ՈԿՖ-ի բանավանում բնակիչները նախագահին սպասեցին, բայց նա այդպես էլ չեկավ, փոխարենը մի քիչ ասֆալտ փռվեց ու մեկ ցուցանակ դրվեց:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզի Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» տեխնոլոգիան է ներդրվել: Ու մինչ ֆաբրիկայի բանավանի բնակիչները վիճում էին, թե երկրի նախագահը հատկապես որտեղ պետք է իրենց հանդիպի, ով ինչ հարց է տալու նրան, Սերժ Սարգսյանը եկավ-անցավ նրանց կողքով:
«Երկրի կարեւոր խնդիրները թողած՝ պիտի գա քեզ հետ հանդիպմա՞ն: Մարդավարի տեղ էլ չունենք երկրի նախագահին ընդունելու: Որտե՞ղ պիտի մեզ հետ հանդիպի՝ մանկապարտեզի՞, դպրոցի՞ դիմաց, թե՞ կիսաչոր այգում»,- ասում է Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի բնակիչ Արտավազդ պապը եւ մի պահ մտածում. «Երեւի չգիտի էլ, որ ստեղ մարդիկ են ապրում»:
Դեռ խորհրդային տարիներին ֆաբրիկայի աշխատողների համար կառուցված բանավանի բնակիչները երկար սպասեցին նախագահին: Բայց նախագահը եկավ եւ գնաց ֆաբրիկա՝ անցնելով բանավանի կողքով, առանց այնտեղ ապրողների հետ հանդիպելու: Բնակիչները տեսան միայն մեքենաների շարասյունը, փորձեցին կռահել՝ նախագահը որ մեքենայի մեջ կլինի, բայց չկարողացան:
«Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանն է, Սերժ Սարգսյանը պետք է առաջինն այցելեր ֆաբրիկայի աշխատողների բնակավայր, ծանոթանար մեր խնդիրներին, վիճակին: Ժողովուրդը կխոսեր բանավանում աշխատատեղերի բացակայության մասին: Միգուցե նա հետո գնար իր նստավայր, այդ հարցերի լուծման մասին մտածեր»,- ասում է բանավանցի Ալինա Ազիզյանը: Նա վստահ է, որ մարդիկ ուրախությամբ կդիմավորեին նախագահին, հետո էլ միշտ կհիշեին, որ տեսել են նրան եւ խոսել հետը: «Ամեն օր չի գալիս այս կողմեր: Մի օր էլ եկավ, բայց անտեսեց ժողովրդի՝ իրեն տեսնելու ցանկությունը»,- ասում է նա: Սա «կամուկացի» մեջ գցեց բնակիչներին: «Տեսնես անցնելիս որ էս շենքերը տեսավ, չմտածե՞ց, թե ովքեր են էստեղ ապրում, սա ի՞նչ վայր է»,- մտահոգվում է 51-ամյա Հրանուշ Մեսրոյանը եւ թվում այն հարցերը, որ կուզեր տալ նախագահին. «Ամենաառաջինը կհարցնեի՝ ժողովրդի վիճակը ե՞րբ ա լավանալու»: Տիկին Հրանուշը ասում է, որ նախագահը «մեր երկրի ամենագլխավոր մարդն ա: Ի՞նչ կլիներ, թող հասարակ ժողովրդին տեսներ, խոսեր հետները: Մենք էլ կուրախանայինք, ինքն էլ»: Իսկ 34-ամյա Հասմիկը տեսնում է՝ նախագահի այցը դրական տեղաշարժեր արձանագրեց. «Վերջապես ասֆալտապատվեց ֆաբրիկա տանող ճանապարհը: Որ նախագահը չգար, էսքան շուտ դժվար էլ դա անեին»: Երկաթգծի կայարանն էլ են բարեկարգել, ավելի ճիշտ՝ ներկել են բազրիքը: «Ամենակարեւորը, գոնե գնացքի կանգառում մի ցուցանակ են դրել՝ վրան բնակավայրի անունը գրված, թե չէ էս տարածքով անցնողը չի հասկանում՝ որտեղ է»,- ասում է նա: 20-ամյա Նարինե Բալայանն էլ մտածում է՝ նախագահի այցի հզորության մասին. «Գիտեին ո՛ր տարածքով է գալու, բարեկարգեցին: Ա՜խ մի հատ ցանկություն հայտներ մտնել Զոդ, այն ամբողջությամբ կբարեկարգեին»: