Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր մեդիան կլանելու է ավանդականներին»

Հուլիս 13,2011 00:00

\"\"Հայաստանում մարդիկ դեռեւս փնտրում են «պոռնո» կամ «Одноклассники» բառերը

«Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ փնտրում են լուրեր, եկել են ժամանակները, երբ լուրերն են փնտրում մարդկանց»,- կարծում է «Ռադիո Վանի» լրագրող-բլոգեր Արման Սուլեյմանյանը: Նրա հետ «Առավոտը» խոսեց երեկ՝ «Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքը 2011թ.» թեմայի քննարկման ժամանակ: 2010թ. նոյեմբերից Եվրասիայի համագործակցության հիմնադրամը, «Ինտերնյուսը», Երեւանի մամուլի ակումբը՝ ԱՄՆ-ի Զարգացման գործակալության ծրագրի աջակցությամբ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են անցկացրել՝ պարզելու նոր մեդիայի միտումները, ավանդական լրատվամիջոցների կարգավիճակը եւ հասարակության շրջանում լրատվամիջոցների վստահելիության աստիճանը: Հարցումներին մասնակցել է 1420 ընտանիք՝ բոլոր մարզերից, հարցաթերթիկները պարունակել են 90 հարց: Կազմակերպվել է 8 ֆոկուս խմբի քննարկում, խորացված հարցազրույցներ լրատվամիջոցների ղեկավարների, հ/կ-ի ներկայացուցիչների հետ: Կազմակերպիչները հավաստում են՝ հարցումներն անանուն են եւ փակ:
Լրագրող-բլոգեր Արման Սուլեյմանյանը հետեւեց սոցիոլոգիական արդյունքներին, տեսավ այն պատկերը, ինչ սպասում էր. նոր մեդիան կլանելու է ավանդական լրատվամիջոցներին, ինչպես նաեւ՝ նոր մեդիան Հայաստանում դեռեւս ընկալվում է որպես մի քանի սոցիոլոգիական ցանց: «Այսօր ինչ ներկայացրին ուսումնասիրություն իրականացնողները, մենք ամեն օր տեսնում ենք մեր կայքի վիճակագրությանը հետեւելիս: Գաղտնիք չէ, որ 70% այցելուներն այսօր փնտրում են «պոռնո», «Одноклассники» բառերը, միայն սա հուշում է, թե հասարակությունն ինչ է ուզում»,- ասում է Արման Սուլեյմանյանը:
Ժամանակի միտումները «Ռադիո Վանում» երկու տարի առաջ են զգացել, ստեղծել են ավանդական լրատվամիջոցի ինտերնետային տարբերակը, հետո հասկացել՝ պետք է «փնտրել» լուր կարդացողին, «ինտեգրվել» են սոցիալական ցանցերում: «Մենք չպետք է մոռանանք նոր մեդիայի ամենագլխավոր առավելությունը՝ հետադարձ կապը»,- ասում է լրագրող-բլոգերը՝ համամիտ լինելով, որ ռադիոյով այսօր մարդիկ նախընտրում են երաժշտություն լսել. «Կայքէջը հնարավորություն է տալիս լսել երաժշտություն՝ միաժամանակ լուրեր կարդալով»,- ասում է նա:
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Հեղինե Մանասյանը «Առավոտի» հետ զրույցում առանձնացրեց հետազոտման արդյունքում իրենց եզրակացությունները: Ըստ նրա՝ այն, ինչ հասարակությունը կուզենար տեսնել, չի առաջարկվում մեդիայի կողմից. այլակարծությունը, մեդիայի ազատությունը, վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ այն մակարդակի վրա չեն, որ հատուկ է ժողովրդավարական երկրներին: «Նոր մեդիան կլանելու է ավանդական լրատվամիջոցներին»,- ասում է նա: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս՝ ինտերնետը գործնական նպատակներով քիչ է օգտագործվում, այն այնքան էլ նպատակային չի ծառայում:
«Միտումների խնդիր կա: Եթե ավանդական մեդիայի տարածվածությունը նվազելու միտում ունի, ապա առցանց մեդիայի դեպքում այն աճում է: Դա նշանակում է, որ ավանդական մեդիան եթե չտեղափոխվի առցանց, միջոցներ չձեռնարկի բովանդակության անկախություն ձեռք բերելու համար, հասարակության պահանջներին չարձագանքի, ապա իր ճակատագիրը տխուր կարող է լինել»,- ասում է տիկին Մանասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել