Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ»

Հուլիս 15,2011 00:00

«Հայաստանը փոքր է, խժռելը՝ հեշտ»,- ասում է  Կարինե Դանիելյանը

\"\"«Հայաստանը հանքահումքային ուժեղ հյուծման է ենթարկվում: Կառավարությունը շահագործման է հանձնում այն բոլոր հանքավայրերը, որոնց շահագործումը խորհրդային տարիներին արգելված ու խիստ վտանգավոր էր համարվում»,- մտահոգվում է Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով երեկ բնապահպանական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ կառավարությունից պահանջում էր կասեցնել հանքարդյունահանման լիցենզիաները տրամադրելու գործընթացը: Պարոն Բարսեղյանի խոսքով, հանք շահագործելու 450-ից ավելի լիցենզիաներ են տրամադրվել, եւ մոտ 200 լիցենզիաներ էլ տրամադրման փուլում են. «Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի 30000 քկմ-ի վրա կլինի շահագործվող մոտ 700 հանք, իսկ սա ֆանտաստիկ մեծ խտություն է, ու աշխարհում շատ դժվար է գտնել երկրներ, որտեղ այս խտությամբ հանքարդյունաբերություն լինի»:

Պարոն Բարսեղյանի խոսքով, Հայաստանը դարձել է հումքային մատակարար, այնինչ Հայաստանը ունի գիտական պոտենցիալ եւ այդ հումքը կարող էր արտադրանքի վերածել:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ կարծում է, որ պետք է առնվազն հինգ տարով հանքերի շահագործման մորատորիում հայտարարվի, ուսումնասիրվի, թե եղած հանքերն էկոլոգիական ու տնտեսական առումով ինչ վիճակում են. «Պաշտոնական տվյալներով, արդյունաբերական թափոնների 99%-ը հանքերն են տալիս, իսկ ՀՆԱ-ի՝ 3-4%-ը»: Այն հարցին, թե ի՞նչ է շահում պետությունը՝ հանքերի մեծ մասը օլիգարխներին շահագործման հանձնելով, բնապահպանը պատասխանեց. «Մեր երկրի դժբախտությունն այն է, որ մի խումբ օլիգարխներ իրենց գերհարստացման համար խժռում են երկիրը: Մեր երկիրը փոքր է ու խժռելը՝ հեշտ»: Նրա խոսքով, Տաթեւի վանքի բարեկարգման համար պետությունը հսկայական գումարներ ծախսեց, բայց. «Այդ ամբողջ աշխատանքը զրոյանում է վանքի կողքին շահագործվող երկու հանքի շնորհիվ: Աշխարհում Սյունիքի նման տարածք չկա՝ պատմական ու բնական նման հուշարձաններով ու լանդշաֆտներով, եւ դնելով Սյունիքը հանքարդյունաբերման տակ՝ կառավարությունը առնվազն պետք է մոռանա զբոսաշրջության զարգացման մասին»:

Բնապահպան Սոնա Այվազյանն էլ ասաց, որ կառավարությանն առաջարկել են հանքերի շահագործման համար ռազմավարություն մշակել. «Թե չէ՝ չկա ոչ մի սահմանափակում հանքը շահագործելու համար տրվող լիցենզիաների տրամադրման համար: Ցանկացած կարողություն ունեցող մարդ ցանկացած պահի կարող է դիմել, ստանալ լիցենզիա ու շահագործել հանքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի ամբողջ տարածքով այժմ ուսումնասիրություններ են կատարվում նորանոր հանքեր բացահայտելու համար: Այս պահի դրությամբ միայն բնօգտագործման վրա է հիմնված տնտեսության զարգացումը, անտառներն են հատվում, հանքերն են շահագործվում, դրա դիմաց համապատասխան փոխհատուցում չի տրամադրվում, եւ մի քանի տարի հետո այս երկրից ոչ մի բան չի մնա, կդառնա բաց հանքերի դաշտ»:

Ի տարբերություն էներգետիկայի նախարարի, ով հետնամուտքից էր դուրս եկել կառավարության շենքից, բնապահպանության նախարարը շենքից դուրս գալուն պես՝ չկարողացավ փախչել ոչ լրագրողներից, ոչ էլ ցուցարարներից: Նախարարի խոսքով, անհրաժեշտ է ընդերքի շահագործումը՝ միաժամանակ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները իջեցնելով ամենացածր մակարդակի: Թե այդ ինչպես է նախարարը պատկերացնում «երկու երնեկը՝ մի տեղում», նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր այն տնտեսվարողները, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, օրենքի համաձայն՝ տուգանքներ են վճարում»: Նա դժվարացավ մտաբերել, թե վերջին շրջանում հանք շահագործող քանի ընկերություն է տուգանվել շրջակա միջավայրը աղտոտելու համար. «Է, ասում եմ՝ կոնկրետ թվեր չգիտեմ»:

Կառավարության շենքի առաջ երեկ, բնապահպաններից բացի, նաեւ փողոցային առեւտրականներն էին հավաքվել: «Գումի շուկայում ահավոր թվեր են սահմանել: Մի ձմերուկ վաճառելու համար օրական 2000-6000, նույնիսկ 8000 դրամ են պահանջում: Նենց գներ են, որ մեջտեղիցս ճղվեմ էլ՝ չեմ կարողանա վճարել: Բայց քաղաքապետը մեզ վռնդեց՝ պնդելով, որ ամեն պայման՝ այդ թվում նաեւ գնային մասով, ապահովելու են»,- ասաց Ռոզա Աբրահամյանը: Ադի-բուդի վաճառող Կիմա Գրիգորյանն էլ արդեն երեք ամիս է՝ հարկադիր պարապուրդի մեջ է. «Նախագահից, վարչապետից հանդիպում ենք ցանկացել, բայց նախագահը արհամարհել է, թքած ունի մեզ նման ժողովրդի վրա: Արդեն երեք ամիս է՝ ոչ մի գործ չունեմ, ամբողջ օրը փողոցներն եմ չափում, վարչապետը թող մի անգամ ընդունի, էլի, էս ժողովրդին, մենակ իրա բանկերը չէ, որ պիտի պաշտպանի»: Այս ցույցն էլ առանց ոստիկանների ագրեսիվության ու քաշքշուկի չավարտվեց: Ոստիկան Բաղրամյանը մի կողմ քաշեց որոշ ցուցարարների ու նրանց ձեռքից խլեց իրենց հետ բերած միրգը, որը առեւտրականները որոշել էին բացօթյա վաճառել կառավարության շենքի առջեւ: Նա իր այս արարքը բացատրեց տարածքը պահպանելու իր պարտավորությունը կատարելով: «Բա որ քաղաքապետարանի աշխատակիցը (նկատի ունի քաղաքապետարանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Արման Եդոյանին- Ա. Ս.) եկավ, օրը ցերեկով մեզ վիրավորեց, քրֆեց, ինչի՞ չեկաք մեզ պաշտպանեիք»,- ոստիկանին հարցրեց առեւտրական Պողոսյան Սվետլանան: Երբ ոստիկանից հետաքրքրվեցինք, թե ուր տարավ առեւտրականների բերած միրգը, նա անհասկանալի ժպիտով պատասխանեց. «Ինձ համար էր բերել միրգը, որ ուտեմ, ինչո՞ւ, չի՞ կարելի»: Ցուցարար Նարինե Միրզախանյանն էլ մեզ հետ զրույցում դժգոհում էր. «1000 դոլար պահանջեցին մի սեղանի համար: Հունվարի մեկից մինչեւ այսօր քաղաքապետարանում մեզ խաբել են, տարածք են խոստացել, չեն տվել, պարզվել է, որ այդ խոստացված տարածքը 70 տարվա պայմանագրով ուրիշի սեփականությունն է, ու այդ տարածքում մեզ համար շուկա չի կարող լինել»:

Ի դեպ, ցույցի վերջում ցուցարարներին միացավ նաեւ գզգզված մազերով մի կին՝ պարանոցին կախած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարը, ու «թու, Լեւոն քո ճակատին» ասելով ու ներկայիս կառավարության գովքն անելով՝ ման էր գալիս: Ոստիկաններն էլ նրա հետեւից պտտվելով՝ նրա ամեն ասածը տեսագրում էին: Մյուս բոլոր ցուցարարներն էլ այդ կնոջը խորհուրդ տվեցին 1000 դրամով չծախվել ոստիկաններին: «1000 դրամը, որ վերցնում ես, վեր ընկիր քո տանը ու մի գիժ-գիժ դուրս տուր»,- ասաց ցուցարարներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել