Գետազատցիները պետությունից հույսները կտրել են
Գետազատի նախկին Մշակույթի տունն է, որը Ալ. Թամանյանի նախագծով է կառուցվել: Տարեց գետազատցիներն ասացին,
որ մինչեւ վերջերս, երբ կառույցի պատուհանները կային, գյուղի տարեցները հավաքվում՝ շաշկի, նարդի էին խաղում: Այժմ Մշակույթի տունը պետքարանի է վերածվել:
Գետազատցի փոքրիկների համար մի քանի օրից մանկապարտեզը կգործի, բայց շենքի մուտքը դեռեւս շինարարական աղբով է լցված:
Տարածված տրանսպորտային միջոց:
«Մեզ միայն արտագաղթը կփրկի: Սաղ գյուղը տոկոսի տակ է, «Արեգակից», «Գյուղբանկից» վարկ ենք վերցրել, չենք կարողանում տալ: Վարկը վերցնում ենք, օրինակ, 2%-ով, փակում՝ 10%-ով: Վերջերս հայտարարեցին, թե մինչեւ 6-8%-ով են գյուղացուն վարկ տալիս, հիմի գնում ենք բանկեր՝ վարկ վերցնելու, ասում են՝ էդ տոկոսով վարկ չկա: Գյուղնախարարը տեղը պնդացրել ա, գոնե գյուղացիների՝ անցյալ տարի հանձնած ապրանքի փողերը տա, մարդիկ տարուց ավելի է՝ ջրի գնով կանսերվի գործարանին են հանձնել իրենց պոմիդորը (նկատի ունեն Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը- Լ. Խ.)»,- Արարատի մարզի Գետազատ համայնքի բնակիչները, զարմանալով, որ իրենց գյուղ էլ է լրագրող գալիս, հավաքվեցին ու իրար հերթ չտալով սկսեցին գյուղի խնդիրների մասին բարձրաձայնել: Գետազատցիներն ասում էին, թե չեն հիշում՝ վերջին անգամ իրենց գյուղում երբ են լրագրողի կամ պաշտոնյայի տեսել. «Ո՞վ ա գյուղի մասին մտածում: Երկու կոպեկով մինչեւ ընտրությունը կաշառում են, հետո գնա՝ ոնց ուզում ես՝ գլուխդ պահի: Մի քանի օր առաջ Արտաշատում քաղաքապետի ընտրություն էր, մինչեւ ընտրությունը առավոտը ժամը 6-ից մայթերն ավլում էին, մի քանի օր ա անցել ընտրությունից, զիբիլը փողոցները վերցրել ա»:
Գետազատում ծնված ու մեծացած Զավեն Առաքելյանը, չկարողանալով ընտանիքի հոգսերը հոգալ գյուղում, տեղափոխվել է մայրաքաղաք եւ տասը տարուց ավելի է՝ վարձով է ապրում. «Մեր շենքում ինձ նման 10-15 ընտանիք կա՝ գյուղերում դռները փակել են, եկել Երեւան, ինչի՞, մենք չե՞նք ուզում մեր տանը, մեր ծննդավայրում աշխատենք ու ապրենք: Բայց քրտինքով հող ենք մշակում, հետո ապրանքը չենք կարողանում վաճառել»:
Նախկին գյուղատնտես Տալլին Սարգսյանն ասում է. «Կոլխոզի ժամանակ 96 հա խաղողի այգի կար, հիմա 5 հա-ն էլ չի մնացել, չեն մշակում, հիմնականում հողերը պտղի այգի են կամ արոտավայր են դարձնում: Նախագահն անցյալ տարի եկավ գինու գործարանները, ասեց՝ 130-ից պակաս խաղող չընդունեք, ոտը քաշեց, գնաց՝ 70 դրամ դարձրին, դե՛, գյուղացի, կուզես՝ այդ գնով հանձնի, կուզես՝ ապրանքդ թափի»: Գետազատցիների բախտը բերել է՝ այս տարի 500-600 դրամով ծիրան են վաճառել, «Spayka» կազմակերպության բեռնատարները եկել են գյուղ, այգիներից հավաքել որակյալ ծիրանը:
70-ամյա Վրեժ Գոգոյանն էլ հավելում է. «Թե չէ՝ Երեւանի շուկայում գյուղացին տեղ չունի, որ ուզենաս կանգնես շուկայում, ապրանք ծախես՝ չեն թողնի: Կայարանում՝ ժամը 9-ից, Մալաթիայում էլ ժամը 7-ից հետո բոլորիս լարում են, որ վերավաճառողները գան: Նենց են անում, որ ապրանքդ կամավոր, կես գնով ստիպված տալիս ես վերավաճառողին ու գալիս տուն»:
Ինչպես գետազատցիներն էին փաստում, իրենց գյուղում արտագաղթը օրեցօր ավելի մեծ չափերի է հասնում: Ոչ թե տան տղամարդն է արտագնա աշխատանքի մեկնում, այլ հեռանում են ընտանիքներով: Հատկապես երիտասարդները գյուղի հետ հույսեր չեն կապում, հիմնականում Ռուսաստան են մեկնում ու այնտեղ էլ ամուսնանում: Բնակիչները հավաստիացնում էին, որ վերջին տարիներին 50-ից ավելի տնտեսություն է լքել Գետազատը:
41-ամյա Աշոտ Պողոսյանն ամեն օր իր սեփական ավտոբուսով գյուղացիներին շուկա է տեղափոխում: «Ժողովրդի մոտ ոչ մի լավ բան չեմ տեսնում, որ առաջընթաց լինի, տուն սարքի: Ով որ հնարավորություն ունի, մի վայրկյան չի մտածում մնալու մասին: Ով որ հնարավորություն չունի՝ ստիպված մնում է եւ հող ճանկռում, հողն էլ չարչարանքի գինը չի հանում: Մեր գյուղնախարարն ու վարչապետն էլ հեռուստացույցով հայտարարում են՝ եթե պարարտանյութը 7000-ից ավելի կլինի, ահազանգեք, բայց բոլոր տեղերում գրված է 7400: Գյուղնախարարն արտաշատցի է, որ անցնում է, տեսնում է՝ բոլոր տեղերում այդ գինն է փակցրած, թող մի հատ նայի»: Գետազատցիները եկեղեցու, մատուռի պակաս չունեն, ասացին՝ 6 եկեղեցի ունեն, փոխարենը գյուղում երբեւիցե քահանա չեն տեսել: Այդ կառույցներն էլ հաճախ տարբեր աղանդների ներկայացուցիչների հավաքատեղի է հանդիսանում: Տալլին պապը վտանգավոր է համարում հատկապես այն, որ իրենց գյուղում աղանդավորներն այժմ քարոզներ են անում հատուկ երեխաների համար: