Լրահոս
Օրվա լրահոսը

13 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

\"\"«Առավոտը» դեռ անցյալ տարի («Ով եւ ինչու այրեց նոտարական գրասենյակը») հրապարակմամբ տեղեկացրել էր Նոր Նորքի նոտարական գրասենյակի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի «հրդեհի», կասկածյալների մասին:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, կնիքներ հափշտակելու, գույքը դիտավորությամբ վնասելու, խարդախություն եւ ավազակություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն պահելու համար «հրդեհն» իրականացնող Մանվել Բատիկյանին վերջերս դատապարտել էր ազատազրկման:
Պարզվեց, որ 2008թ. դեկտեմբերի լույս 29-ի գիշերը Մ. Բատիկյանը Վ. Խաչատրյանի միջոցով կազմակերպել է Երեւանի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գ. Ենգիբարյանի կնիքի ռետինե շերտի ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակությունը եւ այդ փաստը թաքցնելու նպատակով կազմակերպած հրկիզման եղանակով նոտարի աշխատասենյակի գույքի դիտավորյալ վնասումը:
Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ն. Խաչատրյանի հետ, 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ պաշտպանիչ պիտակների օգտագործմամբ փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու միջոցով Երեւանում գտնվող մոտ 1,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 7-8 բնակարանների նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով Հ. Անդրեասյանի եւ Ա. Ներսիսյանի հետ, 2009թ. օգոստոսի 7-ին ավազակային հարձակում է կատարել Ջրվեժ գյուղում բնակվող հնահավաք Մ. Մարգարյանի տան վրա եւ հափշտակել 6 154 970 դրամ արժողության գույք:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.05.2011թ. դատավճռով Մ. Բատիկյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:
Բատիկյանի հանցակից Ա. Ներսիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ, իսկ Հ. Անդրեասյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:
Մյուս ամբաստանյալը՝ Վ. Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 324-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման եւ ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա Վ. Խաչատրյանը ազատվել է պատիժը կրելուց:
Դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել