Աշխատատեղեր չկան, տարածքը փոքր է, աշխատավարձը՝ ցածր, կոյուղին՝ խցանված
Կապանի նախկին պետական ճարտարագիտական քոլեջը, ընթացիկ տարվա մայիսից վերանվանվել է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, պետք է դառնա տարածաշրջանային ուսումնամեթոդական կենտրոն: Այդ նպատակով արդեն աշխատանքներ տարվում են: Եվրամիության «Աջակցություն պետական բյուջեին» ծրագրով քոլեջում սկսված շինարարությունը դեռ շարունակվում է եւ պետք է ավարտվի մինչեւ ուսումնական տարվա սկիզբ: Նույն ծրագրով, բացի շիննորոգման աշխատանքներից, նաեւ նյութատեխնիկական բազայի բարելավում, մանկավարժ կադրերի վերապատրաստում կիրականացվի. մոտ 35 դասախոս վերապատրաստվել է, վերազինվել են լաբորատորիաները: Բայց տարածքի խնդիր է առաջացել ու ստիպված նորոգել եւ օգտագործելու են նաեւ նկուղային հարկերը՝ որպես լաբորատորիաներ եւ արհեստանոցներ:
Քոլեջը բազմագործառույթային ուսումնական հաստատություն է եւ իրականացնում է միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, կրթական ծրագրեր, արհեստագործական եւ կարճաժամկետ դասընթացներ՝ տարբեր մասնագիտություններով. շինարարություն, տրանսպորտի կառավարում, լեռնահանքային արդյունաբերություն, տնտեսագիտություն, կապ եւ հաղորդակցություն, նախադպրոցական կրթություն, տարրական դասարանների դասվար, իրավագիտություն, սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում, տրանսպորտի միջոցների շահագործում, հասարակական սննդի կազմակերպում, փաստաթղթավարություն եւ այլն: Քոլեջը 400 ուսանող ունի, այս տարի էլ 141 շրջանավարտ է տվել: Բարձր առաջադիմություն ցուցաբերած 10-15 ուսանող ուսումը տնտեսագիտական, ագրարային, մանկավարժական, ճարտարագիտական համալսարաններում եւ Գորիսի մանկավարժական համալսարանի 2-րդ կամ 3-րդ կուրսերում շարունակելու արտոնություն է ստացել:
Ըստ քոլեջի տնօրեն Մարատ Սարդարյանի՝ ամենացավոտ ու կարեւորագույն խնդիրն այսօր շրջանավարտներին աշխատանքով ապահովելն է: «Մենք ունենք աշխատանքային խումբ, որը միշտ կապի մեջ է գործատուների հետ, պարբերաբար ուսումնասիրում է աշխատաշուկայի պահանջները, պարտադիր ուսումնասիրում ենք, թե ինչ ուղղություններով է զարգանում մարզը, ըստ այդմ էլ նախատեսում ենք, թե ինչ մասնագիտություններով ուսուցում կազմակերպենք: Անցած տարվանից սկսել ենք զբոսաշրջության կազմակերպում ուսուցանել՝ հաշվի առնելով, որ մարզը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ ունի: Անցած տարի քիչ են եղել դիմորդները, հուսով ենք՝ այս տարի կշատանան:
Հաջորդ խնդիրը ցածր վարձատրությունն է: Արհեստագործական մասնագիտություններ դասավանդող ուսուցիչների աշխատավարձը հավասարեցված է հանրակրթական դպրոցների մանկավարժների աշխատավարձին, իսկ քոլեջային ուսուցում իրականացնող դասախոսներինը մոտ 3 անգամ ցածր է՝ չնայած ավելի բարձր կրթություն են տալիս: Նույն հաստատությունում աշխատելով, նույն աշխատանքը կատարելով՝ անհավասար են վարձատրվում»,- ասաց Մարատ Սարդարյանը:
Այս ուսումնակրթական խնդիրների կողքին կենցաղային ցավոտ հարց կա. ջրահեռացման համակարգը խաթարված է, արդյունքում քոլեջի մատույցներում հակասանիտարական վիճակ է, որից տուժում են բոլորը՝ թե ուսանող, թե դասախոս:
Քոլեջի տնօրինությունը այս մասին բազմիցս է բարձրաձայնել, դիմել պատասխանատուներին, նշել, որ 1994 թվականից՝ վթարի հետեւանքով չի գործում Կապանի Գ. Արզումանյան փողոցով անցնող կեղտաջրերի հեռացման խողովակաշարը, որի հետեւանքով քաղաքի Բաղաբերդ թաղամասի՝ դեպի Ողջի գետն ընկած շինությունների կոյուղու կեղտաջրերը չեն հասնում գլխավոր գծին, թափվում են Ողջի գետի հունից դուրս՝ Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի տարածքի չգործող դիտահոր՝ ստեղծում հակահիգիենիկ վիճակ: «Բազմիցս դիմել եմ բոլոր պատասխանատու կառույցներին՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնին, «Հայջրմուկոյուղի» ընկերությանը, բայց հարցը չի լուծվում: Նամակներին չեն պատասխանում: Ի վերջո, վտանգավոր վիճակ է, վարակների տարածման ռիսկ կա: 2010 թվականին եմ վերջին անգամ դիմել «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, երբ Եվրամիության «Աջակցություն պետական բյուջեին» ծրագրով շինարարական աշխատանքների ժամանակ հնարավոր էր որոշակի ֆինանսական միջոցներ նպատակաուղղել խնդրի լուծմանը: Բայց հարցը դեռ չի լուծվել»,- ասաց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Մարատ Սարդարյանը: Նա կարծում է, որ կեղտաջրերի հեռացման եւ հետագայում հակահիգիենիկ եւ ռիսկային վիճակների բացառման համար հարկ է ոչ թե պարբերաբար խցանվող խողովակաշարը մաքրել, այլ այն հեռացնել ուսհաստատության մատույցներից:
«Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանն էլ մեզ ասաց, որ քոլեջի կողմից ահազանգերը բազմաթիվ չեն եղել, մեկ անգամ են դիմել կոյուղատարի խցանման հարցով, իրենք էլ մասնագետներ են ուղարկել եւ խցանումը վերացրել: «Եթե էլի խցանում կա, թող դիմեն մեզ, էլի կվերացնենք դա, մենք որեւէ խնդիր չունենք: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեզ դիմել են, որ կեղտաջրերի խողովակաշարը տեղափոխենք տարածքից, ապա առաջարկն այդպես էլ մնաց, իրենց կողմից քայլեր չձեռնարկվեցին, եւ սայլը տեղից չշարժվեց», – նշում է պարոն Գեւորգյանը: