Ժամացույցների գործարանի բաժնետերերը բողոքում են
«Գեղարվեստական ժամացույցների գործարանը մի քանի հոգով մաս-մաս են անում ու լցնում իրենց գրպանները: Արդեն 15 տարի է՝ իբր վնասով են աշխատում: Հարց է առաջանում՝ եթե այդքան կորուստներ եք կրում ու վնասով աշխատում, ինչո՞ւ չի լուծարվում այդ բաց բաժնետիրական ընկերությունը՝ իրենք էլ պրծնեն, մենք էլ: Ո՞վ է տեսել մեզ նման բաժնետեր, ոչ մի իրավունք չունենք, չգիտենք՝ ո՞վ է մեր գլխավոր բաժնետերը, ի՞նչ են անում գործարանում, որքա՞ն եկամուտ են ստանում, տարեվերջին ժողով են անում, մեզ հյուրի պես կանչում, ստից թվեր են ներկայացնում ու ոչ մի ձայնի իրավունք չունենք»,- «Առավոտին» են դիմել «Գեղարվեստական ժամացույցների գործարանի» աշխատակիցները, որոնք նաեւ ընկերության բաժնետերեր են:
1996-ից, երբ գործարանը դարձել է ԲԲԸ, կառավարությունը որոշել է, որ 20% բաժնեմասը անհատույց պետք է տրվի գործարանի աշխատակիցներին, իսկ մնացած 80%-ը հանվի վաճառքի: Այդ ժամանակ գործարանը մեծ անուն ուներ, արտադրում էր կանանց եւ տղամարդկանց ոսկյա ժամացույցներ, մատանիներ, ապարանջաններ, տարբեր զարդեր, էլեկտրոնային, կվարցային, պատի եւ սեղանի ժամացույցներ ու մեծ եկամուտներ էր ստանում: Գործարանի կապիտալը բավական մեծ էր, ուներ հաստոցային հարուստ պարկ, քառահարկ արտադրական նորակառույց շենք՝ նորագույն տեխնիկայով հագեցած: Սակայն ԲԲԸ դառնալուց հետո մինչ օրս գործարանի գործերը հանկարծակի սկսեցին վատ գնալ, համենայնդեպս, բաժնետերերի պատմելով՝ այդպես են իրենց ներկայացնում:
Այսպես ասած՝ «ձայնազուրկ» բաժնետերերից մեկը՝ Էլմարինա Մարիկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին բաժնետերերի ժողովը ինքն ու 31 այլ բաժնետերեր բոյկոտել են ու չեն մասնակցել. «Մենք չունենք 5% բաժնեմաս, որպեսզի ստանանք աուդիտ կազմելու իրավունք ու մոտենանք իրենց՝ գլխավոր բաժնետերերի թղթատարությանը: Իրենք էլ արդեն 15 տարի ասում են՝ վնասով ենք աշխատում, օրինակ՝ 2010-ին իբր 8 մլն եկամուտ են ունեցել ու 9,5 միլիոնի ծախս են կատարել: Թե դրանք ի՞նչ ծախսեր են, մեզ տեղյակ չեն պահում: Ես, օրինակ, 31 բաժնեմաս ունեմ, այսինքն՝ այն ժամանակ 310 հազարի է եղել բաժնեմասս, հիմա ես խնդրում եմ, որ տոկոսները, այս տարիների հաշվարկները իրենց պահեն, ինձ տան գոնե 310 հազար դրամ, որը նույն փոխհատուցումը չէ, բայց նույնիսկ դրան չեն համաձայնում: Մենք մի աշխատող ունենք, ամուսինը՝ հաշմանդամ, ինքը արդեն ծեր, թոշակառու, դեղի փող չունեն, նպաստառու են ու 35 բաժնեմաս ունենալով՝ չեն կարողանում այս տարիներին մի դրամ անգամ ստանալ: Մենք ոնց որ Պեպոն լինենք, չենք կարողանում մեր իրավունքը, մեր ճիշտը տեղ հասցնել: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե մի օբյեկտ 15 տարի վնասով է աշխատում, պետք է սնանկ հայտարարվի»: Ընկերության աշխատակիցները մի քանի տասնյակ դիմումներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին, տարբեր պետական մարմիններին, բայց բոլորը ուղարկում են միեւնույն պատասխանը՝ «դա քաղաքացիական գործ է, պետությունը կապ չունի, դիմեք դատարան»: Է. Մարիկյանի խոսքերով՝ «Մենք խեղճուկրակ մարդիկ ենք, գիտենք, որ դատարանում պարտվելու ենք, որովհետեւ այս ամենի հետեւում նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանն է, սկզբում նա է եղել գլխավոր բաժնետերը, հետո նրա անունը փաստաթղթերից վերացավ, իր բարեկամների, հարազատների անուններն են»:
Խմբագրություն եկած բողոքող աշխատակիցները պատմում են, որ ներկայումս գործարանի տարածքը վարձակալությամբ է տրվել ինչ-որ «IGOR trading» ընկերության. «Այնպես չի, որ շահույթ չեն ստանում, մենք գիտենք, որ ամեն ամիս 25-30 կգ ոսկի են օգտագործում, ադամանդներ, այլ քարեր հղկող հաստոցներ են աշխատեցնում, շենքում կատարվում են բարեկարգման ու նորոգման աշխատանքներ: Եթե վնասով են աշխատում՝ ո՞ւմ հաշվին եւ ի՞նչ միջոցներով են այդ աշխատանքները կատարվում»:
Մենք այս ամենի մասին պարզաբանումներ խնդրեցիք գործարանի գործադիր տնօրեն Հենրիկ Մելքոնյանից: Նրա մեկնաբանմամբ՝ «Գործարանի միայն պահելու ծախսերը՝ գույքահարկը, հողի հարկը, մյուս հարցերն արդեն կազմում են այնպիսի գումար, որ զոռով ծայրը ծայրին հասցնում ենք, տնօրենը ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ: Եթե մի 5 վարձակալ էլ գտնենք՝ վիճակը կփոխվի: Սնանկ հայտարարելը կես տոկոս բաժնետոմս ունեցողները չեն կարող անել, դա որոշում են խոշոր բաժնետերերը: Որպեսզի այսօր այս գործարանը գործարկվի, կես մլն դոլար միանգամյա ներդրում է պետք: Ես 2003-ից այստեղ աշխատում եմ, ամեն տարի այդ բողոքները լսում եմ: Նրանք պիտի սպասեն, մինչեւ գործարանի գործերը հաջող ընթանան»: Մեր հարցին՝ էշ մի սատկի՝ գարուն կգա սկզբունքո՞վ, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այսօր էդ գարունը չի գալիս, նրանք սպասելուց բացի ի՞նչ պիտի անեն»: Տնօրենից նաեւ հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ գլխավոր բաժնետերը Սմբատ Այվազյանն է. «Ես իրավասու չեմ պատասխանել, բայց գիտեմ, որ նա բաժնետերերի շարքում չկա»:
Պարոն Մելքոնյանը մեզ հրավիրեց գործարան՝ փաստաթղթերին եւ հաշվապահական գործերին ավելի մանրամասն ծանոթացնելու համար, ինչը կանենք առաջիկայում: