Երախտամոռության շքահանդես
Հայաստանի վերջին անկախացումից ի վեր կարծես անկախացավ նաեւ բուժհիմնարկները անվանակոչելու եւ անվանազրկելու գործընթացը: Եթե խորհրդային տարիներին բուժհիմնարկների անվանակոչումը կատարվում էր կառավարության մակարդակով, ապա հիմա այն թողնվել է տվյալ բուժհիմնարկի ղեկավարության հայեցողությանը: Ում մտքով ինչ անուն անցնի, այդ անունով էլ կանվանակոչի իր ղեկավարած սեփական կամ պետական հիմնարկը: Օրինակ, արդեն երկար տարիներ գործող Մեհրաբյանի անվ. Երեւանի բժշկական (ոչ պետական) ինստիտուտը անվանակոչված է այդ ինստիտուտի հիմնադիր ռեկտոր, միաժամանակ «Նոր Արաբկիր» ԱԿ տեղամասային թերապեւտ Լուիդա Մեհրաբյանի անունով: Այդ բուժհիմնարկում եմ աշխատում նաեւ ինքս եւ ամեն օր ականատես լինում գործընկերոջս, շարքային բժշկի մեծ եռանդին որակյալ բժշկական կադրեր պատրաստելու գործում, որ կատարում է հիմնական աշխատանքից ազատ ժամերին: Սակայն «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունը ավելի մեծ բարեկամս է»: Արդյոք պոլիկլինիկայում աշխատող երիտասարդ կնոջ, տեղամասային բժիշկ-թերապեւտի անունով կարելի՞ է կոչել բժշկական ինստիտուտ:
Մեկ այլ օրինակ: «Ս. Մալայանի անվ. աչքի կենտրոն» պետական ՓԲԸ հիմնարկությունը տնօրեն Ալեքսանդր Մալայանի նախաձեռնությամբ անվանակոչվել է ի հիշատակ հոր՝ բ.գ.թ., դոց. Սերգեյ Մալայանի: Մինչդեռ ավելի ազնիվ կլիներ կենտրոնը անվանակոչել Հայաստանում տեսական, գործնական եւ գիտական ակնաբուժության նախակարապետ, ԵրՊՀ բժշկական ֆակուլտետի ակնաբուժության ամբիոնի հիմնադիր եւ վարիչ (1925-35թթ.), Հայաստանի վաստակավոր բժիշկ Հայկ Կանայանի կամ մեկ այլ բազմավաստակ պրոֆեսորի՝ Բաբկեն Մելիք-Մուսյանի անունով: Այստեղ են ասել. «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Բոլորին է հայտնի, որ եթե մարդ ցանկանում է իր անվանի հոր կամ պապի սեփական տան պատին իր անձնական միջոցներով մի փոքրիկ հուշաքար փակցնել, պետք է քաղաքապետարանի համապատասխան բաժնին բազմաթիվ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնի ու տարիներով սպասի հանձնաժողովի դրական կամ, որ ավելի հաճախ է լինում, բացասական պատասխանին: Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ իրենց երեւելի նախնու համար հուշաքար փակցնելու որոշում չեն կայացնում՝ ստորացուցիչ քաշքշուկի մեջ չընկնելու կամ էլ ուղղակի չափազանց համեստ լինելու պատճառով, համարելով, որ մեծ երախտավորի վաստակը հուշաքարով չէ, որ պիտի անմահանա, այլ նրա կատարած գործերով:
Պարզվում է նաեւ, որ սեփական կամ պետական բուժհիմնարկը կարելի է անվանակոչել նաեւ բժշկության հետ կապ չունեցող անձանց անուններով:
Նախկինում չէինք զարմանում, որ Վ. Լենինի անունով էր կոչվում Հանրապետական կլինիկական հիվանդանոցը, իսկ Ն. Կրուպսկայայի անունով՝ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ԳՀԻ-ն:
Հիմա կա «Գրիգոր Նարեկացի» ԲԿ (նախկին թիվ 1 ծննդատան եւ 3 պոլիկլինիկաների միաձուլումից), որը անվանակոչվել է թերեւս այն տրամաբանությամբ, որ հանճարեղ Նարեկացու անզուգական Մատյանը դարեր շարունակ սնահավատ ժողովուրդը համարել է բուժիչ աղոթարան: Իսկ իրականում Գրիգորը ոչ մի կապ չունի բժշկության հետ, եւ եթե հանկարծ իմանա, որ իր անունով բուժհիմնարկների համալիր է գործում, գուցե թե նույնիսկ նեղանա ու գրի իր Ողբերգության մատյանի 2-րդ հատորը:
Կամ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը (նախկին 4-րդ մանկական հիվանդանոց) անվանակոչվել է շատ մակերեսային տրամաբանությամբ՝ հիվանդանոցը ուղղակի գտնվում է Մուրացան փողոցում: Մինչդեռ որքան երեւելի հայ բժիշկներ կան, որոնց անունով նույնիսկ մի հիվանդասենյակ չկա Հայաստանում: Կարծում եմ, որ Մխիթար Հերացու անվ. ԵՊԲՀ նոր ղեկավարությունը կմտածի բժշկության հետ որեւէ առնչություն չունեցող հայ գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, 1854–1908) անունը կրող այդ հիվանդանոցը կոչել հայ անվանի բժիշկներից որեւէ մեկի անունով, ովքեր այնքան շատ են ու նույնքան հանիրավի մոռացված:
Մի փոքր շեղվելով՝ ցանկանում եմ նաեւ հիշել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասին: Ի՞նչ են մտածել մարդիկ, երբ բանտը կոչել են Մեծ լուսավորիչ եւ մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունով: Մի՞թե նրա անձնական ողբերգությունը նրան քիչ է: Գործել է նույն տրամաբանությունը, ինչ Մուրացանի դեպքում՝ մարդու անունով ստեղծված տեղանունը (ք. Աբովյան) դարձել է հիմնարկի անուն:
Այստեղ կարեւորում եմ նաեւ ոչ հայ սրբերի անուններով բուժհիմնարկները կոչելու անհարկի որոշումները: Այս հարցում մեր առողջապահության այրերը ցանկացել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Թվենք այդ բուժհիմնարկները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ. առաջացել է նախկին Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի եւ եւս 4 բուժհիմնարկի միաձուլումից: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. առաջացել է նախկին Շտապ բժշկական օգնության հիվանդանոցի եւ եւս 4 բուժհիմնարկների միաձուլումից: «Սուրբ Մարիամ» ընտանիքի եւ առողջության կենտրոն:
(շարունակելի)