Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը զորակցում է Բագրատյանին

Հուլիս 14,2011 00:00

Իսկ Բագրատյանն արդեն 3 տարի է՝ Տիգրան Սարգսյանից ներողություն չի խնդրում

Դեռ 2008թ. փետրվարի 2-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը  «Առավոտ» թերթին տված «Որոշումները պետք է վերանայվեն» վերտառությամբ հարցազրույցում անդրադարձել էր բանկային համակարգում տեղի ունեցած անառողջ գործընթացներին՝ մասնավորեցնելով, որ «Հայխնայբանկը», «Արդշինբանկն» ու «Ագրոբանկը»  արհեստականորեն սնանկացվել են, եւ ի վերջո այդ բոլոր բանկերի ակտիվները հանձնվել են այսօր գործող «Արդշինինվեստբանկին», որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն: «Խնդիրն այն է, որ այս հոդվածի բովանդակության մեջ պարոն Բագրատյանը հստակ դիրքորոշում է հայտնում, որ այդ ամենն արվել է դիտավորյալ, միտումնավոր, եւ այս ամբողջի պատասխանատուն եղել են ԿԲ-ն եւ նրա նախագահը (այն ժամանակ՝ Տիգրան Սարգսյանը), քանի որ «Բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս ԿԲ-ին սնանկացնելու ցանկացած բանկի»:
Արդեն փետրվարի 18-ին Տիգրան Սարգսյանը հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Հրանտ Բագրատյանի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը դատարանին հայտնել էր, թե Բագրատյանի հրապարակմամբ «տարածվել են տեղեկություններ, որոնք իրականությանը չհամապատասխանելու հիմքով արատավորում են ՀՀ ԿԲ-ի գործարար համբավը եւ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը»: Հ. Բագրատյանը նշել է, որ «ԿԲ նախագահը վաղուց էր բանկի հետեւից ընկել: Բացառված չէ, որ նման կարգադրություն էր ստացել Ռոբերտ Քոչարյանից: Իսկ մեր բանկային օրենսդրությունն այնպիսին է, որ եթե Տ. Սարգսյանն ուզում է, շատ կարճ ժամանակում սնանկացնում է ցանկացած բանկ»: Հայցվոր կողմի պնդմամբ՝ պատասխանողն առնվազն պետք է բացատրեր, թե ինչ է նշանակում «բանկի հետեւից ընկնել» արտահայտությունը, եւ որ իր հայտարարությունները համապատասխանում են իրականությանը:
Այս գործով դատական ակտ էր կայացվել. հայցը մասնակիորեն էր բավարարվել. Բագրատյանին դատարանը պարտավորեցրել էր ԿԲ-ի կամ Տիգրան Սարգսյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, իբր, արատավորելու համար հրապարակավ ներողություն խնդրել եւ դեմ էր տվել շատ կոնկրետ տեքստ: Բագրատյանն արդեն 3 տարի է՝ հրաժարվում է Տ. Սարգսյանից հրապարակավ ներողություն խնդրել:
Երեկ այս հարցին հայտարարությամբ անդրադարձել է նաեւ Հայ ազգային կոնգրեսը: «Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից՝ վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները: Դրա վառ օրինակներից են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի»,- արձանագրել է ՀԱԿ-ը՝ հավելելով, որ թեեւ «դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը, սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից»: Դատարանի որոշման այս վերջին հատվածը նախկին վարչապետը հրաժարվում է կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրա նկատմամբ 400.000-ական դրամ տուգանք է սահմանում: «ՀԱԿ-ը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը»,- հայտարարել է Կոնգրեսը՝ հավելելով, թե  «ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ (Տ. Սարգսյանը- Ն. Մ.), որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ, որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200.000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց, որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը, ոչնչացել է հայկական գյուղը, Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում՝ Մադագասկարից հետո, որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին, եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղական արտադրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել