«Ես գիշերները քուն չունեմ, ամբողջ օրը մտքիցս չի գնում ավանդիս հարցը: Վարչապետն ամբողջ օրը պրոպագանդում է կենսաթոշակի կուտակային համակարգը, ես այն ժամանակ այդպես եմ մտածել, որ 2000 ռուբլի կուտակել եմ, ավանդ եմ դրել «Հայխնայբանկում», իսկ հիմա նույնիսկ դեղի փող չունեմ»,- երեկ «Առավոտին» է դիմել 96-ամյա Եվգենիա Եղիյանը, որը պատերազմի վետերան է, մեդալակիր, 52 տարվա մանկավարժ: Նրա խոսքերով՝ «Իմ կյանքի օրերը հաշված են, ես էլ ե՞րբ պետք է ստանամ իմ ներդրած ավանդը, թող տոկոսները իրենց մնա, ես տոկոս չեմ ուզում, թող հաշվարկեն ու տան իմ 2000 ռուբլին, որ հանգիստ գլուխս բարձին դնեմ: Ինչո՞ւ պետք է ժամանակին բերանիցս կտրեմ, իսկ հիմա հացի փող չունենամ»: Կրուպսկայայի դպրոցում երկար տարիներ լեզու-գրականություն դասավանդած ուսուցչուհին ստանում է 40 հազար դրամ թոշակ. «Առաջին հայացքից դա կարող է շատ թվալ, բայց հաշվի առնելով, որ այսօր շաքարավազի 1 կգ-ը գնում եմ 400 դրամով, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձ եմ տալիս մի կլոր գումար, տակը բան չի մնում, որ ապրեմ: Այն ժամանակ, երբ ներդնում էի ավանդը՝ շաքարավազն արժեր 94 կոպեկ, փողն արժեք ուներ: Հիմա ես ծեր եմ, վատ տեսողություն ունեմ, ակնոցս արդեն փոխելու ժամանակն է: Չգիտեմ, ի՞նչ է մտածում պետությունը, ես արդեն կես մարդ եմ, ե՞րբ է մտադիր վերադարձնել ավանդս»: