Երեկ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Հրանտ Բագրատյանի վերաբերյալ կատարողական վարույթը՝ հարուցված պահանջատեր Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ԿԲ-ի կողմից, ավարտված է: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով խնդրի առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ մանրամասներ ենք ներկայացնում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր՝ Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան՝ Հրանտ Բագրատյան): 2008 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանի քաղաքացիական դատարանի կողմից տրված թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթի համաձայն՝ պետք էր Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու եւ հրապարակելու հետեւյալ տեքստը. «Ես՝ Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից եւ ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ չի ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել, եւ Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել»:
Համաձայն վերոհիշյալ կատարողական թերթի՝ նաեւ պետք էր Հրանտ Բագրատյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 2.000 դրամ, իսկ հօգուտ ՀՀ կենտրոնական բանկի՝ 600.000 դրամ՝ որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան տուրքի եւ դատական ծախսի գումարներ:
04.12.2008թ. հարուցված թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հրանտ Բագրատյանից հօգուտ ՀՀ Կենտրոնական բանկի եւ Տիգրան Սարգսյանի բռնագանձվել է 602.000 դրամ, իսկ որպես կատարողական ծախս՝ 30.100 դրամ:
Կատարողական վարույթի ընթացքում կատարողական թերթի ոչ գույքային բնույթի պահանջի կատարմանն ուղղված՝ հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար պարտապան Հրանտ Բագրատյանը ԴԱՀԿ ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով երկու անգամ ենթարկվել է վարչական տուգանքի՝ համապատասխանաբար 200.000 եւ 400.000 դրամի չափով, որոնք պարտապանից բռնագանձվել են ՀՀ վարչական դատարանի վճիռների հիման վրա: Հետագայում եւս հարկադիր կատարողի երրորդ համանման որոշումը չկատարելու համար դարձյալ նշանակվել է վարչական տուգանք՝ 400.000 դրամի չափով, որը, սակայն, չի բռնագանձվել, քանի որ պարտապանը դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողի որոշումը, այդ գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քննությունը շարունակվում է: Իսկ 11.07.2011թ. պահանջատերն իր դիմումով, օրենքով սահմանված կարգով, խնդրել է վերադարձնել կատարողական թերթը: Այդ հիմքով 13.07.2011թ. թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, եւ որոշում է կայացվել թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթն ավարտելու մասին»: