Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերոնք Ուկրաինայում. ֆանտաստիկ մեկնարկ ու բազում ակնկալիքներ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Շաբաթ օրը երեկոյան մեկնարկում է Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրը: Ու ոչ միայն ուկրաինացի, այլեւ՝ հայ ֆուտբոլասերների համար այս տուրում կենտրոնականը Դոնեցկի երկու թիմերի՝ «Մետալուրգի» եւ «Շախտյորի» դերբին է, խաղ, որում, ըստ ամենայնի, դաշտում միմյանց դեմ դուրս կգան Հայաստանի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ. «Շախտյորում»՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Մետալուրգի» կազմում՝ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանն ու Մարկոսը:
Չնայած «Մետալուրգում» մերոնց թվային «գերակշռությանը», ֆուտբոլային վիճակագրությունը հանքափորների օգտին է: Ուկրաինայի առաջնությունում միմյանց միջեւ անցկացրած 28 խաղերում գրանցվել է հանքափորների 26 հաղթանակ ու ընդամենը երկու ոչ-ոքի: Գնդակների տարբերությունն էլ համապատասխան է՝ 67:16, բնականաբար, կրկին «Շախտյորի» օգտին: Ի դեպ, գավաթային հանդիպումներում առավելությունը «Մետալուրգինն» է, սակայն անգամ դա ընդհանուր վիճակագրության պատկերը չի փոխում:
Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում մեր ֆուտբոլիստների երկու թիմերն էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ: Ավելին, մեր հավաքականի տղաներն իրենց արժեքավոր ներդրումն ունեցան հաղթական մեկնարկի հարցում:
Երկրի չեմպիոն «Շախտյորը» սեփական հարկի տակ 4:0 խոշոր հաշվով պարտության մատնեց Կիեւի «Օբոլոնին». տանտերերի կազմում երրորդ գոլն իր անվան դիմաց գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս համար, ի դեպ, ակումբի ղեկավարությունը անակնկալ էր պատրաստել: Հանդիպումից առաջ «Շախտյորի» լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Յաշենկոն Մխիթարյանին հանձնեց անցած առաջնությունում ակումբի «Լավագույն գոլի հեղինակ» մրցանակը՝ 2010թ. սեպտեմբերի 22-ին «Կրիվբասի» դարպասը խփած գոլի համար: Մխիթարյանն ընտրվել էր ակումբի ինտերնետային կայքում երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում: Իսկ թիմի «Լավագույն խաղացողի» մրցանակն ստացավ Յարոսլավ Ռակիցկին:
Ինչ վերաբերում է «Մետալուրգին», այն, ի տարբերություն չեմպիոնի, Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում ավելի համեստ հաշվով հաղթանակ տոնեց, սակայն հայ երկրպագուների համար այս հաղթանակը պակաս արժեքավոր չէր, քանի որ միակ ու հաղթական գնդակի հեղինակը մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ էր՝ Մարկոսը: «Չերնոմորեց»-«Մետալուրգ» հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Մարկոսը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգեւելով իր նոր թիմին:
Ասենք, որ մեր երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են այդ հանդիպմանը: Մարկոսն ու Գեւորգ Ղազարյանը մեկնարկային կազմում էին, իսկ Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մրցավարի ավելացրած ժամանակում՝ փոխարինելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել