Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՍՏԻԿ ԵՆ, ԲԱՅՑ ՃՍՏԻԿ ԵՆ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Հայ կանայք, ճիշտ է, ցածրահասակ են, բայց լավագույն հարսի անվանակարգում առաջին հորիզոնականներում են

Միջազգային շուկայում հայ աղջիկների պահանջարկը միշտ բարձր է եղել: Անող-դնող, եփող-թափող մեր կանայք միշտ կարողացել են լավ ընտանիք պահել, հավատարիմ լինել, լավ հարս ու լավ մայր դառնալ: Վերջին տարիներին, երբ մեր աղջիկները սկսեցին ծխել, խմել, ազատ վարքով նմանվել օտարազգիներին, այդ պահանջարկը մի փոքր անկում է ապրել: Գլուխը կախ, միայն երեխա բերող եւ ամուսնուն հլու-հնազանդ ծառայող կինը հիմա ունենում է 1 կամ 2 երեխա, ուզում է պահպանել կազմվածքը, աշխատել, ինքնադրսեւորվել, հետ չմնալ կյանքի հաճույքներից:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցրեց, որ այն \"\"հայ աղջիկները, որոնք լավ դաստիարակություն են ստացել, միշտ էլ պահանջարկ կունենան միջազգային շուկայում, որովհետեւ այլազգի փեսացուները շատ են գնահատում մեր աղջիկների մաքրությունը, ամուսնու, երեխայի մասին հոգ տանելու, համեղ կերակուրներ պատրաստելու կարողությունը, տղայի ծնողներին խնամելու պատրաստակամությունը, որը նույնպես շատ կարեւոր է. «Արտերկրում մարդիկ զարմանում են հայ կնոջ դաստիարակության վրա, նրանց քրիստոնեական արժեքները բարձր են: Մի ծանոթ ունեմ, որը Գերմանիայում է ապրում, ասում է՝ երբ տղաս ամուսնացավ հայ աղջկա հետ, պատկերացում չունեինք, թե մեր հարսը ինչ ազգից է, Հայաստանն ինչ երկիր է, հետո տեսանք, թե ոնց է երեխա պահում, ինչ ճաշեր է պատրաստում, հատուկ եկանք Հայաստան, որ թոռս էլ տեսնի Հայաստանը ու մոր կաթի հետ ստանա էդ դաստիարակությունը, արժեքները»: Մեր հարցին՝ եթե իսկապես հայ կանայք այդքան մեծ պահանջարկ ունեն, ինչո՞ւ են հայ տղամարդկանց մի զգալի մասը նախընտրում ամուսնանալ այլազգիների հետ, հատկապես այդ շարքում հայ տղամարդու համար առաջին տեղում է ռուս կինը՝ պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Գիտեք, խնդիր են դրսի հայերի ամուսնությունները, նրանց շրջանում ազգամիջյան ամուսնությունները 30 տոկոս են կազմում, իսկ Հայաստանի ներսում՝ 6 տոկոս: Հայ տղամարդիկ գնում են Ռուսաստան, արտերկիր՝ աշխատելու, կապվում են մեկի հետ, միջամուսնական հարաբերություններ են ունենում, հետո կամաց-կամաց դա դառնում է ամուսնություն: Մեր աշխատողներից մեկը ինտերնետով ծանոթացավ օտարազգի մի տղայի հետ, ամուսնացավ ու նրան բերեց Հայաստան, հիմա փեսան հայերեն է սովորում, կամաց-կամաց դառնում է հայ: Պիտի կարողանալ օտարազգիներին բերել, ոչ թե գնալ: Երբ ամուսնանում են ու Հայաստանից գնում, արդեն փոխվում է մտածելակերպը, փոխվում են իրենք»:
Ինչ վերաբերում է հայ կանանց վարքի փոփոխություններին եւ ավելի քիչ երեխաներ ունենալուն՝ Ա. Ադիբեկյանը պարզել է. «Եթե տարիներ առաջ մայրաքաղաքում կանայք ունենում էին միջինը 2 երեխա, գյուղերում՝ 3, հիմա քաղաքում 1 երեխա են ունենում, գյուղերում՝ երկու: Այս առումով փոփոխություններ իսկապես նկատվում են, եւ դա պատահական չէ: Գյուղերում շատ վարսավիրանոցներ են բացվել, եւ կանայք ուզում են հմայիչ լինել, շատ ժամանակ ծախսել իրենց արտաքինի վրա: Բացի այդ, նախկինում գյուղերում շատ երեխա ունենալը ստատուս էր համարվում ազգականների մոտ: Այն հարսը, որ շատ երեխա էր ունենում, հարգվում էր, հիմա ազգականների հետ կապը ամուր չէ, եւ ստատուսի խնդիր էլ չի առաջանում»:
Հայ տղամարդիկ հարսնացու ընտրելիս որպես կանոն նախապատվություն են տալիս իրենցից ավելի կարճահասակ կանանց, արդյունքում՝ առանց այդ էլ ցածրահասակ մեր ազգը բոյովանալու, սերունդները փոխելու ոչ մի ջանք չի գործադրում: Մեր հարցին՝ դա նրանից է, որ հայ տղամարդիկ ուզում են ցույց տալ, որ իրենք ֆիզիկապես էլ իրենց կանանցից մի գլուխ բա՞րձր են՝ սոցիոլոգը պատասխանեց. «Իսկապես, մեր ազգը միջոցներ չի ձեռնարկում բարձրահասակ սերունդներ տալու: Եվրոպական արիստոկրատիզմը պահանջում է, որ կինը մի գլուխ բարձր լինի տղամարդուց, ու Եվրոպայում, երբ տղան հարսնացուին ծանոթացնում է ծնողների հետ, ասում է՝ տեսեք ո՞ւմ եմ բերել, ինձնից մի գլուխ բարձր աղջիկ եմ բերել: Մեզ մոտ սուտ դոմինանտություն է, որը բերում է ազգի ֆիզիկական կարողությունների սահմանափակման: Ի դեպ, հիմա միջազգային ստանդարտներով դպրոցական նստարանները, աթոռները, դռան բռնակները, ամեն ինչը պատրաստվում է 1,75 հասակի համար, դա է համարվում միջինը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել