«Ոսկե ծիրանի» շրջանակներում այս օրերին Հայաստանում է ուկրաինահայ ռեժիսոր, ծագումով ղարաբաղցի Ռոման Բալայանը: Երեկ նա հանդիպեց լրագրողների հետ:
Ինչպես նշեց՝ օրն իր համար վատ էր սկսվել. «Դեռ քնած եմ: Չգիտեի, որ պետք է լրագրողներին հանդիպեմ: Արթնացել եմ ասուլիսի մասին զանգով»: Ռ. Բալայանը չնայած լավ խոսում է հայերեն, բայց նախընտրեց հարցերին պատասխանել ռուսերեն՝ բացի «ցավդ տանեմ» եւ «հա ջան» արտահայտություններից:
«Ոսկե ծիրանի» հոբելյանական երեկոներից մեկը նվիրված է Ռ. Բալայանի 70-ամյակին: Ներկայացվելու է Ռ. Բալայանի ֆիլմերի ռետրոսպեկտիվը, ընտրվել են ռեժիսորի «Համբույր», «Մենավոր գայլը», «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման» եւ «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» ֆիլմերը:
Կինոռեժիսորը խոստովանեց, որ հայկական կինոյի ներկա վիճակին ծանոթ չէ. «Հայկական ժամանակակից կինոյի մասին ոչինչ չգիտեմ: Երիտասարդ ռեժիսորներից ճանաչում եմ միայն Արամ Շահբազյանին: Չգիտեմ՝ հայկական կինեմատոգրաֆիայի իրավիճակն ինչպիսին է»:
Վերջերս Ռ. Բալայանին առաջարկվել է լինել Փարաջանովի մասին նկարահանվելիք ֆիլմի ռեժիսորը, սակայն նա հրաժարվել է. «Երբ ինձ համոզում էին ռեժիսորական աշխատանքն ինձ վրա վերցնելու, հետաքրքրվեցի, թե ովքեր են դերակատարները եւ ով է մարմնավորելու Փարաջանովին: Ասացին՝ դերասան Սերգեյ Գազարովը: Ես հիասթափվեցի, որովհետեւ նա Փարաջանով չի ու չի էլ կարող լինել: Առաջարկեցի ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանին: Նախկինում նրա մասին այլ կարծիք ունեի, թե «թիթիզ արմյանին» էր՝ ինձ պես»: Ռ. Բալայանը երկար տարիներ շփվել է Փարաջանովի հետ: Ասում է՝ հեշտ չի լինի խաղալ Փարաջանով. «Նա կյանքում ավելի հանճարեղ էր, բանաստեղծական, քան արվեստում: Ինքն իրեն հայտարարում էր հանճարեղ, եւ մարդիկ հավատում էին նրան… Նա ինձ համար հավասարակշռված խենթ էր, վտանգավորության հասնող ազատ մարդ»: