Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը փոխհատուցեց

Հուլիս 13,2011 00:00

Երեկ «Առավոտ» էին զանգել Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի բնակիչները՝ հայտնելով, որ մատակարարվող էլեկտրական էներգիայի խափանման հետեւանքով վառված տեխնիկայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցերն» իրենց արդեն փոխհատուցել, ու ամբողջ վառված տեխնիկան նորոգվել է: Խնդիր է առաջացել միայն համակարգիչների վերանորոգման հարցով, քանի որ ՀԷՑ-ը համապատասխան մասնագետ չի ունեցել, ուստի խորհուրդ է տվել այլ ընկերության դիմել, որի սպասարկման գումարը պարտավորվել է վճարել: Հիմա բոլոր խնդիրները լուծված են:
Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի թվով 11 բնակարանների տեխնիկան էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով վառվել էր: Տուժել էր հատկապես թիվ 42 տան տեխնիկան՝ հեռուստացույցը, սառնարանը, ջրատաքացուցիչ կաթսան ու համակարգիչը: Բացի այդ, բնակիչները ստիպված են եղել 4 ժամ առանց լույս մնալ, երեկոյան ժամին: Այն ժամանակ ՀԷՑ-ից «Առավոտին» հավաստիացրել էին (14.05.2011), որ եթե ապացուցվում է, որ իրենց մեղքով է քաղաքացիների տեխնիկան վառվել, ապա իրենք կփորձեն տեխնիկան վերանորոգել, իսկ եթե դա անհնար լինի, դրանք կփոխարինեն նորով:
Մեր բնակիչներից շատերը նման դեպքերում լուռումունջ իրենք են իրենց միջոցներով վերանորոգում ոչ իրենց մեղքով փչացած սարքավորումները, սակայն վերոնշյալ փաստը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը պարտաճանաչ վճարում է խափանումների համար, եթե, իհարկե, դրանց «շարքից դուրս գալու» պատճառը ոչ թե բնակիչների անփութությունն է, այլ՝ ՀԷՑ-ում առաջացած ինչ-որ խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել