Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկով ավելի լավ են վճարում

Հուլիս 15,2011 00:00

\"\"Մասնագետների կարծիքով՝ ավելի ճիշտ է անցնել բնակվարձի մուծման ցիվիլ տարբերակի, քան թե մուծումները կատարել «տան վարձի» մարդու միջոցով:

Այսօր հազարավոր բնակիչներ շենքերի պահպանման եւ կառավարման մարմնի վճարները, այսինքն՝ «տան վարձը» խիստ դժկամությամբ են վճարում, քանի որ չեն տեսնում իրենց վճարների արդյունքները: Այլ կերպ ասած՝ համատիրությունների աշխատանքներն այնքան էլ թափանցիկ չեն, որպեսզի բնակիչներն էլ հասկանան, թե իրենց մուծած գումարները ո՞ւր են գնում: Չնայած արդեն 10 տարուց էլ ավելի է, ինչ Հայաստանում գործում են համատիրությունները, սակայն դրանք հեռու են կայացած լինելուց: Բնակիչները, ինչպես մասնագետներն են փաստում, համատիրությունն ընկալում են որպես «ԺԷԿ»՝ խորհրդային տարիներից մնացած վատ տպավորություններով ու հիշողություններով: «Առավոտի» հետ զրույցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Անհաղթ» համատիրության նախագահ Սոնյա Տիգրանյանը կարծիք հայտնեց, որ բնակիչների նման վերաբերմունքը հենց համատիրությունների աշխտաոճից է կախված. «Շատ համատիրություններ ժէկային սիստեմով են աշխատում: Բնակիչներից հավաքում են գումարները եւ դրանք այնքան էլ ճիշտ չեն օգտագործում: Մինչեւ բնակիչը չգիտակցի, ինչի համար է վճարում, համատիրությունները չեն կայանա»: Տիկին Տիգրանյանի ներկայացմամբ՝ համատիրություններն իրենց ծախսերի հաշվետվությունը պետք է ոչ թե գրասենյակի պատին փակցնեն, այլ՝ շենքերի մուտքերի, որպեսզի բնակիչները հստակ տեսնեն, թե տվյալ ամիս որքան գումար է հավաքվել եւ իրենց մուտքի կամ շենքի համար ինչ ծախսեր են կատարվել: Ս. Տիգրանյանի խոսքերով՝ իրենց բնակիչներն ավելի պատրաստակամ են վճարում բնակվարձը, քանի որ իրենք ամեն ամիս շենքերի մուտքերին փակցնում են վճարների ցուցակը եւ իրենց կատարած աշխատանքի եւ բյուջեի հաշվետվությունը: Համատիրությունը տարեսկզբից անցել է բնակվարձի ավելի քաղաքակիրթ վճարային մեթոդի՝ շենքերի մոտակայքում գործող բանկերում բացել են հաշիվներ եւ ենթահաշիվներ: Յուրաքանչյուր շենք իր հաշվեհամարն ունի, բնակիչները «տան վարձը» վճարում են բանկերում, ընդ որում՝ բանկերում այդ ծառայությունն անվճար է: Մեր այն հարցին, թե բնակիչներն արդյոք բանկ կգնա՞ն, քանի որ առանց այդ էլ «տան վարձը» հավաքողի առջեւ դուռը չեն բացում, որպեսզի չվճարեն, համատիրության նախագահը պատասխանեց. «Ինչ անցել ենք բանկային վճարների, բնակիչներն ավելի են ակտիվացել եւ վճարողների թիվն ավելացել է: Բացի այդ, այս մեթոդով մենք գումարներ ենք խնայում, օրինակ՝ տան վարձ հավաքողի աշխատավարձը, որը կրկին ուղղում ենք շենքի պահպանմանը»: Տիկին Տիգրանյանի խոսքերով՝ կան բնակիչներ, որոնք տարիներով չեն վճարել, ուստի ստիպված դիմել են դատարան: Մեր այն դիտարկմանը, թե չվճարողները սոցիալապես խոցելի խավն է, համատիրության նախագահն ասաց. «Ձեր նշած խավն ավելի պարտաճանաչ է՝ թոշակառուներն ու անապահով ընտանիքները՝ հենց թոշակ կամ նպաստ են ստանում, անմիջապես վճարումներ են կատարում, քանի որ վախենում են պարտք հավաքել»:

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել