Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՈՒՄ՝ ԽՈԶԻ ՄՍԻ ՃՆԳԱԺԱՄ

Հուլիս 13,2011 00:00

Կապանի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ դժվարությամբ են կարողանում խոզի միս գտնել խանութներում: Քաղաքի խանութներում խոզի միս կամ չկա, կամ քիչ է եւ արագ սպառվում է:
Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի՝ հավաստի չեն լուրերը, թե մսի պակասը պայմանավորված է խոզերի շրջանում հիվանդությունների ու վարակների առկայությամբ:
Պաշտոնյան նկատեց, որ խոզի մորթը հիմնականում գարնանն ու աշնանն է լինում, իսկ այս սեզոնին, երբ եղանակը տաք է եւ մսի շուտ փչանալու ռիսկ ու վտանգ կա, մսավաճառները նպատակահարմար են համարում քիչ միս վերցնել վաճառքի: Այս սեզոնին ստիպված խոզ են մորթում այն խոզաբույծները, ովքեր խոտհունձի ժամանակ գումարների կարիք են ունենում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչ Արթուր Խաչատրյանի փոխանցմամբ՝ գարնան մորթից առաջ ծնված խոզերը 3-5 ամսական են եւ ենթակա չեն մորթի, անասնատերերի համար ձեռնտու չէ մորթել քիչ քաշ ունեցող խոզերին: Շատ ավելի շահավետ է այս ամիսներին խոզերին անտառում բաց թողնել, լավ կերակրել եւ արդեն աշնանը՝ մորթել: Ըստ մասնագետների, սա է այսօրվա դեֆիցիտի պատճառը: «Բարեբախտաբար, խոզերի շրջանում վարակներ չկան, միայն պարազիտային հիվանդություններն են գլուխ բարձրացրել որոշ անասունների շրջանում: Անասնապահները բուժում են, հետեւում են եւ վարակված կենդանիները վերականգնվում են»,- ասում է պարոն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել