Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԴԻՄԵԼ Է ՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 14,2011 00:00

\"\"«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին գանգատ է ներկայացրել, որի բովանդակությունը տեղադրված է Տիմոշենկոյի պաշտոնական կայքում: Ստրասբուրգի դատարանին ուղղված նախկին վարչապետի գանգատը վերաբերում է 2011թ. մայիսի 24-ին իր կալանավորման անօրինականությանը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն: Հիշեցնենք, որ մայիսին Պեչորսկի դատարանը որոշում էր ընդունել նրան ձերբակալել եւ բերման ենթարկել Գլխավոր դատախազություն, բայց Տիմոշենկոն ինքն էր գնացել եւ ամբողջ օրն անցկացրել էր Գլխավոր դատախազությունում, որտեղ նրան «գազի գործով» մեղադրանք էր ներկայացվել: Նախաքննական մարմինը հրաժարվել էր նրան բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակել: Ուկրաինայի նախկին վարչապետը համարում է, որ այդ օրը ոտնահարվել է իր ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը: Տիմոշենկոյի կարծիքով, ուկրաինական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը:
Տիմոշենկոյի գանգատի ներածականում նշված է, թե նա «ամենաականավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է եւ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը խորհրդարանական հաջորդ ընտրություններում հաղթելու ռեալ հնարավորություններ ունի»:
ՄԻԵԴ-ում Տիմոշենկոյի շահերը պաշտպանող ներկայացուցիչները խարկովցի փաստաբաններ Արկադի Բուշչենկոն եւ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն են, որոնք նախկին վարչապետին պաշտպանելու են «գազային գործով» պրոցեսի ընթացքում: Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ համաձայնագիրը կնքելու ժամանակ իր պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ, որի համար նրան սպառնում է 7-10 տարվա ազատազրկում: Գործը լսվում է Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել