Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես վկա՝ ոստիկանությունում

Հուլիս 13,2011 00:00

2009թ. հունիսի 6-ին, ժ.19.20-ին Գեղարքունիքի մարզպետարանի մոտ հայտնաբերվեց 1962թ. ծնված Գեորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով:
Սպանությունից 2 օր առաջ Գ. Բիձյանը եղել էր «Առավոտում» եւ ինձ հանձնելով իր օրագիրը, եւս մի շարք տպագիր նյութեր, ասել էր, թե իրեն սպառնում են, եւ խնդրեց այդ կապակցությամբ լինել Գավառում: Նա տպագրվում էր «Առավոտում» «Գեւորգ Մարդպետունի» կեղծանունով:
Գ. Բիձյանն իր միջոցներով տպագրել էր «Ինչ է կանացիությունը» եւ «Հայհոյանք» գրքույկները:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ ինձ որպես վկա հարցաքննել էին:
Ի դեպ, այդ ժամանակ էլ ես ոստիկանությանն էի հանձնել Բիձյանի՝ ինձ տրամադրած «Քաղաքական օրագիրը» (37 էջ)՝ «Խնդրագիր» անունով (3 էջ), «Մականունների երկիր, թե մականունների քաղաքականություն» (17 էջ), «Ով է պետությունը» (5 էջ) մեքենագիր տեքստերը, ակնկալելով, որ դրանք գուցե օգնեն բացահայտելու հանցագործությունը:
Երեկ կրկին հրավիրվել եմ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, ՀԿԳ քննիչ Ղազար Գեւորգյանի մոտ լրացուցիչ հարցաքննվելու: Պարզվեց, որ գործի քննությունը շարունակվում է եւ դեռ մարդասպանը չի հայտնաբերվել:
Այս գործի շրջանակներում որպես վկա պետք է լրացուցիչ հանդես գար նաեւ «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանը, սակայն նա ավտովթարից մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել