Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Հուլիս 15,2011 00:00

Ընդամենը օրեր առաջ էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների ու դատախազների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե նոր գաղափարների եւ մոտեցումների միջոցով պետք է որակապես փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Շատ ճիշտ դիտարկում է, միայն թե՝ ինչպես միշտ, մեր իշխանությունների խոսքն ու գործը էապես են իրարից տարբեր:

Մեր երկրում արդարադատությունն իրականացվում է ընտրովի՝ շարքային քաղաքացիների համար դա անհասանելի շռայլություն է, պաշտոնյաների եւ զոռբաների համար՝ ընդամենը տեխնիկայի, զանգի կամ զբաղեցրած սոցիալական դիրքի խնդիր: Եվ այդուամենայնիվ, թե որքանով են Սերժ Սարգսյանի խոսքերն ու հանձնարարականները տեղ հասնում՝ շատ հեշտ է պարզել, թեկուզ այն մի գործով, որի շուրջ մամուլում հրապարակումների շարք է եղել: Խոսքը Երեւանի բնակիչ, Տպագրիչների 9 հասցեում գործող «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ի մեծածախ խանութում որպես մենեջեր աշխատած մի քաղաքացու՝ Մամիկոն Այվազյանի (որն անձամբ ինձ համար հարազատ մարդ է- Ն. Մ.) սպանության մասին է: Մամուլի մի հրապարակմամբ այդ սպանությունը կապվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վոլոդյա Բադալյանի անվան հետ, հետո պարզվեց, որ նա կապ չունի այդ ողբերգության հետ, կապ ունի նրա եղբայրը: Իսկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի վերջին կամ հունիսի առաջին օրերին, երբ ներկեր, լաքեր ու շինարարության համար օգտագործվող այլ ապրանքների մեծածախ վաճառք իրականացնող խանութի մենեջերին՝ Մ. Այվազյանին, զանգել էին խանութի գործընկեր շինարարական ընկերություններից մեկից, որի տնօրենը Վոլոդյա Բադալյանի եղբայրն է՝ Գագիկ Բադալյանը: Նախ ներկայացնենք այն, ինչ «Առավոտի» հետ զրույցում պատմեցին դեպքի մանրամասներին քաջատեղյակ մարդիկ: Նրանց մատուցմամբ, «Քրաուն Քեմիքալը» ապրանքներ է մատակարարում տարբեր կազմակերպությունների, որոնք նախապես հաշիվ-ֆակտուրայով ապրանքների ցանկ են ներկայացնում եւ համապատասխան վճարում անելուց հետո ստանում են դրանք: Միջադեպի օրը Գ. Բադալյանը, որը սպասվածին հակառակ՝ խանութից իր պահանջած ապրանքները չի ստացել, իսկ «գործը կանգնել» է, զանգել է խանութի մենեջերին՝ Մ. Այվազյանին, ճշտելու, թե ինչու ապրանքը չի ուղարկվում: Վերջինս էլ զարմացել է, թե ի՞նչ ապրանքի մասին է խոսքը, արդյոք ընկերությունը հաշիվ-ֆակտուրան ուղարկե՞լ է, գումարը փոխանցե՞լ է, որ ապրանք է պահանջում, որովհետեւ իրեն ոչ մի փաստաթուղթ չի փոխանցվել: Ըստ մեր աղբյուրների, փոխանակ լսելու եւ խնդիրը պարզելու՝ Գ. Բադալյանը կարճ է կտրել՝ շատ չե՞ս խոսում, ապրանքս ուղարկի, ու հայհոյել է, ինչին 50-ամյա մենեջերը պատասխանել է՝ «այ, դվարնյաշկա, գործ անող մարդ ես, էդպե՞ս ես հետս խոսում, ես ասում եմ՝ չգիտեմ ինչ ապրանքի մասին է խոսքը, դու հայհոյո՞ւմ ես»: «Հեսա կգամ՝ կխոսանք»,- հեռախոսի այն կողմից պատասխանել է Գ. Բադալյանը: Ի դեպ, ասում են, որ այդ պահին նրա աշխատասենյակում բարձրախոսը միացված է եղել, եւ ներկաները լսել են այդ խոսակցությունը: Բադալյանը խանութ, իհարկե, չի գնացել, այլ ուղարկել է իր աշխատողներին, որոնց Այվազյանը չի սպասել: Եկել են մի երեք-չորս հոգի եւ առանց բացատրություններ պահանջելու դաժանորեն ծեծել են Այվազյանին: Թիկունքից առաջին հարվածը ստանալուց հետո Այվազյանի ոտքը դիպել է արգելափակոցին եւ վայր է ընկել: Դե, ընկած մարդուն 3 տղամարդ ոնց կծեծեն՝… պատկերացնում ենք: Խանութի բանվորներից երիտասարդ ու փոքրամարմին մի աշխատող փորձել է միջամտել, ու մի հարված էլ, ասում են, նա է ստացել: Մարդիկ իրենց գործն արած համարելով՝ հեռացել են, իսկ խանութի աշխատողներից մեկն իր մեքենայով Այվազյանին օգնել է տուն հասնել: Տանը նա ոչինչ չի ասել, բժշկի չի դիմել, որ հարցեր չառաջանան, ու տանեցիք չանհանգստանան. նրանց ասել է, թե ոտքն է ոլորվել: Մարմնի վնասվածքները ընտանիքից թաքցնելու համար մեկնել է ամառանոց, ընկերներից մեկը հեքիմ կոչված մեկին է բերել, որը Այվազյանի մոտ ոտքի ճաք է արձանագրել եւ օգնություն ցույց տվել: Վատ է զգացել, բայց մտածել է՝ դե, ծեծել են, մի քիչ կցավի, կանցնի, կգնա: Շուրջ 2 շաբաթ անց, երբ նույն հեքիմը եկել եւ արձակել է ոտքի վիրակապը, թվացել է, թե ամեն ինչ նորմալ է, բայց հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, սկսել է շնչահեղձ լինել, ու նրան ստիպված են եղել տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մեկ օր անց Մ. Այվազյանը մահացել է. մահվան վկայականում նշված է եղել ոտքի վնասված լինելը, նաեւ, թե՝ Այվազյանի մահը վրա է հասել ոտքի մակարդուկի՝ «տրոմբի» սիրտ բարձրանալու հետեւանքով, իսկ որ ծեծի հետեւանքով նրա երիկամներն են արգելակված եղել՝ ոչ մի խոսք չի եղել:

Առաջինը, ով Այվազյանի մահվան առնչությամբ կասկածներ է ունեցել եւ ահազանգել է ոստիկանություն, եղել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ էին հասել: Մ. Այվազյանը 1988-89թթ.-ներից ի վեր այդ կուսակցության անդամ էր: Նրա դին դիահերձարանում է եղել, երբ Մաշտոցի ոստիկանությունից տուն են զանգել ու հարազատներին հրավիրել են ոստիկանության բաժին: Այստեղ է պարզ դարձել, որ Այվազյանի դին կենտրոնական դիահերձարանում է, որովհետեւ նրա սպանության մասին ահազանգ է ստացվել, եւ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Մեր հասարակությունը համար, որի անդամներից յուրաքանչյուրն անձամբ իր համար այս երկրից ու իշխանություններից արդարադատություն է պահանջում, ինչպես այլ դեպքերում, այս մի պարագայում էլ նախընտրում է լռել՝ «շառից հեռու» կարգախոսով: Ու թեեւ «Քրաուն Քեմիքալի» բոլոր աշխատակիցները՝ տնօրեն Վարդան Լազարյանից սկսած, մինչեւ բանվորներն ու վարորդները, իրականում տեղի ունեցածի մասին գիտեն, սակայն լռում են. վախենում են գործ ունենալ Ռոբերտ Քոչարյանի խնամու հետ: Այս իմաստով օրինաչափությո՞ւն, թե՞ զուգադիպություն էր այն, որ Այվազյանի հուղարկավորությունից հետո ընկերության երկու աշխատակիցներ, ովքեր տեղյակ էին միջադեպի մանրամասներից, արագորեն ազատվել են աշխատանքից, դժվար է ասել: Ըստ մեր աղբյուրների, «Քրաուն Քեմիքալի» տնօրենը դեռ միջադեպից հետո, երբ իմացել է, թե ում հետ գործ ունեն, զանգել է Գ. Բադալյանին եւ «Մամիկոնի կոպիտ պահվածքի համար» ներողություն է խնդրել, բայց վերջինս դա չի ընդունել՝ ասելով, թե ներողությամբ չեք պրծնի, սա դեռ սկիզբն է: Իսկ մահանալուց հետո ԱԺ-ից են զանգել ընկերություն, եւ ինչ-որ մեկը տնօրենին խնդրել է զանգել իրեն:

«Առավոտը» երեկ զրուցեց ե՛ւ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի, ե՛ւ նրա եղբոր՝ Գագիկ Բադալյանի հետ: Վերջիններս նախ ցավակցություն հայտնեցին Այվազյանի ընտանիքին: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա Գ. Բադալյանն ասաց, թե դեմ չէ, որ տեղի ունեցածի մասին իրականությունը հրապարակվի, նաեւ հերքեց, թե իր եւ Մ. Այվազյանի միջեւ որեւէ հայհոյախառն լեզվակռիվ է եղել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, անուն-ազգանունն էլ չգիտեմ, ես ընդհանրապես նրա հետ չեմ խոսել: Չգիտեմ էլ. երբ ինձ զեկուցեցին, որ ապրանքը չի գալիս, ես հանձնարարել եմ զանգել ու ճշտել, թե՝ ինչո՞ւ: Հետո ինքս եմ զանգել ընկերության տնօրենին եւ ասել եմ՝ չէ՞ որ մենք նորմալ աշխատել ենք, գումարը փոխանցված է, ինչո՞ւ ապրանքը չեք ուղարկում: Ինքն ասաց՝ կպարզի: Հետո ետ զանգեց ու ներողություն խնդրեց, թե ամեն ինչ հարթված է: Ես էլ ասացի՝ ներողությունը ո՞րն ա, մենք նորմալ աշխատում ենք: Եվ այդ մարդը, կարծեմ, նույն, թե հաջորդ օրը բարեխղճորեն ապրանքն ուղարկել էր: Ես ո՞ւմ հետ պիտի բանավիճեի: Հազար տեսակի ապրանք ենք ստանում, ի՞նչ եք կարծում՝ ես գլխավոր տնօրեն լինելով՝ անձամբ կզանգեի՞ իմանալու՝ ի՞նչ, ո՞նց եղավ: Մարդիկ, տեղակալներ, համապատասխան աշխատողներ կան, որոնք դրանով զբաղվում են, ապրանքն էլ մեծ ապրանք չէր, բայց էդ օրը պետք էր: Մարդիկ գնացել են խանութ, ետ են եկել, ինձ չեն էլ ասել, որ էսպիսի քաշքշոց է եղել»: Գ. Բադալյանը հավաստիացրեց, թե ինքը թիկնապահներ չունի ու դրա կարիքը չունի, որովհետեւ քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ մեկի ճանճին էլ քշա չի ասել. «Խոսակցությունը եղել է իմ վարորդի՝ Արթուրի հետ: Ասել եմ՝ մի հատ հասկացեք, թե ինչու ապրանքը չի գալիս: Գնացել են, ապրանքը բերել են, ու այդքանով իմ գործառույթը սահմանափակվել է: Ես այլ կարգի խոսակցություն որեւէ մեկի հետ չեմ ունեցել: Ես խոսել եմ տնօրենի հետ, եւ թեման փակվել է»:

Միջադեպի մասին Գ. Բադալյանը, իր ասելով, իմացել է օրեր անց, երբ հուլիսի 11-ին, վերադարձել է Երեւան, ու երբ Այվազյանին արդեն հուղարկավորած են եղել, սկսել է պարզել, թե ինչ է եղել: Գ. Բադալյանին իր վարորդ Արթուրը դեպքերն այսպես է ներկայացրել, որին նա հակված էր հավատալ. գնացել ենք ապրանքի ետեւից, լեզվակռիվ, քաշքշոց է եղել. «Ես չեմ ուզում նրանց փոխարեն այս հարցերին պատասխանել: Տղաներից երկուսին ես ընդհանրապես չեմ ճանաչում, նրանք իմ աշխատողները չեն, ուղղակի միասին են գնացել: Ես գիտեմ, որ քաշքշոց է եղել, ծեծկռտուքի մասին ընդհանրապես տեղյակ չեմ եղել: Ես անձամբ չեմ կարծում, որ մահվան փաստը այդ միջադեպի հետ է կապված: Կատարվածը ո՞նց է եղել՝ չգիտեմ: Դեպք է՝ եղել է: Նախաքննություն է գնում, շատ լավ կլինի, որ քննությունը դա պարզի: Բայց ես իմ ցավակցությունն եմ հայտնում այդ տղայի ընտանիքին եւ հավաստիացնում եմ, որ ես, եղբայրս իսկապես հեռու ենք նման բաներից: Մենք էն մարդիկ չենք, որ նման բաների մեջ ներգրավվենք: Թող ամեն ինչ օրենքով լինի: Ես չեմ կարծում, թե այնքան ուժեղ եմ, որ նման հարցը կարող եմ իմ հովանու տակ առնել»:

Դեպքի առիթով ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («անզգուշությամբ մահ պատճառելը») քրգործ է հարուցվել: Գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը, որի քննիչ Սամվել Մաթեւոսյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ գործով քննչական գործողություններ կատարվում են, կան անձինք, որոնք հարցաքննվում են, կալանավորվածներ չկան, ու երբ ապացույցները բավարար լինեն՝ համապատասխան մեղադրանք կառաջադրվի: Դա պարզ կլինի, թերեւս, հաջորդ շաբաթ: Հուսանք, որ այս մի գործը հերթական ծածկադմփոցը չի լինի. համենայնդեպս, ոստիկանության պաշտոնյաները խոստացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել