Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՁԳՁԳԵԼ, ԴԱ ԻՐԵՆՑ ԿՀԱՋՈՂՎԻ»

Հուլիս 14,2011 00:00

\"\"Համոզված է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:

– Կոալիցիայի կողմից ստեղծված աշխատանքային խումբը ինչո՞վ է զբաղվելու, ի՞նչ օրակարգով եք աշխատելու, արդեն ունե՞ք այն շրջանակը, որոնցով պետք է աշխատեք ՀԱԿ-ի հինգ հոգիանոց խմբի հետ:
– Այո, իհարկե, ՀՀ նախագահի հունիսի 17-ի անդրադարձը տալիս է Ձեր հարցերի պատասխանները: Նախագահը խոսել էր չորս ուղղությունների մասին, որոնցով մենք պետք է հարաբերվենք ընդդիմության հետ, եւ հարցերը, որոնք կարող են ներկայացվել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բնականաբար, մեր օրակարգի մեջ ընդգրկվել չեն կարող, որովհետեւ այդ հարցերը պետք է քննարկվեն ԱԺ նախագահի հետ, ինչպես նշել է նախագահը: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները եւս չեն կարող ընդգրկվել, որովհետեւ այս հարցերն էլ պետք է քննարկվեն երկրի վարչապետի հետ: Հարցեր, որոնք մտնում են նախագահի լիազորությունների շրջանակում, մեր խումբը եւս չի կարող քննարկել, որովհետեւ դրանք պետք է քննարկվեն նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Եվ միայն այն հարցերը, որոնք վերաբերում են երկրի զարգացման հեռանկարին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, դրանք ինչ-որ չափով կարող ենք քննարկել:
– Իսկ Ձեր այս նշածների մեջ ի՞նչ հարցեր կարող են մտնել, օրինակ՝ հեռանկարայինի մեջ կարո՞ղ է մտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը:
– Ես արդեն ասացի. եթե ընտրությունների հարց է, ապա դա արդեն ունի որոշակի հասցեատեր, այդ հարցը պետք է քննարկվի Ազգային ժողովի նախագահի հետ:
– Հնարավո՞ր է, որ երբ 10 օր կամ մի քանի օր հետո ՀԱԿ-ի հնգյակի հետ նստեք դեմ առ դեմ եւ ներկայացնեք Ձեր այս նշած օրակարգը, իսկ ՀԱԿ-ի հնգյակը իր հերթին ներկայացնի իր պատկերացրած թեմաները, անմիջապես տարաձայնություններ առաջանան, եւ երկխոսությունը ավարտվի՝ դեռ չսկսված:
– Ես չեմ ուզում կանխատեսումների ճանապարհով գնալ եւ կարծում եմ՝ ամեն ինչ իր հունով կգնա:
– Կոնգրեսի կողմից ներկայացված հինգ հոգիանոց խումբը Ձեզ բավարարո՞ւմ է, նրանք հենց ա՞յն մարդիկ են, որոնց հետ Դուք պատրաստ եք նստել եւ երկխոսել:
– Ես չեմ կարծում, որ պետք է այդ գնահատականը տամ, ՀԱԿ-ը պետք է որոշեր այն աշխատանքային խումբը, որով նպատակահարմար է գտնում երկխոսել:
– Զուտ տեխնիկապես եմ ուզում հասկանալ, ենթադրենք՝ նստեցիք, որեւէ ընդհանուր թեմա գտաք եւ զրուցեցիք, դա ինչ-որ բան նշանակելո՞ւ է, ինչ-որ բա՞ն եք ստորագրելու, ինչ-որ փաստաթուղթ ծնվելո՞ւ է, թե՞ ոչինչ էլ չի ծնվելու, պարզապես բացատրեք, թե ինչ է լինելու Ձեր համատեղ աշխատանքի արդյունքում:
– Ես կարծում եմ՝ դրա մասին եւս կխոսենք մեր հենց առաջին հանդիպման ժամանակ:
– Այսինքն՝ կպայմանավորվեք:
– Այո, իհարկե:
– Ուզում եմ պատկերացնել, թե ուրիշ ինչի՞ մասին եք խոսելու, քանի որ բոլոր կարեւոր եւ հիմնական թեմաները, որոնք հնարավոր է՝ դառնան երկխոսության թեմա, Դուք ներկայացնելով ՀՀ նախագահի խոսքը՝ կրկնեցիք, թե կոնկրետ որ հարցի շուրջ ում հետ է հարկավոր խոսել, ասենք՝ ընտրությունների մասին՝ ԱԺ նախագահի, տնտեսության մասին՝ վարչապետի, նախագահին առնչվող հարցերի շուրջ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, բայց, կներեք, կարծես թե տակը ուրիշ բան չի մնում: Ես այդ դեպքում Ձեր աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի հնգյակի անելիքը լավ չեմ պատկերացնում: Իսկ Դուք, որպես աշխատանքային խմբի անդամ, Ձեր անելիքը պատկերացնո՞ւմ եք:
– Այո, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք եթե երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, քննարկման առարկա կարող են դառնալ:
– Բայց հայտնի է, չէ՞, որ բոլոր հանրահավաքներում Կոնգրեսի ներկայացուցիչները պնդում են, որ երկխոսությունը պիտի լինի արտահերթ ընտրությունների շուրջ, իսկ Դուք նշում եք, թե դրա մասին խոսելու բան չկա, ուրեմն, կներեք, ի՞նչ եք անելու:
– Ընդհանրապես գործընթացը գնում է հանրապետության նախագահի հունիսի 17-ի անդրադարձում նախանշված փուլով, եւ մեր աշխատանքային խումբը եւս ձեւավորվել է այդ խոսքում եղած դրույթների հիման վրա, այսինքն՝ դա կարգավորվում է այդ անդրադարձի դրույթներով եւ անդրադարձում, որի մասին մենք խոսեցինք, հստակ ուղղություններ են նշված, յուրաքանչյուր ուղղության համար նշված է պատասխանատուների ցանկ, եւ այս աշխատանքային խմբի համար էլ նախանշված է գործունեության ոլորտը:
– Այսինքն՝ Ձեզ համար ուղենիշը ՀՀ նախագահի հունիսի 17-ի խո՞սքն է:
– Միանշանակ, իհարկե, անկասկած:
– Երբվանի՞ց կսկսեք աշխատել ՀԱԿ-ի հնգյակի հետ միասին, եւ որքա՞ն երկար կտեւեն այդ աշխատանքները:
– Թե որքան երկար կաշխատենք, կախված կլինի քննարկման ներկայացվելիք հարցերի քանակից, իսկ կսկսենք այն ժամանակ, երբ երկուստեք կպայմանավորվենք հանդիպման օրվա հետ կապված:
– ՀԱԿ ներկայացուցիչը օրերս խոսեց այն մասին, թե կոալիցիայի աշխատանքային խմբի ստեղծման մասին չկա ոչ մի որոշում կամ հրաման:
– Ինչպիսի՞ հրաման կամ ինչպիսի՞ որոշում պետք է լիներ, չեմ կարողանում դա հասկանալ: Եթե իրենք ուզում են գործընթացը ձգձգել, ապա ես առավել քան համոզված եմ, որ դա իրենց կհաջողվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել