Վոյչեխ Մարչեւսկին վարպետության դաս անցկացրեց
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է լեհ կինոռեժիսոր, «Անջեյ Վայդայի» կինոդպրոցի համահիմնադիր Վոյչեխ Մարչեւսկին:
Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում Վ. Մարչեւսկին ապագա ռեժիսորներին եւ դերասաններին ներկայացրեց ֆիլմ նկարելու իր տեսակետներն ու վարպետությունը:
Մասնագիտությամբ փիլիսոփա ռեժիսորն իր ռեժիսուրական կարիերան սկսել է դեռ մանկուց, բայց, իր խոսքով ասած՝ ճանապարհի կեսից փոշմանել է եւ որոշել փիլիսոփա դառնալ: Հոգնելով «փիլիսոփայությունից», հասկացել է, որ իր գործը միայն կինո նկարելն է:
«Ամեն նոր քաղաք գնալուց առաջ մեծ սպասելիքներ եմ ունենում: Ակնկալում եմ նոր բաներ, բայց հաճախ ոչ մի ակնկալիք էլ իրականություն չի դառնում: Հիմա Երեւանում եմ: Դեռեւս քաղում եմ ակնկալիքներիս պտուղները: Այս փառատոնն ինձ հուզել է, շատ ոգեւորվեցի, երբ ստացա «Ոսկե ծիրանին» մասնակցելու հրավերը: Հույս ունեմ՝ այստեղ իմ ֆիլմերը կհասկանան եւ կընկալեն այնպես, ինչպես ես եմ ցանկացել ներկայացնել»,- ասաց արվեստագետը:
Վ. Մարչեւսկին ապագա ռեժիսորներին ներկայացրեց ֆիլմ «ծնելու» իր տարբերակը: Ըստ նրա. «Մարդու վրա ազդելու ամենաուժեղ գործոնը անհատականությունն է: Վստահ եմ, որ այս դահլիճից դուրս գալիս իմ ետեւից շատերդ կասեք՝ գնա գրողի ծոցը, Վոյչեխ Մարչեւսկի»:
Ռեժիսորն ասում է, որ ֆիլմ ստեղծելն այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ բոլոր ֆիլմերը նույն բանն են ասում. «Նա նրան է սիրում, նա նրան չի սիրում… Բայց կա մի «բան», որը ստիպում է մեզ, հեռուսադիտողին՝ գալ կինոթատրոն եւ, օրինակ, Շեքսպիրի «Համլետը» 10 անգամ դիտել: Այդ մի «բանը»՝ ռեժիսորի եւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի անհատականություններն են: Ես այդ մի «բանն» անվանում եմ անհատական մատնահետք: Ռեժիսորը իր անհատական մատնահետքն է թողնում նույն պատմության վրա՝ ֆիլմի միջոցով»: Լեհ ռեժիսորի համոզմամբ. «Ռեժիսոր նշանակում է մանիպուլյատոր, ով բռնում է կինոդիտողին եւ ստիպում ինչ-որ հատվածում ծիծաղել, լաց լինել կամ ապրել այլ հուզական պահեր: Այսինքն՝ ողջ հուզական պրոցեսը ֆիլմի միջոցով ղեկավարում է: Ուղղակի այդ ամենն այնքան վարպետությամբ եւ անհատական ձեռագրով պետք է արվի, որ հաջողվի»: Իր ֆիլմերի սցենարները արվեստագետն անձամբ է գրում: Ասում է. «Ես լավ գիտեմ՝ որ կադրում ինձ ինչ է պետք, ի՞նչ կերպար, ի՞նչ պատմություն: Միակ բարդությունը, որ ունենում եմ, ֆիլմի սցենարի մուտքը գրելն է: Կարող եմ օրերով, անգամ ամիսներով մտորել սկզբի մասին, աշխատել դրա վրա: Ժամանակս չեմ ափսոսում դրա համար, քանի որ ամենակարեւորը նկարի մուտքն է իր հերոսներով, տեսարանով եւ խոսքով: Իմ կարծիքով, ֆիլմի հաջողությունը կախված է մուտքի հաջողված լինելուց: Կինոդիտողը առաջին րոպեներից է հասկանում՝ իրեն դուր կգա՞ նկարը, թե՞ ոչ…»: