Հայաստանի որոշ գինեկոլոգների համար կարեւորը ոչ թե Հիպոկրատի երդումն է, այլ բիզնես-շահը
2010 թվականի նոյեմբերի 6-ին «Մի դեղի պատմություն» հրապարակմամբ ներկայացրել ենք դոստինեկս դեղի ոդիսականը: Սույն դեղը օգտագործում են հղի կանայք՝ հորմոնալ խանգարումների ժամանակ:
Իտալական «Փֆայզեր» ընկերության արտադրանք այս դեղից կա եւ ռուսերեն, եւ իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն մակնշված տուփերով: Հայկական շուկայում գրանցված է միայն ռուսերեն մակնշվածը, որը դեղատներում վաճառվում է 25 000 դրամով: Իսկ որոշ գինեկոլոգներ, սեփական շահից ելնելով, իրենց այցելած հղի կանանց պարտադրում են այլ լեզվով մակնշված նույն դեղը՝ պնդելով, որ ռուսերեն մակնշվածը կեղծ է: 8 ամիս առաջ մեզ բողոքած դեղատան սեփականատերը վստահ էր, որ սա արվում է փոքր դեղատներին վնասելու համար: Մենք էլ նկատել էինք, որ եթե գինեկոլոգները վստահ են, որ Հայաստանում լիքը կեղծ դեղ կա, թող դիմեն կեղծ կամ չգրանցված դեղերի դեմ պայքարելու համար ստեղծված պետական կառույցին՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ին: Բայց ոչ գինեկոլոգներն էին դիմում, ոչ կենտրոնն ինքն էր կեղծ դեղ հայտնաբերում, ու ստացվում էր, որ պետական կառույցը կամ որ նույնն է՝ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում բացառել կեղծ դեղերի մուտքը Հայաստան եւ արդյունքում տուժում է ՀՀ հղի քաղաքացին, որին ստիպում են թանկ վճարել: Տուժում է նաեւ փոքր կամ միջին գործարարը՝ որի «գործին խփում է» «ատկատով» զբաղվող գինեկոլոգը:
Ցավալի էր, բայց «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» որեւէ կերպ չարձագանքեց հրապարակմանը: Ու այստեղ բնավ էլ մխիթարական չի հնչում «լռությունը համաձայնության նշան է» արտահայտությունը: Շատ ավելի լավ կլիներ, եթե այդ կառույցը մի բան ասեր ու աներ, ոչ թե լուռ ընդուներ, որ Հայաստանում լիքը կեղծ դեղեր կան ու գինեկոլոգներն «ատկատով» են զբաղված: Այս հրապարակումից 8 ամիս անց նույն դեղատան նույն սեփականատերը կրկին բողոք ուներ: Դոստինեկսի պատմությունից ու աղմուկից հետո համառ գինեկոլոգները այլ դեղի «ատկատի» են անցել: SOLVAY PHARMA ընկերության արտադրած դյուֆաստոնը, որ դոստինեկսի նման հղի կանանց է նշանակվում, երբեմն նաեւ ոչ հղիներին, դոստինեկսից էժան է, դեղատներում՝ 7000 դրամ: Նույն «հմուտ» գինեկոլոգները հղի կանանց հավատացնում են, որ ռուսերեն մակնշումով դյուֆաստոնը կեղծ է, իսկականը հունարենով դեղն է, որ կա միայն իրենց մոտ ու արժե 10-12 հազար դրամ: Ու էլի Հիպոկրատի երդումը մոռացած բժիշկը հանուն փողի վնասում է օգնության կարիք ունեցողին: Վնասում ֆինանսապես: Իսկ 3-5 հազար դրամը այսօր շատ ընտանիքներում էական գումար է: Ու էլի զարմանալի է, որ կեղծ դեղի մասին իբր ահազանգող ու քաղաքացուն զգուշացնող բժիշկը պետական պատկան կառույցին չի փորձում ցույց տալ կեղծի տեղը, պետական պատկան կառույցն էլ՝ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» լուռ հետեւում է որոշ գինեկոլոգների «ատկատին»:
Հ. Գ. Հրապարակման մեջ չկան ոչ բողոքող գործարարի, ոչ հղի կանանց, ոչ էլ կոնկրետ գինեկոլոգների անուններ: Մի կողմից ցավալի է, որ մարդը անանուն է բողոքում, մյուս կողմից նրա պահվածքը հասկանալի է. մարդիկ գիտեն, որ ներկայանալու եւ անուններ տալու պարագայում պետությունից որեւէ օգնություն եւ աջակցություն չեն ստանալու, բայց գինեկոլոգ թշնամի են «վաստակելու» բոլոր անցանկալի հետեւանքներով՝ որտեղ ֆինանսականը առաջինը չէ: