Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հուլիս 15,2011 00:00

\"\"Այս կարծիքը հայտնեց «Սաբահ» օրաթերթի սյունակագիր Յավուզ Բայդարը, ըստ որի՝ տեսանելի ապագայում հայ-թուրքական  հարաբերությունների առումով չեն լինի տեղաշարժեր:

«Սաբահ» օրաթերթի սյունակագիր Յավուզ Բայդարը «Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն եւ մեդիա քննարկումներ» համաժողովի ընթացքում գնահատելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները՝ ասաց, որ 2002 թվականից հետո քվեարկության համար բնութագրիչները չեն փոխվել՝ մարդիկ շարունակում են քվեարկել կայունության եւ աստիճանական սահուն փոփոխությունների համար, եւ այդ պատճառով էլ յուրաքանչյուր երկրորդ քվեարկողն իր ձայնը տվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը բնութագրեց իբրեւ մահմեդական ժողովրդավարների համախմբում: «Սա քաղաքական ուժ է, որն ուժեղ տնտեսություն է վարում,- գնահատեց Յավուզ Բայդարը:- Այս կուսակցության օգտին քվեարկել է ուժեղացած միջին դասը, որը ցանկանում է պահպանել ձեռք բերածը»: Ըստ նրա՝ իշխող կուսակցությունը նաեւ ընդդիմադիր է Թուրքիայի հին ամբողջատիրական կարգերին:

Սյունակագիրը գովեստի խոսքեր չխնայեց նաեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իրականացրած արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ այն բնորոշելով իբրեւ «պրագմատիկ»: Եվ խոսելով, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերաբերյալ՝ ասաց. «Անկասկած, հիմնական դերակատարը մնալու է Էրդողանը»: Ըստ նրա՝ Գյուլի դերն այս ընտրություններից հետո թուլացավ կուսակցության մեջ. «Սակայն Գյուլը շարունակելու է մնալ առանցքային դերակատարներից մեկն առաջիկա տարիներին»: Յավուզ Բայդարի գնահատմամբ՝ խնդիրներ կան, որոնց նկատմամբ վերաբերմունքը միավորում է Գյուլին եւ Էրդողանին՝ ինչպես, օրինակ, քրդական հարցն է. «Բայց այնպիսի խնդիրները, ինչպիսին, ասենք, Հայաստանն է, ըստ երեւույթին՝ բաժանում է նրանց»: Նշեց նաեւ, որ չնայած Գյուլը թուլացել է կուսակցության խորհրդարանական հատվածում՝ «Նա մեծ ժողովրդականություն ու հարգանք է վայելում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ազգային կառույցներում՝ մարզերում»:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով որոշ վերլուծաբանների առայժմ չիրականացած այն կանխատեսումներին, թե ընտրությունների ավարտից հետո Էրդողանը վերստին կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Յավուզ Բայդարն ասաց. «Ես չեմ տեսնում, թե այդ կապակցությամբ որեւէ տեղաշարժ կամ քայլ կլինի առաջիկա ապագայում, համենայնդեպս՝ ոչ մինչեւ այս տարվա վերջ: Շատ զարմանալի կլինի, եթե այլ բան լինի, քանի որ օրակարգը շատ լեցուն է հարցերով՝ սահմանադրություն, քրդական խնդիր: Քաղաքական օրակարգը զբաղեցված կլինի Եվրոպական միությանն անդամակցության առաջընթացի զեկույցով եւ այս կարգի զարգացումներով: Ես չեմ կարծում, թե Էրդողանը որեւէ հրատապություն է տեսնում այս առումով: Եվ գուցե միայն հաջորդ տարվա հունվարից հետո մենք կարող ենք տեսնել որոշ նշաններ»:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի առնչությամբ նա հիշատակեց, թե կառավարությունը ծրագրում է շարունակել իրականացնել հանձնառությունները. «Սակայն Կիպրոսի խնդիրն ավելի առանցքային է, քան Հայաստանը եւ այլ հարցերը, որոնք կանգնած են Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության միջեւ»: Իսկ մեր դիտարկմանն ի պատասխան, թե կան վերլուծություններ, որ եթե որեւէ տեղաշարժ լինի ԵՄ-ին անդամակցության առումով՝ սա անդրադարձ կունենա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ Յավուզ Բայդարը դարձյալ պնդեց. «Առանցքային խնդիրն այժմ Կիպրոսն է: ԵՄ նախագահությունը հաջորդ հուլիսից ստանձնում է Կիպրոսը: Ուստի սա շատ բարդ խնդիր է այժմ: Թուրքիան ցանկանում է արագացնել անդամակցության գործընթացը, եւ արտգործնախարարության էներգիայի մեծ մասը տրամադրվում է միջազգային հանրության՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի ներգրավմանը Կիպրոսի խնդրում: Այդ պատճառով էլ առաջիկա ամիսներին ուշադրության կենտրոնում լինելու է Կիպրոսը»:

Նա թվարկեց, թե Թուրքիայի հանրային կյանքում ինչ խնդիրների վերաբերյալ է ընթանում բանավեճ, եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացակայում էր այդ ցանկից: Ըստ պրն Բայդարի, այդ խնդիրներն են՝ հոգեւորի սահմանաչափը քաղաքական կյանքում, քաղաքացիական հսկողությունը զինուժի նկատմամբ, էթնիկ խմբերի դերը եւ սահմանաչափը քաղաքական կյանքում եւ խոսքի ազատությանը, իշխանական ուժերի միջեւ հակակշիռներին վերաբերող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել