Երեքշաբթի օրն անհայտ անձինք պայթեցրել են Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսով անցնող գազամուղը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Սա արդեն եգիպտական վառելիքը Իսրայել հասցնող գազատարի պայթեցման չորրորդ դեպքն է:
Ականատեսների ասելով, չարագործները հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա, հետո պայթեցրել են Ալ-Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվող կայանը: Իսրայելը պնդում է, որ գազը գնում է շուկայական գնով: Սինայի նահանգապետը եւ անվտանգության ծառայության ղեկավարը ժամանել են դեպքի վայր, անվտանգության աշխատակիցները սկսել են հանցագործների որոնողական աշխատանքները: Հրշեջները երկար ժամանակ փորձել են հանգցնել պայթյունի հետեւանքով ծագած հրդեհը:
Եգիպտական Gasco գազափոխադրող ընկերությունը, որը հանդիսանում է EGAS-ի գազի ազգային ընկերության դուստր ձեռնարկությունը, արդեն մոտ էր գազատարի վերականգնման աշխատանքների ավարտին եւ նախատեսում էր դրանք ավարտել արդեն առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: Նախորդ անգամ գազատարը պայթեցվել էր հուլիսի 4-ին: Անվտանգության ծառայության աղբյուրների մատուցմամբ, այն ժամանակ անհայտ անձանց մի խումբ, որը զինված է եղել գնդացիրներով, կայան էր ժամանել փոքր բեռնատարով, ստիպել էր անվտանգության աշխատակիցներին փախչել, իսկ հետո տեղադրել էր պայթուցիկ սարքեր եւ դրանք գործի դրել: