Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱԿՈՒՐՈՎՆ ՈՒ ԿԻԿԱԲԻՁԵՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

Մհեր Մկրտչյանի «DED-005»-ի նկարահանումները շարունակվում են

\"\"

«DED-005» նոր ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է՝ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի եղբոր որդին: «Ցանկանում եմ նկարահանել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է ռուս դիվանագետը, Հայաստանում աշխատելու ժամանակ, սիրահարվում հայ գեղեցկադեմ աղջկա: Իսկ ավելի հստակ՝ ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի» (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ եւ դավաճաններ է բացահայտել) եւ իր թոռան՝ Անդրեյի շուրջ: Երբ պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ Երեւանում Անդրեյը ծանոթանում եւ սիրահարվում է հարեւանուհուն՝ հմայիչ, գեղեցկադեմ ուսանողուհի Աննային»,-  ներկայացնում է ռեժիսորը:
Ֆիլմի պրոդյուսերը Արամ Բաբաջանյանն է: Նրա խոսքով՝ «Ֆիլմի աշխարհագրությունը սահմանափակվում է Երեւան-Մոսկվա չվերթով: Նկարը հիմնականում ռուսական լսարանի համար է»:
Ֆիլմի գլխավոր հերոսը ռուս հեղինակավոր դերասան Սերգեյ Շակուրովն է: Ասում է, որ հավանում է Երեւանն ու երեւանցիներին, ափսոսում է, որ ազատ ժամանակ գրեթե չի ունենում:
«Ֆիլմի գլխավոր դերում հանդես գալու գաղափարը հենց ռեժիսորինն էր: Մհեր Մկրտչյանն ինձ զանգեց ու առաջին անգամ մենք բավական երկար խոսեցինք, քննարկեցինք: Հետո կարդացի սցենարը, այն ինձ դուր եկավ»,- ասում է Ս. Շակուրովը:
Շակուրովի խաղընկերը համախորհրդային «Միմինոն» է՝ Վախթանգ Կիկաբիձեն: 7-8 ժամ տեւած նկարահանումներից չի հոգնել, ասում է. «Ինձ համար մի բան է կարեւոր. եթե մի գործ եմ անում, ապա պատասխանատու եմ, անում եմ այնպես, որ լավ լինի»:
Ի՞նչն է Շակուրովին կապում Հայաստանին: Արվեստագետը նշում է. «Կինս հայ է, շատ հայ ընկերներ ու մտերիմներ ունենք: Ցավոք, հայերեն չեմ կարողանում խոսել, մի քանի բառ գիտեմ ընդամենը»:
Ինչպես Շակուրովը, Կիկաբիձեն եւս հպարտությամբ է ասում, որ շատ հայ ընկերներ ու ծանոթներ ունի: Սիրում է գիշերային Երեւանը, չի սիրում, երբ իրեն հարցեր են տալիս իր իսկ հեղինակած երգերից կամ էլ կինոյում մարմնավորած դերերից: «Երեւանում շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ: Ինչպես միշտ, այս անգամ եւս կայցելեմ իմ լավ բարեկամ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան»,- նշում է Կիկաբիձեն:
Նա ասում է, որ հաճելի զգացողություններ է ապրել, երբ տեսել է «Միմինոյի» արձանախումբը՝ Դիլիջանում. «Այդ հուշարձանը երկար պատմություն ունի: Մոտ 4-5 տարի առաջ ինձ զանգեցին Մոսկվայի Պետդումայից, ասացին, որ Չիստիե Պրուդիում ցանկանում են «Միմինոյի» կերպարների հուշարձանը տեղադրել, որը ազգերի բարեկամություն էր ենթադրում: Հետո հավանաբար չուզեցին, վերջապես հուշարձանը եկավ Հայաստան»:
Հարցին՝ ինչո՞ւ հենց Դիլիջանում, Կիկաբիձեն առանձնակի հպարտությամբ է ասում. «Ի պատիվ իմ լավ ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսի՝ Ռուբիկ Խաչիկյանի հայրենի քաղաքի»:
Ֆիլմի ստեղծագործական խումբը հոնորարների եւ բյուջեի մասին չբարձրաձայնեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել