Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

Հուլիսի 15-29-ը Շուշիում կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը՝ ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի: Սիմպոզիումը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ: Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադդալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, քանդակագործներ, նկարիչներ (թվով՝ 22): Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն: Հավաքի ընթացքում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրը ազատ թեմայով կկերտի իր քանդակը Շուշվա կրաքարից՝ այն նվիրելով քաղաքին: Նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի եկեղեցին: Ստեղծագործական ողջ ընթացքը կվավերացվի իտալական «Ստուդիո կալիի» կողմից ստեղծվող վավերագրական ֆիլմում, որտեղ նաեւ անդրադարձ կլինի Հայաստանի, Արցախի ու Արեւմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ըստ արդեն ստեղծված նախնական պայմանավորվածության՝ ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» հեռուստատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել