Կրոնական համայնքների մասին օրինագծի ընդունումը միանշանակորեն չի կարող ազդել մի շարք եկեղեցիների պատկանելության վերաբերյալ վրացական եւ հայկական եկեղեցիների վեճի լուծման վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: «Պարզապես հայկական եկեղեցին ընտրություն է կատարել՝ գրանցվել ոչ թե որպես հասարակական կազմակերպություն, այլ կրոնական կազմակերպություն, ինչն իրենց թույլ կտա տեխնիկապես ավելի հեշտ ձեռք բերել, ընդգծում եմ, ձեռք բերել սեփականություն, ունենալ նոր տաճար կամ տաճար, որն արդեն կար, եւ ձեւակերպել այն կրոնական կազմակերպության անունով: Դա նրանց համար շատ կարեւոր էր, իսկ մեզ համար կարեւոր էր այն, ինչ կարեւոր էր իրենց համար. ոչ միայն հայ համայնքի, այլեւ կաթոլիկ համայնքի, բապտիստական համայնքի, ցանկացած համայնքի համար»,- նկատել է Բոկերիան: