Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ՝ ՀՐԱԺԱՐՎԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Հորդորում է «Մասիսի» գումարտակի նախկին հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը

Կազանի հանդիպումից հետո ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչքան էլ այդ հանդիպումը որակվեց «անպտուղ», բայց փաստ է, որ դրանից հետո խնդրի կարգավորման ուղղությամբ կրքերը բավականին բորբոքվել են, ու ակնհայտ է, որ միջազգային հանրությունը փորձում է արագացված գործընթացով կողմերին խաղաղություն պարտադրել: Ի դեպ, այս ամենում ամենահետաքրքրականն այն է, որ երեկ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է «թեկուզ հենց այսօր» խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ նույն Բաքուն հրաժարվեց Կազանում փաստաթղթի տակ ստորագրել: Ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված այս իրավիճակն այնքան էլ չի անհանգստացնում «Մասիսի» գումարտակի նախկին հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Հուսիկ Բաղդասարյանին, քանի որ նա մնում է իր համոզմանը. «Ինձ եւ նրանց համար, ովքեր անցել են պատերազմի դաշտով, Ղարաբաղի հարց գոյություն չունի: Ղարաբաղի հարցը մենք վաղուց լուծել ենք պատերազմի դաշտում: Ես հասկանում եմ, որ երկու ժողովուրդներին խաղաղություն է պետք, որ կողք կողքի պետք է ապրեն, ու ինչ-որ առումով նաեւ բնական է, որ այդ երկու կողմերն էլ պետք է փորձեն իրենց համար մաքսիմալ շահավետ պայմաններով հասնել այդ խաղաղությանը: Եվ կձգտեն մինչեւ վերջ. ըստ որում, Ադրբեջանի համար դա ոչ այնքան իշխանություն պահելու խնդիր է, որքան պարտված կողմի հոգեբանությունը հաղթահարելու: Իսկ Հայաստանի իշխանության համար դա զուտ իշխանություն պահելու խնդիր է. որեւէ զիջումը կարող է զրկել իրենց իշխանությունից: Այնպես որ, երկու կողմերի մաքսիմալիստական ձգտումներն էլ հասկանալի են»: Եվ անկախ Մամեդյարովի արած լավատեսական հայտարարությունից՝ մեր զրուցակիցը խիստ կասկածում է, որ կողմերը՝ հանուն խաղաղության, հոգեբանորեն պատրաստ են զիջումների, առավելապես՝ հայկականը. «Այսօրվա իշխանությունն էլ, սրանից առաջվանն էլ, իմ համոզմամբ, մի նպատակ ունի՝ հնարավորինս ձգել այս բանակցային գործընթացը, ստատուս-քվոն պահպանել»: Իսկ եթե, այնուհանդերձ, իշխանությունն իր մեջ քաջություն գտնի եւ գնա զիջումների՝ հանուն խաղաղության, Հուսիկ Բաղդասարյանը հորդորում է դա չանել իշխանություն պահելու գնով, լավ է՝ ընդհանրապես ոչինչ չանել, հրաժարվել, քան գնալ այնպիսի զիջումների, որոնց համար բոլորս ենք զղջալու. «Մադրիդյան սկզբունքները՝ նորացված կամ ոչ, մեզ համար կործանարար են լինելու»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության վերջին ակտիվությանը, մասնավորապես, ԵՄ տարբեր պաշտոնյաների, մեր զրուցակիցը չի բացառում, որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները ջանում են կողմերին խաղաղություն պարտադրել՝ խաղի իրենց կանոններով. «Դրա համար այսօրվա իշխանությունը պետք է անի ամեն ինչ եւ 1988-89 թվականների նման կարողանա մոբիլիզացնել ամբողջ ազգը, որպեսզի կարողանանք պայքարել այդ պարտադրանքի դեմ: Իսկ իշխանությունն այդ ռեսուրսը չունի, ուստի, որպեսզի կարողանանք արեւելյան-արեւմտյան սամիթներին ու չգիտեմ ինչերին դիմակայել, մնում է մեկ տարբերակ՝ իշխանությունն ինքնակամ հեռանում է՝ թույլ տալով ժողովրդին ստեղծել դեմոկրատական իշխանություններ, որոնք ինչ-որ կերպ կկարողանան դիմակայել ոչ նպաստավոր պարտադրանքներին»:
Ի դեպ, անկախ ներքաղաքական դաշտում ընթացող զարգացումներից, երկխոսության մասին հայտարարություններից, կոալիցիոն կազմի հրապարակումից եւ այլն՝ Հուսիկ Բաղդասարյանը նաեւ այստեղ է իշխանության կողմից խաղեր տեսնում. «Մի կողմից՝ իշխանությունը պարտադրված կատարում է այդ քայլերը, բայց մյուս կողմից էլ՝ ջանում են հնարավորինս ձգձգել: Իրենք էլ են հասկանում, գոնե այդքան խելք ունեն, որ հասարակությունն ի վերջո պետք է համախմբվի: Ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, նույն Ղարաբաղի հարցը պահանջում են, որ ազգի հավաքական միասնականությամբ առաջ գնանք եւ լուծումներ գտնենք, բայց այստեղ էլ են ձգում՝ հնարավորինս քիչ զիջելու համար, ու ձգելու են, ինչքան որ կարողանան»:
Հետաքրքրվեցինք՝ անկե՞ղծ են ՀԱԿ-ի երկխոսելու ցանկությունները, որովհետեւ 2008-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունն էլ հանգեցնում է նրան, որ ձգձգումը ՀԱԿ-ին էլ է ձեռնտու: Հուսիկ Բաղդասարյանը չհամաձայնեց այս դիտարկմանը: «Մենք շատ լավ ենք հասկանում մեր ազգի եւ պետության առջեւ կանգնած մարտահրավերները, դրանց լրջությունը եւ կարծում ենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությամբ պետք է ստեղծվի իմունիտետ՝ այդ ճնշումներին դիմակայելու: Իսկ որ Կոնգրեսի՝ երկխոսության ձգտումն իրոք անկեղծ է, դրանում, խնդրում եմ, որեւէ մեկը չկասկածի, եւ այդ երկխոսությունը բերելու է ոչ թե աթոռի ու այլ բանի, այլ ընդհանուր, ազգային խնդիրներ լուծելու՝ գոնե այս ոչ լեգիտիմ իշխանության հետ միասին: Իրավիճակի միակ ճիշտ լուծումը սա է, եւ հավատացնում եմ, որ Կոնգրեսն անկեղծ է, իսկ մնացածը իշխանության եւ չցանկացողների հերյուրանքներն են»,- ասաց Հուսիկ Բաղդասարյանը: Իսկ ինչո՞ւ է ՀԱԿ-ն անընդհատ շեշտը դնում արտահերթ ընտրությունների վրա: Մի՞թե խնդիրների համար լուծում գտնելու այլ տարբերակներ չկան՝ հարցին «Առավոտի» զրուցակիցը պատասխանեց, որ եւ ղարաբաղյան հարցի ներկայիս վիճակը, եւ ահռելի չափերի հասնող արտագաղթը, եւ առկա մնացյալ խնդիրները հետեւանք են ոչ լեգիտիմ ընտրությունների. «2007-2008 թվականների խայտառակ ընտրությունների արդյունքն է սա, իսկ որպեսզի վերացնես արդյունքը՝ պետք է վերացնես պատճառը: Պետք է լինեն արդար, նախեւառաջ՝ մեր ժողովրդի, հետո միայն՝ միջազգային հանրության մոտ կասկած չառաջացնող ընտրություններ»: Իսկ ինչո՞ւ են ՀԱԿ-ում վստահ, որ միայն արտահերթ ընտրությունները կարող են արդար լինել: «Արտահերթ ընտրությունների տրամաբանությունը լրիվ ուրիշ է: Եթե իշխանությունը գնա արտահերթի՝ ուրեմն գնում է ճնշման ներքո, եւ ով ստիպում է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նա էլ դառնում է ընտրությունների տերը, ոչ թե Ազարյանը կամ «Առաջ Հայաստան» հանրապետականը: Դա երաշխիք է ավելի արդար ընտրությունների»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: «Առավոտի» դիտարկմանն էլ՝ այդ դեպքում ՀԱԿ-ն է կեղծելու հնարավորություններ ստանում, հակադարձեց. «Եթե ՀԱԿ-ը կեղծելու ցանկություն ունի,… այստեղ արդեն իշխանությունը պետք է իր ֆունկցիան կատարի եւ թույլ չտա: Բայց ՀԱԿ-ի ձգտումն անկեղծ է, ՀԱԿ-ին պետք չէ ընտրություն կեղծել, ՀԱԿ-ն աջակցություն ունի. որեւէ մեկը թող չկասկածի, որ եւ նախագահական, եւ պառլամենտական ընտրություններում ՀԱԿ-ն իր 50 եւ ավելի տոկոսը կստանա: Իշխանությունը ձայն չունի, իրենք պիտի մտածեն կեղծելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել