Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՄԹ Եվրոպական հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը ստորագրել են երկկողմ համաձայնագիր եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին: Համաձայնագիրը վերացնում է երկու երկրների միջեւ բիզնեսի զարգացման խոչընդոտը: «Մենք ուրախ ենք, որ այս համաձայնագիրը ստորագրվեց: Սա մի բացթողում էր մեր հարաբերություններում: Համաձայնագիրը կօգնի երկու երկրների բիզնեսներին ու գործարարներին, իսկ մենք ցանկանում ենք, որ բիզնես կապերը երկուստեք զարգանան, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս համաձայնագիրը մեզ կօգնի առաջ շարժվել»,- ասաց ՄԹ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Չարլզ Լոնսդեյլը: Հայաստանում HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը ողջունեց համաձայնագրի ստորագրումը, ասելով որ այն «կփոքրացնի Հայաստանում բրիտանացի ուղղակի եւ ոչ ուղղակի ներդրողների հարկային բեռը, ինչը կդարձնի Հայաստանն առավել գրավիչ արտասահմանյան ներդրողների համար»: