Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք՝ դատավորների դեմ

Հուլիս 14,2011 00:00

Քրեական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները կարելի է համարել չկայացած

Վերջապես կյանքի կոչվեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշումը, որը կարելի է համարել չկայացած: Բազմաթիվ դատապարտյալների դատավճիռների վերանայման դիմումները դատարաններից վերադարձան մերժված: Դատավորները նախապես խնամքով պատրաստել էին մի դաժան, չլսված ու չտեսնված ծրագիր, որի արդյունքում դատապարտյալին կրկին ու կրկին պահում են աքցանի մեջ՝ մարելով նրա բոլոր հույսերը, զրկելով վերջին շանսից, փակելով ազատության դուռն ընդմիշտ: Կատարվածը մի ստոր ու նենգ ակցիա էր, հաշվեհարդար, խաչաձեւ հարձակում էր դատապարտյալների վրա: Եվ այս ամենի թիկունքում կանգնած է կոռուպցիան, կաշառակերությունը: Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում իշխանական կառույցները, միթե այս ամենը նրանց «ներքին» հրահանգի արդյունք չէր, որովհետեւ դատարանների կոպիտ եւ աններելի սխալներն այնքան շատ էին, որ չէր կարելի չնկատել: Տվյալ անձի դեմ հարուցած հոդվածը, նրանում նշված կետերը մտնում են փոփոխությունների ցանց: Ի՞նչ է անում դատավորը. նա ուժը կորցրած է ճանաչում Քրօրի տվյալ հոդվածի այդ կետը կամ կետերը, մասը թողնում է անփոփոխ, որոշ դեպքերում նույնիսկ փոխում, իսկ պատժաչափը թողնում նույնը: Ո՞ւր մնացին այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե 1000-ից ավելի դատապարտյալների պատժաչափերը կթեթեւանան, թե կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը կպակասի: Մնաց թղթի վրա գրված, ամուր փակված չհրկիզվող պահարանում: Իրականում պատկերը նույնն է, նույն կարգավիճակը, նույն օրենսգիրքը՝ իր պատժելիության եւ գործած հանցանքի անհավասարազոր կերտվածքով: Այսինքն՝ չհստակեցվեց ոչ հանցանքը, ոչ էլ պատիժը: Սա եվրաստանդարտներին համապատասխան օրենսգիրք չէ, սա դատավորներին լայն հնարավորություններ տալու, կաշառակերությունը ծաղկեցնելու օրենսգիրք է: Հենց այս օրենսգրքի շնորհիվ խեղաթյուրվեցին մեր ճակատագրերը, քայքայվեցին մեր կիսավեր ընտանիքները: Այս օրենսգրքի շնորհիվ սկսվեց ամուսնալուծությունների տարափը, մուրացկանությունը դարձավ գոյության աղբյուր՝ դեռեւս մանկահասակ երեխաներին ներքաշելով այդ թշվառ վիճակի մեջ, որովհետեւ նրանք զրկված են իրենց օրվա մեկ պատառ հացից: Զրկված են աշխատող ձեռքից: Համատարած գործազրկությունը եւ աշխատատեղերի պակասը մարդուն հասցրեց դիմելու ամեն քայլի: Այս օրենսգիրքը մարդուն դարձրեց պոտենցիալ հանցագործ, հոգեկան հիվանդ, անարժեք մարդ, հասարակությանը ոչ պիտանի քաղաքացի:
Մենք՝ դատապարտյալներս, սկսել ենք ստորագրահավաք՝ ընդդեմ դատարանների եւ պահանջելու ենք, որ բոլոր մերժված դիմումները նորից վերանայվեն, չնայած դրանցից շատերը հիմա գտնվում են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Դրանք էլ այնտեղ կվերանայվեն:
Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մենք թակելու ենք եվրոպական կառույցների դռները: Դատապարտյալ լինելով հանդերձ, մենք չենք թողնելու, որ դատավորները՝ խիղճները գրպանները դրած, քարկոծեն մեզ, ոտնահարեն մեր իրավունքները՝ խարանելով մեր ճակատներն իրենց դաժան կնիքով: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ մեզ հետ է երկնային Տերը:

Դատապարտյալների անունից՝
ԺԻԼԲԵՐՏ ՄԱԼԽԱՍՅԱՆ
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել