«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Խորհրդային իշխանությունների անաստվածության պատճառով Աստված պատժում է սյունեցիներին» վերնագրով հայտարարություն է տարածել, ուր անդրադարձել է Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարին եւ դրանում կիսախորտակված եկեղեցուն:
«Երեկ «Facebook» սոցիալական ցանցում հայտնվեցին ցնցող լուսանկարներ, որոնցում պատկերված է Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված մի եկեղեցի: Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում՝ վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք: Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարները նախօրեին հրապարակել է «Ռեգնում» գործակալությունը՝ հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող իր խորագրի շրջանակներում: Ըստ հրապարակման՝ Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ եւ ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին:
Տոլորսի բնակիչները թղթակցի միջոցով խնդրանքով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի՝ եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Արդեն 40 տարի է՝ գյուղի այգիներից բերք գրեթե չի ստացվում»,- տեղեկացնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը եւ խնդրի վրա հրավիրում նաեւ սփյուռքահայ բարերարների ուշադրությունը՝ խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը: