Արձանագրել է երկրի ղեկավարը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նշել է. «Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը՝ նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»: Ըստ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանի խոսքով, համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործընթացը բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյոք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի՞ են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների. «Կարծում եմ՝ ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսեւորում, ինչպես նաեւ անմիջական եւ ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են եւ առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը՝ նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է: Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության եւ իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար եւ՝ դատական գործերի քանակը: Սակայն արդյոք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանի՞շ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան եւ ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա: Այս համատեքստում եւս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական եւ չլուծված: Ընդ որում, այդ բացասական երեւույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ եւ դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը»:
Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության եւ արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը: Զեկուցված հարցերի բովանդակության եւ իրականացման ժամկետների վերաբերյալ նախագահը մի շարք պատասխանատու հանձնարարականներ է տվել։