Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է

Հուլիս 15,2011 00:00

Ադրբեջանի ղեկավարները իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջեւ, կարելի է ասել՝ ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են. երեկ Լոնդոնում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ ուղղակի անհնար է»,- ըստ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության, շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում ունեցած ծավալուն ելույթում հակադարձելով ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ պաշտոնական Բաքվի վերջին հայտարարություններին:

2007 թվականի նոյեմբերից մինչեւ 2011 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում, ըստ նրա, ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ. «Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչեւ վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել՝ այն էլ որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում»:

«Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թվականի հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թվականի հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թվականի մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թվականի դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից  տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ՝ 2011 թվականի հունիսին, Կազանում»,- մանրամասնել է Հայաստանի արտգործնախարարը:

«Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա: Իսկ նրանց, ովքեր Եզրափակիչ ակտում կարդում են այն տողերը, որոնք իրենց դուր են գալիս, եւ չեն բարեհաճում կարդալ մինչեւ վերջ, կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Եզրափակիչ ակտում ընդգծվում է, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է»:

«Իհարկե, կարեւոր է նաեւ, որ դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքն է՝ որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել