Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՄԻ ՔԻՉ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ…

Հուլիս 13,2011 00:00

Այս խնդրի մասին գրելը շատ անշնորհակալ գործ է: Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե խրատ ես տալիս: Կարող են քրքրել քո կենսագրությունը եւ հայտարարել,  որ դու ինքդ անբիծ չես, եւ այսպիսի դեպքերում չես կարող ապացուցել, ռուսական հայտնի առածի պես, որ դու ուղտ չես…

Բայց ահա բոլոր երկյուղները դնելով մի կողմ, ուզում եմ մի քիչ խորհրդածել՝ բարոյականությունը ի՞նչ է, կա՞, թե՝ չկա: Ոչ ընդհանուր իմաստասիրական տեսակետից, այլ մեր միանգամայն կոնկրետ իրականությունից ելնելով:
Երկու տարի առաջ իմ ընկերներից մեկը պատմեց, որ իր մոտ է եկել մի տիկին, ներկայացրել արդեն գրված ատենախոսությունը եւ խնդրել դառնալ իր գիտական ղեկավարը: Մարդը կարդացել է ատենախոսությունը, զարմացել բարձր մակարդակի վրա, հետո մի փոքրիկ կասկած է ընկել սիրտը, եւ իր գործընկերներին խնդրել է ստուգել, թե ինչքան է ինքնուրույն աշխատանքը: Ստուգել են եւ պարզվել է, որ տեքստի ջախջախիչ մեծամասնությունը հանված է ինտերնետից: Ապագա ղեկավարը ասել է այդ մասին տիկնոջը, բնականաբար հավելելով, որ ինքը ղեկավար լինել չի կարող: Եվ մտածել է, ինչպես ամեն նորմալ մարդ, որ տիկինը այլեւս չի փորձի բացահայտ գրագողությունը ներկայացնել պաշտպանության: Բայց տիկինը միանգամայն անկեղծ ասել է. «Է, հիմա բոլորն էլ այդպես են անում»: Հետո տիկնոջ ամուսինն է եկել, փորձել համոզել, ինչ-որ բաներ խոստանալ, բարեկամս նրան պարզապես դուրս է վռնդել:
Այս պատմությունը ես մոռացել էի: Բայց բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ տիկինը փոխել է ատենախոսության վերնագիրը եւ այն պաշտպանության ներկայացրել գիտական ինստիտուտներից մեկում: Բարեկամս այդ հաստատության հետ առնչություններ ունի եւ զգուշացրել է ղեկավարներին, որ ատենախոսությունը գրագողություն է: Այնուամենայնիվ, աշխատանքը ընդունել են պաշտպանության եւ արտաքին կարծիքի են ուղարկել Պետհամալսարանի ամբիոններից մեկը: Այստեղ էլ գրագետ մարդիկ են եղել, բացահայտել են նորից գողությունը եւ համապատասխան ոգով կարճ պատասխան են գրել ուղարկող հաստատության պաշտպանության խորհրդին: Այստեղ գոնե պատմությունը պետք է ավարտվեր: Բայց ասում են, որ չի ավարտվել: Պաշտպանությունը ոչ թե չեղյալ են հայտարարել, այլ հետաձգել են ատենախոսի խնդրանքով…
Այս պատմությունը, թերեւս, հիմք է տալիս խոսելու գիտական որակավորման համակարգի թերությունների մասին. ետխորհրդային տարածքներում հիմա այդ մասին շատ են խոսում: Բայց դա բոլորովին ուրիշ խնդիր է: Ինձ էլ, կարծում եմ՝ ձեզ էլ ապշեցնում է գիտական կոչումի հավակնող տիկնոջ ցինիզմի եւ անբարոյականության աստիճանը: Հապա պաշտպանության խորհրդի վերաբերմունքը: Գործընթացը սկսում են, թեեւ տեղյակ են գրագողության փաստին: Իսկապես, «հիմա բոլորն էլ այդպես են անում»: Իհարկե, ոչ բոլորը: Միշտ էլ մարդիկ կան, որոնց արյան մեջ հակաթույն կա ցինիզմի, անբարոյականության դեմ: Չլինեին այդպիսի մարդիկ, մարդկությունը հիմա վաղուց ինքն իրեն ոչնչացրել էր: Բայց համարձակ տիկինը իրավունք ուներ այդպես արհամարհելու մի ժամանակ տարրական համարվող նորմերը: Եվ վախենամ, թե տիկինը իր համառությամբ հասնի իր նպատակին, որովհետեւ ահա կգտնվեն համապատասխան խորհուրդ ու խորհրդի նախագահ…
Այսօրվա մեր հասարակական մթնոլորտում մի սարսափելի հիվանդություն է տարածվում, որը կարելի է անվանել բարոյական հարաբերականություն (ռելյատիվիզմ): Այսինքն՝ այն, ինչ մեզ բացարձակ ու անփոխարինելի էր թվում, այսօր դառնում է անցողիկ, հարաբերական: Օրինակ, գրագողության ու ամեն տեսակի գողության անպայման մերժումը: Կամ կաշառակերության հանդեպ վերաբերմունքը, մանավանդ՝ կրթության եւ գիտության ասպարեզում: Պատկերացնո՞ւմ եք պրոֆեսորի, որը իր կաբինետում ուսանողներին գնահատականներ է նշանակում՝ կողքին դրած բաց տոպրակը, որի մեջ ուսանողը գցում է խստորեն սահմանված «աջահամբույրը»: Շատ շուտով նրա տոպրակը լցվում է, եւ նա գոհ սրտով տուն է գնում: Եվ հետո այդ դասախոսը ամբիոնից խոսում է մարդկության ստեղծած արժեքների, ժողովրդի ու հայրենասիրության մասին…
Ես էլ, դուք էլ գիտենք, որ մարդկային զանազան բարոյական ախտերը ոչ այսօր են սկսվել, ոչ էլ այսօր վերանալու են: Ես այստեղ խոսում եմ ուրիշ բանի մասին՝ հասարակության մեջ ի՞նչ վերաբերմունք կա ահա այդ ախտերի հանդեպ: Եթե մի հասարակություն ոչ միայն անտարբեր է, այլեւ հանդուրժող դրանց նկատմամբ, ուրեմն այդ հասարակությունը ծանր հիվանդ է:
Եվ հետո չպետք է զարմանանք, որ իմ հիշած պատմությունների հերոսները դառնում են այդ նույն հասարակության հերոսները: Ասենք, կաշառակեր դասախոսը, որը ուսանողների պահանջով զրկվում է դասախոսություններ կարդալու իրավունքից, հանկարծ ստանում է հասարակության մեջ բարձրագույն համարվող մրցանակը: Այսպես է դրսեւորվում բարոյական ռելյատիվիզմը մեր այսօրվա հասարակության մեջ: Ահա պատմեմ մի վերջին պատմություն: Պատկերացրեք մի մարդու, որն իր կյանքում մի քանի անգամ դարձել է քրեական սկանդալների հերոս: Եվ այդ սկանդալները՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվելը, հիմնարկի փողերը յուրացնելու համար աշխատանքից ազատվելը, դարձյալ ուսանողների պահանջով բուհից վռնդվելը, սրան գումարած ավելի մեղմ հանցանքներ, օրինակ՝ զրպարտությունը տարբեր անձանց նկատմամբ եւ այլն, հասարակությանը, գոնե նրա մի մասին լավ հայտնի են: Թվում է՝ մարդը պետք է աշխատի ստվերում մնալ եւ չհիշեցնել այս բոլորը: Բայց ոչ միայն ստվերում չի մնում, այլեւ սկսում է պայքարել պետական բարձր պարգեւի, ասենք՝ մշակույթի, թե արվեստի վաստակավոր գործչի կոչման համար: Եթե փորձենք այս մարդուն բնութագրել, պետք է հիշենք ռուսական հայտնի խոսքը՝ ԹՈվՖՍՈ-ՉրՑՈվՍՈ: Ինչպես ուզում ես դիր, ինչ մեղքի մեջ ուզում ես՝ բռնացրու, այս Վանկան թռչում, ուղիղ կանգնում է: Մի խոսքով, շատ հետաքրքրական տիպ եւ շատ ժամանակակից տիպ: Ասում են, ինքն է սկսել ստորագրություններ հավաքել իրեն պատվավոր կոչում տալու պահանջով: Ահա նորից գործ ունենք բարոյական ծանր հիվանդության՝ ցինիզմի հետ: Ամենազարմանալին այն է, որ ցինիզմը գերազանց արդյունքի է հասցնում՝ իր ուզած կոչումն ստանում է:
Խոսքս դարձյալ հասարակության մասին է: Եվ նաեւ՝ պետության: Ինչպե՞ս է լինում, որ մարդիկ, որոնք չէին կարող չիմանալ մեր հերոսի այս արկածների մասին, նրան ներկայացնում են պատվավոր (մի լավ մտածեք՝ պատվավոր) կոչման, որը վավերացվում է հանրապետության նախագահի ստորագրությամբ ու կնիքով: Կամ, եթե չգիտեին, պարտավոր էին համոզվել, որ մարդու կենսագրությունը համապատասխանում է պատվավոր կոչմանը, որ այդ մարդը նույն այդ կենսագրությամբ (ու նաեւ ծառայություններով) լավագույնն է իր բնագավառում: Բայց, ինչպես ասում են, ավաղ…
Վերը նշված քաջագործությունները կարծես թե վերաբերում են կոռուպցիայի բնագավառին: Հիմա մենք, այսինքն՝ մեր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դե՞մ, թե՝ այն խրախուսում: Կարծում եմ, չափազանց դժվար հարց եմ առաջադրում մեր առանց այն էլ հոգնած հասարակությանը…
Վերադառնում եմ բարոյական նորմերի հարաբերականությանը: Հիմա մենք հասել ենք այդ հարաբերականության դասական դրսեւորմանը: Պետական բարձրագույն մարմինների եւ հասարակության համար բարոյական նորմերը դարձել են այնպիսի մի անկարեւոր բան, որ կարելի է հաշվի չառնել: Եվ այդ դեպքում պատվավոր անվանված կոչումը կորցնում է իր իմաստը: Որովհետեւ այս դեպքում որտե՞ղ փնտրենք պատիվը…
Մեր ժամանակներում Նժդեհին շատ են դիմում: Նժդեհի ամենաշատ հիշվող խոսքերից մեկը հետեւյալն է. «Պարտության է ենթակա այն ազգը, որ չունի ամուր դպրոց»: Եկեք դպրոցի փոխարեն դնենք բարոյականությունը: Կստացվի՝ «Պարտության է ենթակա այն ազգը, որը չունի հստակ եւ ամուր բարոյական չափանիշներ»: Սխա՞լ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել