Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԷԼ ԼԻՆԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԵՂԸ՝ ԾԱՆՐ ԿՏԱՆԵՄ»

Հուլիս 14,2011 00:00

\"\"Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը մեկնաբանում է «Նաիրիտի» շուրջ ստեղծված աղմուկը

Մի քանի օր առաջ ամփոփվեց «Նաիրիտի» կառավարման համար հայտ ներկայացնելու ժամկետը, եւ պարզվեց, որ քիմիական արդյունաբերության մեր նախկին գիգանտի նկատմամբ հետաքրքրության հայտ է ներկայացրել մի  գերմանական ընկերություն՝ SHD-ն: Սա մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել, որովհետեւ «Նաիրիտը» կառավարման տալու մեր իշխանության բոլոր ձախողումներից հետո հիմա էլ ուզում են նոր կառավարիչ գտնել ու պետական աջակցություն տալ՝ 400 մլն դոլարի չափով: Արդեն մեր կառավարությունը վարկ վերցնելու համար «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացրել է «Նաիրիտի» ծրագիրը: Այս հանգամանքը հայտնվել է ուշադրության կենտրոնում հատկապես այն առումով, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Նաիրիտի» սեփականատերը մեր վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ուստի անընդհատ գումարներ փոշիացնող գործարանում պետական աջակցություն էլ, ամեն ինչ էլ կլինի:
Երեկ կիսամյակային արդյունքներն ամփոփելիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հատուկ անդրադարձավ «Նաիրիտի» խնդրին. «Ես ի լուր բոլորի ուզում եմ հայտարարել, որ ո՛չ վարչապետը, ո՛չ ՀՀ որեւէ քաղաքացի «Նաիրիտի» սեփականատերերի ցանկում չկա եւ չէր էլ կարող լինել»: «Առավոտի» հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն, որ մամուլում «Նաիրիտի» մասին ցանկացած բացասական հրապարակում վարչապետը շատ ծանր է տանում, Դուք նախարար եք՝ այդքան սրտին մոտ չեք ընդունում՝ պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Ես էլ լինեմ վարչապետի տեղը՝ Հայաստանի Հանրապետության ցանկացած խոշոր օբյեկտի նկատմամբ ցանկացած բան ծանր կտանեմ: Ես նույնպես ծանր եմ տանում, ինձ էլ դուր չեն գալիս նման բաները: Գիտեք, նման բաները ավելի շատ վանում են դրսի մարդկանց, քան օգնում են իրավիճակին»: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանի օրերս ներկայացրած հրաժարականը, նախարարը պատասխանեց. «Նա արդեն 2-3 տարի է՝ ուզում էր հրաժարական տալ»: Ո՞վ էր նրա ձեռքը բռնում՝ հարցին ի պատասխան Ա. Մովսիսյանն ասաց՝ «Ստեղծված իրավիճակը»: Մենք նաեւ նախարարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ պետական աջակցությամբ տրված միլիոններն էլ «Նաիրիտում» չեն փոշիացվի. «Նա, ով այսօր պայմանագիր կկնքի ու կստանձնի «Նաիրիտի» կառավարումը, բոլոր ընդունված ֆինանսական պայմանագրերով պիտի երաշխիքներ տա, որ այդ միջոցները պետք է հետ վերադարձնեն, բացի այդ, ստուգող, վերստուգող մարմիններ են լինելու, որոնք վերահսկելու են ամեն ինչ»:
Լրագրողները նաեւ նախարարին հարցրին, թե ինչո՞ւ 2006-ին «Նաիրիտը» վաճառվեց մի ընկերության, որը նույնիսկ ի վիճակի չէր վճարել վաճառքի գինը՝ 40 մլն դոլարը: Նախարարի խոսքերով՝ «Աշխարհում որեւիցե մի ընկերություն չկա, որ բարձի տակ 40 մլն պահի՝ գործարք կատարելու համար: Եվ «Նաիրիտի» իրական գինը ոչ թե 40 մլն էր, այլ իր պարտքերով հանդերձ՝ ավելի շատ»: Պարոն Մովսիսյանը գտնում է, որ «Նաիրիտի» հետ կապված ծրագրերն իրենց տրամաբանական ավարտին չհասան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով. «Մի քանի տարի շարունակ գազի գնի բարձրացումը, որը այն ժամանակ 54 դոլար էր, հիմա՝ 180 դոլար, դրամի արժեւորումը օբյեկտիվ պատճառներն են, իսկ սուբյեկտիվ պատճառը մենեջմենթն է: Ոչ ոք չէր սպասում, որ համաշխարհային ճգնաժամից բոլոր ոլորտները կոլապսի մեջ կհայտնվեն: Պետք էր հետճգնաժամային նոր ծրագիր»: Ա. Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ «Նաիրիտի» համար հետաքրքրությունների հայտ ներկայացնելու ժամկետը, ճիշտ է, ավարտվել է, բայց այս օրերին մի քանի ռուսական, լեհական, պարսկական ընկերություններ ուշացած հայտ են ներկայացրել, եւ եթե գերմանական ընկերության հետ լեզու չգտնեն, կքննարկեն նաեւ այդ հայտերը:
Մամուլում վերջերս գազի գնի բարձրացման մասին հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ գազի գինը ռուսական կողմը բարձրացնելու է ավելի շուտ, քան սպասում ենք, եւ այդ է պատճառը, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու: Այս առնչությամբ Արմեն Մովսիսյանը վստահեցրեց, որ «գազի գինը չի փոխվում եւ մինչեւ ապրիլի 1-ը չի փոխվելու: Գազի գինը Հայաստանի համար չի բարձրանալու: Այսօր որեւիցե մեկը այլ գազի գին դեռ մեզ չի առաջարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել