«Առավոտը» տեղեկացրել էր հունիսի 20-ին մեկնարկած Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի մասին: Օրերս Ազգային օպերային թատրոնում ներկա գտնվելով մրցույթի մրցանակաբաշխությանն ու գալա համերգին, կրկին համոզվեցինք, որ ունենք հայկական վոկալ դպրոցի հրաշալի ավանդույթների շարունակողներ:
Հետաքրքիր մի ինտրիգ ձեւավորվեց մրցանակների հանձնման ժամանակ. Ազգային օպերային թատրոնի տնօրինությունը, որպես պարգեւ, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի երկրորդ մրցանակի արժանացած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Տաթեւիկ Աշուրյանին (պրոֆեսոր Աննա Սարաջեւայի դասարան) հանձնեց իր հատուկ մրցանակը՝ թատրոնի մեներգիչների կազմում ընդգրկելու որոշումը: Հետաքրքրական է, որ թատրոնի տնօրինության ընտրությունը կանգ առավ ոչ թե առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած երգիչ-երգչուհու, այլ երկրորդ մրցանակակրի վրա:
Մի հանգամանք եւս. այս գարնանն անցկացված ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի մրցութային հանձնաժողովը ղեկավարող ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանն ու նրա գործընկերները այդպես էլ որեւէ երգչի չհամարեցին արժանավոր: Մինչդեռ այս մրցույթում, որի ժյուրիի աշխատանքները դարձյալ ղեկավարում էր պարոն Դավթյանը, հանձնախումբը «հայտնաբերեց» շնորհալիներին: Այս առիթով Յու. Դավթյանը մեզ հայտնեց հետեւյալը. «Ինքս կատեգորիկ չեմ կարող զուգահեռներ անցկացնել կամ համեմատել նախկինում նախագահի մրցանակի արժանացած Հովհաննես Ազիզյանին, Գեւորգ Հակոբյանին, Գուրգեն Բավեյանին, Հասմիկ Թորոսյանին՝ այս տարի մասնակցած որեւէ վոկալիստի հետ: Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան մեներգիչների մրցույթը ավելի մասսայական, դեմոկրատական միջոցառում է: Կոնկրետ իմ կարծիքով, նախագահի մրցանակի համար մրցույթում մի տեսակ պաշտոնականը շատ է»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գուցե հենց դա՞ է, որ ժյուրիի անդամներին պահել է զգաստ, Յու. Դավթյանը համաձայնեց՝ ընդամենն ասելով. «Համարեք այդպես, բայց տարբերակել է պետք հանրապետական ու «նախագահական» մրցույթները»: