Ուղիղ 1 տարի առաջ այս օրը Էրեբունու գերեզմանատուն այցելելիս Աշոտ Չիթիրյանը հանգուցյալ հոր, Հայրենական պատերազմի վետերան Հովհաննես Չիթիրյանի գերեզմանի հարեւանությամբ հայտնաբերեց մեկ այլ հանգուցյալի, որին ամփոփել էին հոր կողքին, իրենց գերեզմանում: Մեր մի քանի հրապարակումներն այդ մասին հունից հանեցին «նորեկ» հանգուցյալի հարազատներին, որոնք խոստացան անգամ «հարցը այսպես չթողնել», զայրույթի սլաքն ուղղելով ինձ, այլ ոչ թե այնտեղ, որտեղ որ պետք էր:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի քննությունը դեռ չի ավարտվել եւ շարունակվում է: Ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչի, երկու հանգուցյալների հարազատների ներկայությամբ քանդվեց գերեզմանը եւ փաստվեց, որ այդ գերեզմանում 2 հանգուցյալ է ամփոփված:
Երեկ Աշոտ Չիթիրյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց տարածքում թաղված հանգուցյալի դին առաջիկա 2 օրերի ընթացքում հանվելու է եւ վերաթաղվելու: Այդ մասին նրան տեղեկացրել էին ոստիկանները: Այս գործով մեղադրանք դեռ չի առաջադրվել, մեղադրյալ չկա: