ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ եւ կենսաթոշակների չափն ավել հաշվարկելով՝ 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից անհիմն դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափի գումար եւ յուրացրել: Նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:
Ի դեպ, մայիսին էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ Երեւանում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ, որը նույնպես ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու: