Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ

Հուլիս 13,2011 00:00

Օրերս պաշտոնից ազատել ու կրկին մայրաքաղաք են ուղարկել Գյումրիի հարկային տեսչության պետ Թելման Ասատրյանին: Նրա փոխարեն Գյումրի են բերել Արթիկի հարկայինի պետ Հրանտ Կարապետյանին, որը նույնպես մայրաքաղաքից է, եւ երկար ժամանակ աշխատել է այս համակարգում: Նկատենք, որ նախագահական ընտրություններից հետո հարկայինի պետի պաշտոնը շիրակցիներին չի վստահվում,   մի քանի տարի է՝ պետեր հրավիրվում են մայրաքաղաքի փորձառու պաշտոնյաներից, որոնք, որպես կանոն, Գյումրի են տեղափոխվում իրենց տեղակալների ու վերահսկողության բաժնի պետերի հետ, ու կարճ ժամանակ անց, լավագույն դեպքում 1 տարի աշխատելով՝ հեռանում են: Նշենք, որ Թելման Ասատրյանը աշխատեց ընդամենը վեց ամիս, գործարարներն անգամ չհասցրին մի լավ ճանաչել հարկայինի պետին: Այդուհանդերձ, գործարարների տպավորությամբ, նա աշխատում էր չշեղվել հարկայինի «պրինցիպներից», եթե նույնիսկ նեղում էր տոնավաճառի կամ մյուս սպասարկման օբյեկտի աշխատակիցներին, արագ կարողանում էր լեզու գտնել ու կասեցնել բողոքի ալիքը: Գործարարներին հասած տեղեկություններով, նրան Գյումրիից տեղափոխել են՝ նախատեսված պլանը չկատարելու համար: «Առավոտը»  այս տեղեկատվությունը փորձեց ճշտել Թելման Ասատրյանից, սակայն նա  ամբողջ օրվա ընթացքում ոչ մի անգամ չպատասխանեց  մեր հեռախոսազանգերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել