Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Մադրիդում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի «Grand Prix» մրցաշարում իր համար անսովոր՝ 60 կգ քաշային կարգում հանդես եկած Ռոման Ամոյանը ոտքի վնասվածքի պատճառով չի մասնակցել Լեհաստանը ներկայացնող Էդվարդ Բարսեղյանի հետ եզրափակիչ գոտեմարտին, չնայած մյուս լրատվամիջոցները գրել էին, թե Ռոմանն իր հայրենակցին պարտվել է «չոր» հաշվով:
Երեկ արդեն Երեւան վերադարձած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաստատեց մեր տեղեկատվության իսկությունը: «Նպատակահարմար էինք համարել, որ Ռոմանն այս անգամ գոտեմարտի մեկ աստիճան բարձր քաշային կարգում, – ասաց պարոն Ջուլֆալակյանը: – Նա եզրափակչից առաջ, իսկապես, ոտքը ցավեցրել էր, ինչի համար որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ առջեւում անչափ պատասխանատու մրցումներ կան: Իսկ այն, որ հայաստանյան լրատվամիջոցները գրել են, թե նա, իբր, պարտվել է 0:5 հաշվով, հավանաբար, նրանց թյուրիմացության մեջ գցել է մրցաշարի պաշտոնական կայքը: Եթե ըմբիշը չի ներկայանում գոտեմարտի, կանոնակարգով նրան 0:5 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվում: Իսկ դրանք տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է Յուրի Պատրիկեեւին, թե, իբր, նա էլ պիտի հանդես գար Մադրիդում, դա արդեն սխալ տեղեկատվություն է: Յուրան կամ պետք է հանդես գար Մադրիդում, կամ՝ հունիսի 15-18-ը Մարիուպոլում անցկացված ուժեղ մրցաշարում՝ «Ազովմաշի գավաթի» խաղարկությունում, որին մասնակցելու էր 17 երկիր: Մենք նախընտրել էինք երկրորդը եւ Պատրիկեեւն այնտեղ հաղթող էր դարձել»: