Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հուլիս 15,2011 00:00

«Գարեգին, դու կյանք ես հարակեզ, դու պատմություն ես մարդկային»

Նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ կայացած առաջին նիստում հանձնաժողովի նախկին նախագահ Գարեգին Ազարյանը դարձյալ միաձայն ընտրվեց ԿԸՀ նախագահ: Նա առաջադրված միակ թեկնածուն էր, իսկ առաջարկողը Արմեն Սմբատյանն էր: Ի դեպ, վերջինս էլ միաձայն ընտրվեց ԿԸՀ քարտուղար: ԿԸՀ նախագահի տեղակալ, նույնպես միաձայն, ընտրվեց Լաուրա Գալստյանը: Հիշեցնենք, որ Գարեգին Ազարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է 2003 թվականից։ Այս անգամ նա առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից, եւ դեռ առաջադրման փուլում ի պատասխան լրագրողների հարցի՝ ԿԸՀ նախագա՞հ, թե՞ անդամ լինելու ցանկություն ունի, զարմացել էր՝ «Իսկ Դուք կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ մնալ միայն ԿԸՀ անդամ»։ Այսպիսով, առաջիկա յոթ տարիներին էլ Ազարյանը կղեկավարի ԿԸՀ-ն: Սա, ենթադրաբար, նախորդ տարիներին նրա մատուցած ծառայությունների գինն է: Եվ ոչ միայն նրա. ԿԸՀ-ի նորանշանակ 7 անդամներից 4-ը նախկինում մասնակցել են ընտրական գործընթացներին: ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակն էր, Սիլվա Մարկոսյանը՝ թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, Արմեն Սմբատյանը՝ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալը: Անկասկած՝ փորձառու մասնագետներ են, կեղծարարության տեխնոլոգիաների լավագույն գիտակներ: Թոփ քառյակում առաջին հորիզոնականը եղել եւ մնում է Ազարյանինը: Ստացվում է, որ Ազարյանը մեր միակն ու անկրկնելին է, նրա նմանը չկա:

Ընդհանրապես, ՀԱԿ-ի հետ հնարավոր երկխոսության ֆոնին իշխանությունը բավականին հետաքրքիր մթնոլորտում եւ ձեւով ձեւավորեց ընտրություններ կազմակերպող, դրանց համար պատասխանատու բարձրագույն մարմինը: Այս առիթով ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Կատարվածը խայտառակություն է, բայց հեչ տարօրինակ չէ, որովհետեւ ամեն ինչը շատ համահունչ է այս ռեժիմի պատկերին: Կատարվածը նաեւ ապացույցն է, որ որեւէ երկխոսություն, բաց կամ փակ դիալոգ կամ բանակցություն որեւէ արդյունքի չի կարող բերել, եթե այն ամրապնդված չէ հասարակության պարտադրանքով: Հասարակության ցասումը տարեսկզբին կասեցվեց, մղվեց մարման, եւ այս հողի վրա տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը որեւէ մտադրություն չունի առաջընթաց քայլ անելու, մասնավորապես այս ոլորտում: Երեկ հնչեց ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանի ելույթը, որտեղ ասվում էր, որ առաջիկա ընտրությունները եւս մի չափանիշ են դառնալու Հայաստանի իշխանությունների՝ դեպի ժողովրդավարություն քայլերի առումով: Կարծում եմ, որ ԿԸՀ-ի նման ձեւավորումը ցույց է տալիս, որ որեւէ քննություն այս ուղղությամբ իշխանությունը չի բռնելու»:

Իսկ Էդգար Շաքիրյանը, ով մասնակցել էր ԿԸՀ անդամի թեկնածության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթին, երեկ «Առավոտի» հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց մրցույթից: Ըստ նրա, հարցազրույցի երկրորդ մասում, որը վերաբերել է քաղաքական չեզոքության ապահովմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, ՄԻՊ-ի կողմից հնչած հարցադրումները բավականին կանխակալ են եղել: Իրավաբանական թեմատիկայի տեսանկյունից, մեր զրուցակցի փաստմամբ, խնդիրներ չեն եղել, ընդհանուր վերաբերմունքն էլ բավական նորմալ է եղել: Հիշեցնենք, որ 18 թեկնածուներից, ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության, 2-ը հարցազրույցի փուլը չէին հաղթահարել՝ ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել էին, 4 թեկնածու պատշաճ չէին հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չէին հաղթահարել նաեւ «մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու»: Էդգար Շաքիրյանի հնարավոր հետագա գործունեությունը ԿԸՀ-ում կապվել է ներկայիս գործունեության հետ: Վերջինս դասավանդում է Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Շաքիրյանը բավարարելով ՄԻՊ-ի հետաքրքրասիրությունը՝ տեղեկացրել է, որ էթիկայի կանոններից ելնելով՝ ինքն իր ֆակուլտետի դեկանին տեղեկացրել է մրցույթին մասնակցության իր որոշման մասին եւ պարզաբանել, որ մրցութային փուլը հաղթահարելու պարագայում պատրաստվում է շարունակել մանկավարժական գործունեությունը՝ օրենքով սահմանված կարգով: Արդյունքում «ժյուրին» որոշել է, որ Էդգար Շաքիրյանը քաղաքականապես կախյալ վիճակում է ֆակուլտետի ղեկավարությունից, վերջիններս կարող են «քաղաքական ճնշումներ» կիրառել Շաքիրյանի նկատմամբ: Այս ամենը մեր զրուցակիցը, բնականաբար, անտրամաբանական եւ արհեստածին է համարում, անգամ հումորով է վերաբերվում ՄԻՊ-ի մտավախություններին՝ «Թող ճնշում գործադրողը մեր ֆակուլտետը լինի»: Ամեն դեպքում, կատարվածը Շաքիրյանին հիմք չի տալիս ՄԻՊ-ի հետ, ով ժամանակին նույնպես աշխատել է նույն ֆակուլտետում, անձնական հարթությունում խնդիրներ ունենալու: Մինչ համալսարանում դասավանդելը՝ 2002 թվականից, Շաքիրյանը երեք տարի աշխատել է նախագահի աշխատակազմում: ՄԻՊ գրասենյակի Հեղինե կամ Հերմինե անունով աշխատակիցը Շաքիրյանին ասել է, որ իր պրակտիկ գործունեությունը շատ կարճ է: Սա եւս մեր զրուցակիցը համարում է կանխակալ մոտեցում. նախ այն, որ գնահատական է տվել ոչ թե պաշտպանը, այլ ինչ-որ աշխատակից, այն էլ՝ հարցազրույցի արդյունքները դեռ չամփոփած, եւ մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ այդ մրցույթի արդյունքում ի վերջո «հաղթեցին» Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը: Աիդա Մուրադյանը 23 տարեկան էր, 2007-2009 թվականներին աշխատել էր «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 25-ամյա Ռոզա Ստեփանյանը 2009 թվականից մինչ օրս է աշխատում նույն ընկերությունում որպես իրավաբան: «Դիֆենս» ընկերության տնօրենը 2008-2011 թվականներին եղել է մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը: Միայն Ռոզա Ստեփանյանը որոշակի փորձ ունի ընտրությունների անցկացման ոլորտում` 2007թ. մայիսին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական եւ 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ գործարքային հիմունքներով նա աշխատել է որպես ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների թարգմանիչ: Պաշտպանի փայլուն ընտրության արդյունքը եղավ այն, որ 2-3 օր հետո աղջիկներն ինքնաբացարկ հայտարարեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել