Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ» պաշտոնյաները՝ սեւ ցուցակում

Հուլիս 15,2011 00:00

\"\"Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը երեկ ներկայացրեց վերջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրողների ցուցակը:

1. Մանուկ Վարդանյան (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար)

Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե այժմ ՀՀ-ում որքա՞ն երթուղային տաքսիներ են գործում եւ ե՞րբ դրանք կհամալրվեն նորերով: Հարցումը մնացել է անպատասխան:

22.06.2011թ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի (ԻԱԿ) նույնաբովանդակ հարցումը եւս մնացել է անպատասխան:

2. Սեյրան Օհանյան (ՀՀ պաշտպանության նախարար)

Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ. ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան:

22.06.2011թ. ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան:

3. Արմեն Երիցյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել ԻԱԿ-ի 25.05.2011թ. հարցումը, որով խնդրել էր տրամադրել, թե կա՞ն, արդյոք, նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ., եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

4. Արթուր Գեւորգյան (Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ)

Արթուր Գեւորգյանն անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ. Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի՞ մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են:

5. Արմեն Թադեւոսյան («Համալսարանականներ» համատիրության նախագահ)

Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ. կրկնակի հարցումը:

6. Արման Խաչատուրյան («ՀայՓոստ» ՓԲԸ արդեն նախկին գլխավոր գործադիր տնօրեն)

«Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ. դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում «Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել