Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հուլիս 14,2011 00:00

Թե ինչ պատահեց, երբ կին վարորդը բախվեց դատավորի «Չերիին»

2008թ. մայիսի 2-ին Անդրանիկի 51/1 փողոցում Սուսաննա Սիրեկանյանի «Օպել-Վեկտրա» մակնիշի 09 ԼՏ 965 պետհամարանիշի ավտոմեքենան բախվեց Աշոտ Աբովյանի «Չերի Ա-21» մակնիշի 09 ՕՏ 099 պետհամարանիշի ավտոմեքենային: Բախման ժամանակ չինական արտադրության մեքենան վարել է ԱՆ նախկին փոխնախարար Աշոտ Աբովյանի որդին՝ Արամ Աբովյանը: Թանկարժեք «Չերին» ապահովագրված էր «Սիլ Ինշուրանս» ընկերությունում:
«Չերին» երրորդ անգամ էր բախման ենթարկվում կին վարորդների կողմից:
Քանի որ վնասվել էր մեքենայի դիմային հատվածը, Ս. Սիրեկանյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, պարտավորվում է հոգալ նորոգման ծախսերը, տրամադրել վնասված պահեստամասերի գումարը: Պահեստամասերի ձեռքբերումը, Չինաստանից ներմուծումը եւ մեքենայի նորոգումը պետք է իրականանար «Նավերիկ» ՍՊԸ-ի («Արարատ-Լադա») միջոցով: Վնասի չափը հաշվարկվեց «Նավերիկի» կողմից՝ շուկայական գներով եւ կազմեց 476 250 ՀՀ դրամ:
«Տուժող» մեքենան բախվելուց հետո էլ դեռ երկու շաբաթ շահագործվել է:
«Շահագործման» 14-րդ օրը Ս. Սիրեկանյանին է դիմում Արամ Աբովյանը, այս անգամ հայտնելով, որ Սուսաննան պետք է գումար տա՝ մեքենայի փոխանցման տուփի համար: Ի դեպ, «Նավերիկ» ընկերության ինժեներ Արման Մկրտչյանը, որը վերապատրաստվել է Չինաստանի «Չերի» գործարանում, զննում է վթարի ենթարկված մեքենան, գրավոր բացատրություն է տալիս, որ փոխանցման տուփը բախումից չէր կարող վնասված լինել: Մասնագիտական եզրակացության համաձայն էլ. «Փոխանցման տուփը ամբողջությամբ փոխելու կարիք չկա: Ուղղակի որոշ դետալներ փոխելուց հետո տուփի անսարքությունը կվերանա: Իմ կողմից որեւէ ցուցում չի տրվել նոր փոխանցման տուփ ներկրելու»: Այս մասնագիտական եզրակացությունը ծանր է նստում փորձագետի վրա, եւ նա դրանից հետո համալրում է գործազուրկների շարքերը:
Սիրեկանյանը եւ ապահովագրական ընկերությունը չեն համաձայնում լրացուցիչ գումար տալ, եւ Աբովյանները դիմում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վերոհիշյալ ապահովագրական ընկերության դեմ:
Աբովյանները շահում են դատը, ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատուցել ողջ վնասը:
Դատարան ներկայացված վնասի չափը՝ ըստ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 2008թ. դեկտեմբերի 19-ի եզրակացության, «կազմեց» 3 մլն 350 հազար դրամ: Ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ փորձաքրեագետները մեքենան հետազոտել էին վթարից 7 ամիս հետո…
Երրորդ անձ ներգրավված Ս. Սիրեկանյանի ապացույցները վերաքննիչ դատարանում էլ չեն գնահատվում, մերժվում է «Սիլ» ապահովագրական ընկերության բողոքը: Դատարան ներկայացրած «Նավերիկ» ընկերության տեղեկանքը բանի տեղ չի դրվում, երբ այդ ընկերության պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ վնասը կազմել է 476 250 ՀՀ դրամ: Ապահովագրական ընկերությունը փորձում է այս անգամ իր գումարը ստանալ Սիրեկանյանից:
Չնայած վերջինս բոլոր պահեստամասերը գնել էր եւ Չինաստանից Հայաստան էր փոխադրել իր միջոցներով:
2010թ. հունիսի 18-ից արգելանք է դրվում Ս. Սիրեկանյանի տան (մոտ 9 մլն դրամ արժողության), աշխատավարձի վրա: Հետագայում աշխատավարձի 20 տոկոսի չափով է արգելանքը կիրառվում: Նշենք, որ բնակարանի եւ աշխատավարձի վրա դրված արգելանքը մինչ օրս չի վերացված:
Ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել:
Ա. Աբովյանը վարչական դատարանի դատավոր է եւ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրած հեռագրում Ս. Սիրեկանյանը գրում է. «2010թ. հուլիսի 16-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու դատական նիստ, որտեղ որպես 3-րդ անձ ներգրավված է այդ դատավորը: Նախկինում, նրա մասնակցությամբ կայացած դատական որոշումները ցույց տվեցին, որ դատավորի հայցը ինչ էլ որ պարունակի, ենթակա է բավարարման: Ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը»: Նախարարությունից ստացվում է պատասխան, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին. «Արդարադատության նախարարությունն իրավասու չէ միջամտել դատարանների գործունեությանը»: Արդյունքում Կենտրոնի դատավոր Գայանե Կարախանյանը, Մալաթիայի դատավոր Հրաչ Հովհաննիսյանն արդարադատությունն իրականացնում են հօգուտ իրենց գործընկերոջ:
Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը քննարկելով «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հայցն ընդդեմ Ս. Սիրեկանյանի, գումար բռնագանձելու պահանջի մասին, ինչպես նաեւ տիկին Սուսաննայի հակընդդեմ հայցն ապահովագրական ընկերության դեմ՝ «Ապահովագրական փոխհատուցման գումարը պակասեցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին», վերադարձնում է բողոքը: Ըստ Սիրեկանյանի՝ տեղի էր ունեցել դատական սխալ. «Վերաքննիչ դատարանը իմաստազրկել է իմ սահմանադրական իրավունքը: Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ ապահովագրական ընկերությունը իմ նկատմամբ ձեռք բերելով հետադարձ պահանջի իրավունք, չարաշահել է այն, որի արդյունքում նշված փոխանցման տուփի դետալների զգալի մասը չի պահպանվել պատշաճ պայմաններում, ինչի հետեւանքով փոխանցման տուփի դետալները կորցրել են իրենց որակը, ապրանքային տեսքը, սպառողական պահանջարկը, հետեւաբար՝ դարձել են օգտագործման համար ոչ պիտանի»:
Վճռաբեկ դատարանն իր հերթին գտել էր. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն Աշոտ Աբովյանին հատուցել է 1 934 250 ՀՀ դրամ, հետեւաբար, նշված գումարի չափով ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել պահանջի իրավունք՝ վնաս պատճառած անձի՝ Սուսաննա Սիրեկանյանի նկատմամբ»: Ինչ վերաբերում է պահեստամասերի տրամադրմանը, ապա դատարանը գտել էր. «Փոխարինման ենթակա ավտոպահեստամասերի հանձնում որեւէ նորմով սահմանված չէ»: Սա՝ դատարանի համար: Իսկ մարդկային փոխհարաբերություններում կին վարորդն առաջնորդվեց չգրված բարոյական նորմով. ամեն կերպ աջակցել՝ ձեռք բերել ավտոպահեստամասերը, արագացնել իր իսկ կողմից վնասված մեքենայի վերանորոգումը: Ի դեպ, Ս. Սիրեկանյանը մինչ օրս հատուցել է 2 մլն 272 000 ՀՀ դրամ գումարը, որի մեջ մտնում են նաեւ դատավորի փաստաբանական եւ դատական ծախսերը:
Ուշադրության արժանի է այն, որ Ս. Սիրեկանյանի` վճռաբեկ բողոքում նախադեպային օրինակ է ընտրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Ա1+»-ի գործը, ինչի կապակցությամբ դատարանը եզրահանգել է. «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Բողոք բերած անձը չի հիմնավորել օրենքի միատեսակ կիրառության համար վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել