ ՀԴՄ-ների կիրառումը: Այդ փոփոխությունից հետո, փետրվարի 28-ից ՀՀ բոլոր նոտարները մինչ օրս աշխատում են բանկային չեկերով, ինչը գոհունակությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Դա նաեւ ՀՀ վարչապետի պահանջն էր, որպեսզի նոտարները չաշխատեն «քյաշ» փողով, այլ անկանխիկ ձեւով՝ բանկային չեկերով կամ տերմինալներով, որոնցից պատրաստվում են օգտվել այն նոտարական գրասենյակները, որոնց հարեւանությամբ չկան բանկեր:

Սակայն հուլիսի 12-ից, ի տարբերություն նախորդ անգամների (երբ նոտարները միասնական հրաժարվում էին ՀԴՄ-ներ տեղադրելուց, որի մասին համապատասխան գրություններ, մեկնաբանություններ են ուղարկվել ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին), արդարադատության նախարարության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը, նոտարիատի եւ զագսերի վերահսկողության բաժնի պետ Դ. Մխեյանը զանգել են բոլոր նոտարներին եւ սպառնացել՝ նկատողություն տալ, պարտադրելով, որ մինչեւ հինգշաբթի պարտադիր հսկիչ-դրամարկղեր գնեն եւ կիրառեն: Նոտարների բազմաթիվ բացատրություններին, որ դա քաղաքացուն որեւէ օգուտ չի տալու, քանի որ ծառայության վճարից բացի՝ քաղաքացին պետական տուրքը, միեւնույն է, պետք է վճարի բանկում, որեւէ ազդեցություն չունեցավ: Հետեւաբար, պետական տուրքը բանկում վճարելուց բացի՝ քաղաքացին պիտի նոտարի մոտ վճարի նաեւ ծառայության վճարը:

Ինչ վերաբերում է նկատողությանը. զագսերի բաժինը կամ վերահսկողականը ո՞ր օրենքով են նկատողություն տալու կամ արձանագրություն կազմելու: Նրանց լիազորություննե՞րն են գուցե փոխվել, ինչ մասին հանրությունն իրազեկված չէ:

Ըստ ԱՆ մեր աղբյուրի, պատճառաբանությունը հետեւյալն է. վարչապետին են խոստացել, ինչը կասկածելի է, քանի որ վարչապետի կողմից հրահանգ եղել է միայն անկանխիկ վճարումներ կատարելու մասին եւ որեւէ կերպ չի շոշափվել, թե ինչ տարբերակով պետք է լինեն անկանխիկ վճարումները:

Ասում են՝ վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանին պատկանող ՍՊԸ-ն է ներկրում այդ մեքենաները, որոնք վաճառելը եւ շահ ստանալն էլ պատճառ է նման պարտադրանքի: Վերոհիշյալ պաշտոնյան ունի խանութներ, վարսավիրանոցներ, եւ բիզնեսը նրա համար առաջնային է:

«Առավոտի» նախորդ օրվա լուրը՝ ՀԴՄ-ների մասին, արձագանքվեց հեռախոսազանգերով: Ըստ քաղաքացիների, նախարարության նման վերաբերմունքը վկայում է օրենքի, նոտարների եւ ժողովրդի նկատմամբ նրանց բացահայտ արհամարհանքի մասին:

Ինչ վերաբերում է ԱՆ նախկին աշխատակիցների ճակատագրին, երեկ տեղեկացանք, որ նոտարիատի նախկին բաժնի մասնագետ Արամ Պետրոսյանը, ըստ նախարարի հայտարարության, նոտարիատի բաժնի վերակազմավորման արդյունքում, մյուս աշխատողների հետ միասին գտնվում է քաղաքացիական ծառայության «պահեստազորում», բայց փաստացի չի լքել իր աշխատատեղն ընդհանրապես: Նա նույնպես համարվում է սեփական բիզնես ունեցող, նրան է պատկանում «Գլոբուս» թարգմանչական գրասենյակը: Ըստ որոշ լուրերի՝ նրա հիմնական գործը իր թարգմանչական բիզնեսը՝ ուրիշ թարգմանիչների հաշվին առաջ տանելն է;

Փաստորեն, նախկին 2 աշխատողները դեռեւս գտնվում են քաղաքացիական ծառայության ռեզերվում, որոնց փոխարեն նշանակվել են գործից բացարձակ անտեղյակ պայմանագրային աշխատողներ Նորայր Փանոսյանը եւ Դանիել Մխեյանը:

Մեզ հետ զրուցող նոտարներից շատերին հետաքրքրում է այն հարցը, թե, ի վերջո, ինչով պետք է ղեկավարվեն իրենք. ՀՀ Սահմանադրությա՞մբ, ՀՀ օրենքներո՞վ, ենթաօրենսդրական ակտերո՞վ, կառավարության որոշումներո՞վ, թե՞ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված նորաթուխ պաշտոնյաներին չջղայնացնելու սկզբունքով, որը մասնագիտական էթիկայից դուրս է եւ վիրավորական:

Նոտարները ակնկալում են. «ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ ՀՀ կառավարության ղեկավարը կփորձեն լուծել այս հասարակ խնդիրը՝ բացատրելով, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարին, որ ապօրինի գործունեությամբ թվացյալ օրինականություն հաստատելն անհանդուրժելի եւ պատժելի է»:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր, երբ երեկ նոտարներից տեղեկացանք, որ ՀԴՄ-ների տեղադրման համար նախարարությունը ժամկետը փոխել է. այն մինչեւ երկուշաբթի պետք է տեղադրվի: Ի դեպ, ՀԴՄ-ները նոտարները ձեռք են բերել 65 000 դրամով: Մարզերի նոտարները գերադասեցին այս կապակցությամբ լռել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել