Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՐ

Հուլիս 14,2011 00:00

Փողատերե՞րն են պակասել, թե՞ ուղեւորահոսքն է նվազել

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Շիրակի մարզի ունեւորները գլուխ էին ջարդում այս կամ այն համայնքի տրանսպորտային գծին տիրանալու համար, այսօր էականորեն հակառակ պատկերն է: Մեծահարուստների շահագրգռությունը խիստ նվազել է: Նույնիսկ այն աստիճան, որ միջհամայնքային մի շարք երթուղիների համար հայտարարված մրցույթին բացարձակապես ոչ ոք չի մասնակցում: Պատճառը, բնականաբար, եկամտի պակասն է. մի կողմից դատարկվում են Շիրակի մարզի գյուղերը, եւ ուղեւորահոսքը նվազում է, մյուս կողմից էլ բնակչությունը գնալով ավելի է աղքատանում: Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ շատ գյուղացիներ անգամ «նիսյայով են» երթեւեկում, վարորդների մոտ պարտքերի մի մեծ ցուցակ կա, որը երբեմն չի հաջողվում հավաքել բնակիչներից: Վերջերս էլ Շիրակի մարզպետարանի «միջհամայնքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումները կազմակերպող մրցութային հանձնաժողովը» հայտարարել էր ավտոբուսային ու միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որից կայացել էր միայն Գյումրի-Լանջիկը, իսկ մնացածը ձախողվել էր, այսպես ասած, դիմորդներ չլինելու պատճառով: Որքան էլ զարմանալի թվա, անհրապույր երթուղիների թվին է պատկանում Գյումրի-Ախուրյանը, թեեւ ախուրյանցիներն իրենց բոլոր հարցերը լուծում են Գյումրիում, ու ուղեւորահոսքը Գյումրի՝ մի վայրկյան անգամ չի դադարում: Թե ո՞րն է այս ու մյուս երթուղիների համար հայտեր չներկայացնելու պատճառը՝ փորձեցինք պարզել մրցութային հանձնաժողովի քարտուղար Ռուբեն Հարությունյանից: Նրա խոսքերով, մարզպետարանը մի քանի անգամ մրցույթ է հայտարարել թվով 6 ավտոբուսային ու թիվ 1 միկրոավտոբուսային երթուղիների համար, սակայն մասնակից այդպես էլ չի եղել. «Դրանք բացատրվում են ոչ թե ճանապարհների քանդված լինելով, ճանապարհները նախկինում էլ էին քանդված, ուղղակի այդ երթուղիներն այնպիսին են, որոնց սպասարկումը շահութաբեր չէ: Այսօր, բացի ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից, նաեւ տաքսիներ են աշխատում համայնքներում ու միջհամայնքային ճանապարհներին, որոնք սպասարկում են ավտոբուսների ու միկրոավտոբուսների գներով: Մարդկանց ավելի հարմար է տաքսիներով արագ երթեւեկել, դրա համար էլ ուղեւորահոսքը խիստ պակասել է բոլոր ուղղություններով: Օրինակ՝ Գյումրի-Ախուրյան երթուղում բազմաթիվ տաքսիներ են աշխատում՝ նույն 100 դրամով: Իհարկե, տաքսիների աշխատանքը չկանոնակարգված է, չնորմավորված է, մի քանի անգամ փորձեցինք կանոնակարգել, չստացվեց, հիմա տաքսիները աշխատում են հենց ավտոբուսների դիմաց՝ փախցնելով ուղեւորներին, եւ ավտոբուսը դատարկ վազք է կատարում: Ո՞ր կազմակերպությանն է ձեռնտու, որ իր ավտոբուսը քարուքանդ գյուղերի ճանապարհներով երթեւեկի, կոտրված մասերը, վառելիքը, ինչպե՞ս պիտի էդ մարդը կարողանա կազմակերպել իր տնտեսության աշխատանքը»,-մեկնաբանում է մարզպետարանի պաշտոնյան: Ըստ նրա, Գյումրի-Ախուրյան միկրոավտոբուսային երթուղին ժամանակին ամենաձեռնտուներից էր, սպասարկել է «Տրանս ակնթարթը», սակայն երկրորդ տարին է՝ իրենց բազմաթիվ հայտարարություններին արձագանքող չկա: Պաշտոնյայի ասելով, կան երթուղիներ էլ, որոնց համար հայտ ներկայացնող չկա՝ սոսկ այն պատճառով, որ ծախսերն ավելի շատ են, քան ստացած եկամուտը, կազմակերպությունը չի կարողանում ապահովել տրանսպորտի վերանորոգման, վառելանյութի ծախսերը, վնասով է աշխատում ու հրաժարվում է գծից: Այսպես ասած՝ անտեր են մնացել Արթիկ-Անուշավան-Գետափ-Գեղանիստ եւ հետադարձ ավտոբուսային երթուղին, Գյումրի-Գուսանագյուղը, որը, պարոն Հարությունյանի ներկայացմամբ, մայրուղու վրա է ու ճանապարհն այնքան հարթ է, որ աննշան փոս գտնելն անգամ հնարավոր չէ: Այդուհանդերձ, որեւէ մեկը չի ուզում սպասարկել այդ գիծը, նմանապես հրաժարվում են հասնել Աշոցքի գյուղերը, ինչպես նաեւ ձորի գյուղերը, օրինակ՝ Գյումրի-Սալուտ-Բաշգյուղ-Փոքր Սարյար: Թափուր են մնացել նաեւ ավտոբուսային երթուղիները. «Ասատրյանների ընտանիք» ընկերությունը հրաժարվել է սպասարկել Գյումրի-Լանջիկ ավտոբուսային գիծը, քանի որ ուղեւորահոսքը նվազել է՝ գյուղացիներին թեկուզեւ գյուղատնտեսական ապրանքներ փոխադրելու համար միկրոավտոբուսն էլ է բավարարում, մի մասն էլ առեւտուր է անում սեփական մեքենաներով: Ռուբեն Հարությունյանի խոսքերով, թեեւ շատերը գազի, բենզինի թանկացման պատճառով ձգտում են թանկացնել ուղեվարձը, սակայն մարզպետարանը կտրականապես մերժում է, դատարկ մնացած երթուղիների համար էլ «անընդմեջ ու անընդհատ» մրցույթ են հայտարարելու՝ մինչեւ համապատասխան կազմակերպություններ ի հայտ գան: Իսկ կա՞ն արդյոք ախորժաբեր երթուղիներ, որոնց համար դեռ գլուխ են ջարդում՝ մեր հարցին հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ քիչ թե շատ աշխուժություն նկատվել է Գյումրի-Հոռոմ-Նոր Կյանք -Արթիկ, Գյումրի-Լանջիկ երթուղիների համար, բառի իսկական իմաստով մրցույթ եղել է, մեկից ավելի կազմակերպություններ են հայտեր ներկայացրել, իսկ մնացած երթուղիների համար գրեթե պայքարողներ չկան, հայտ ներկայացրել են, այսպես ասած, հին տերերը: Մեր այն հարցին, թե Շիրակի մարզի պաշտոնյաներից, նախկին ու ներկա ոստիկանապետերից կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ցանկանան իրենց ֆինանսը ներդնել տրանսպորտային բիզնեսի մեջ, պարոն Հարությունյանն ասաց, որ այդպիսի պաշտոնյայի չի հիշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել