Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Այսօր Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի մեկնարկային խաղում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Նորվեգիայի «Վոլերենգա» թիմի հետ:
«Միկան» հայ ֆուտբոլասերների վերջին հույսն է եվրագավաթների այս տարվա խաղարկությունում: Մեր մյուս երկու թիմերն արդեն լքել են Եվրոպայի լիգայի մրցաշարը, իսկ «Փյունիկը», որ տանը 0:4 խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի «Վիկտորիային», պատասխան խաղից առաջ գրեթե լիովին լուծել է Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս մնալու հարցը:
Ինչ խոսք, որ հաջողություն ենք մաղթում «Միկայի» գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովին եւ նրա սաներին: Բայց որքանո՞վ է դա իրականանալի: Օրերս «Armsport.am»-ն անդրադարձել էր մի խնդրի, որը, իսկապես, կարող էր մտահոգել ֆուտբոլասերներին: Բանն այն է, որ մեր ակումբը ոչ մի մարզչի չի գործուղել ապագա մրցակցի պաշտոնական վերջին հանդիպումներին ներկա լինելու եւ տեղում նրա խաղին հետեւելու: Ի պատասխան այս հարցադրման, «Միկա» ակումբից պատասխանել էին, թե այս անգամ նպատակահարմար չի համարվել մասնագետ գործուղել, որովհետեւ «Վոլերենգայի» մասնակցությամբ խաղերը եւ տեսագրությունները մատչելի են: Առավել եւս, որ նորվեգական այս թիմի մրցելույթները արբանյակային կապով դիտելու հնարավորություն կա, եւ ակումբն իր տրամադրության տակ ունի ընթացիկ առաջնությունում «Վոլերենգայի» վերջին երեք խաղերի ամբողջական տեսագրությունները, որոնք ուսումնասիրվում ու վերլուծվում են:
Ինչպես ասում են, տա Աստված, որ մեր գոնե այս ակումբի համար մեկնարկը վերջաբանի չվերածվի:
Այսօր ամեն ինչ կպարզվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել