Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԷԼ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԶՐՈ ՊՐՈԲԼԵՄ

Հուլիս 14,2011 00:00

Ասում է Ստամբուլի Աշխարհաքաղաքական միտումների քաղաքական կենտրոնի («Global political Trends Center») տնօրեն Մենսուր Ակգյունը:

«Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն եւ մեդիա քննարկումներ» համաժողովի ընթացքում թուրքական կողմից բավական հոռետեսական հայտարարություններ հնչեցին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ասենք, մասնակիցներից մեկն ասաց, թե պետք չէ սպասումներ ունենալ, որ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, եւ պնդեց, թե ոչ հիմա, ոչ էլ տեսանելի ապագայում Թուրքիայի կառավարությունը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ պատրաստ չէ առերեսվել պատմությանը: Երկրորդ հռետորը հայտարարեց, թե Թուրքիան չի կարող արտաքին քաղաքականության առումով ունենալ զրո խնդիր, քանի որ 4 կողմից շրջապատված է թշնամիներով, ընդ որում՝ անպատասխան թողեց հայ մասնակցի հարցը, թե ո՞ր 4 երկրներն են դրանք: Այս պայմաններում բավական տարբերվող էին Ստամբուլի մշակույթի համալսարանի «Global political Trends Center»-ի տնօրեն Մենսուր Ակգյունի տեսակետները, որը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առավել կարեւորեց, քան իր երկրի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն են:
Նա նշեց, թե հետազոտություն են արել, որի մասնակիցների մոտ կեսը ցանկություն է հայտնել, որ կարգավորվեն հարաբերությունները Հայաստանի հետ: «Առավոտի» խնդրանքով պրն Ակգյունը փոքր- ինչ մանրամասն ներկայացրեց տվյալ հարցումը. «Մոտ հազար մարդ է մասնակցել այդ հետազոտությանը, որն անցած տարեվերջին անցկացվել է TESEV-ի (The Turkish Economic and Social Studies Foundation) հովանու ներքո, եւ արդյունքները հրապարակվել են բոլորովին վերջերս: Հետազոտության նպատակը հասկանալն էր, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության բովանդակությունը ողջունվո՞ւմ, թե՞ մերժվում է թուրքական հասարակական կարծիքի կողմից: Բազմաթիվ հարցեր են ուղղվել ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, այլ նաեւ Միջին Արեւելքում իրականացվող քաղաքականության մասին եւ այլն: Արդյունքները մեծ մասով հաստատական էին՝ աջակցում էին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը: Եվ հետազոտության արդյունքներից մեկն էլ հետեւյալն էր. երբ հարցրել էին, թե ընդհանուր առմամբ՝ ի՞նչ քաղաքական ու տնտեսական ակնկալիքներ ունեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացից, հարցման մասնակիցների մոտ 50%-ը (մի հարցի դեպքում 49% էր, մեկ ուրիշի՝ 54%) աջակցություն էր հայտնել հարաբերությունների կարգավորմանը: Եվ սա՝ չնայած պատմական խնդիրներին ու «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողմանը: Մենք կարծում ենք՝ սա շատ նշանակալի արդյունք է»:
Հետազոտության արդյունքներից մեկն էլ հետեւյալն է, որ Ադրբեջանը որպես բարեկամական երկիր երկրորդն է դիտվում՝ Իրանից հետո: Այս պայմաններում առավել ուշագրավ էր քննարկման ընթացքում նրա հայտնած տեսակետը, որ Թուրքիան շատ բան է կորցնում՝ հայ-թուրքական արձանագրություններն ավելի կարեւոր են, քան Ադրբեջանի հետ հարաբերությունները: Նման կարծիք երբեք չես լսի Թուրքիայում, որտեղ առավել տիրապետող է այն տեսակետը, թե Ադրբեջանը խիստ կարեւոր ու ռազմավարական գործընկեր է՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ «Global political Trends Center»-ի տնօրենն ասաց. «Ադրբեջանն իրոք կարեւոր գործընկեր է այս փուլում: Բայց միեւնույն ժամանակ՝ մեր բազմակողմ հարաբերությունները չպետք է դառնան Ադրբեջանի կամ Հայաստանի բարի կամքի պատանդը: Մենք պետք է գտնենք ուղի՝ բարելավելու հարաբերությունները: Թուրքական կողմից ակնհայտորեն թերըմբռնում կար, երբ նախաձեռնելով այս գործընթացը՝ հույս ունեին, թե կարող են համոզել ադրբեջանական կողմին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագայի վերաբերյալ»: Մեր զրուցակիցը նշեց, թե իզուր է իբրեւ նախապայման դիտարկվում ԼՂ խնդիրը կարգավորելու հարցը. «Թուրքիայի որոշ շրջանակներ, մանավանդ որոշումներ ընդունողները՝ ուղղակի առաջընթաց են ակնկալում հայ-ադրբեջանական բանակցություններում: Բայց եթե չկա առաջընթաց՝ չի նշանակում, թե պետք է այս ոչ նորմալ վիճակը շարունակվի հավերժ»:
Հետաքրքրվեցինք, թե ինքն է՞լ է կարծում, թե որեւէ հույս չկա, որ տեսանելի ապագայում կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Կարծում եմ, կա նման հեռանկար,- պատասխանեց Մենսուր Ակգյունը:- Քանի որ Թուրքիան հռչակել է «հարեւանների հետ զրո պրոբլեմների» քաղաքականություն եւ պետք է ուղիներ գտնի իրականացնելու այդ կարգախոսը»: Այս հիշատակումն առիթ դարձավ հիշեցնելու Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի բառախաղը, թե «չկա եւ ոչ մի հարեւան, որի հետ պրոբլեմ չունենանք»: «Global political Trends Center»-ի տնօրենն ի պատասխան պնդեց, թե շատ խնդիրների լուծման առնչությամբ տեղաշարժ կա՝ ասենք, Հունաստանի հետ հարաբերություններն են բավական բարելավվել եւ այլն. «Այնպես որ՝ կա առաջընթաց: Եվ եթե ուզում ենք, որ «զրո պրոբլեմների» քաղաքականությունն անդրադարձ ունենա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա, երկու կողմերն էլ պետք է ավելի կրեատիվ լինեն, քան եղել են նախկինում՝ գտնելու փոխզիջում: Եվ առանց կապակցելու մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ պետք է բարելավեն հարաբերությունները Հայաստանի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել