Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների կայանումը թանկ կարժենա

Հուլիս 13,2011 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի չորրորդ գումարման հունիսի 21-ից 23-ը արտահերթ նստաշրջանին ընդունած՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրենքը:
Այս օրենքի ընդունումը, ըստ էության, ենթադրում է ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցների համար գանձվող վճարի բարձրացում։ Այսօր արդեն Երեւանում գրեթե բոլոր կայանատեղիներում կայանման վարձավճարը սկսում է 200 դրամից (մինչեւ օրենքի քննարկումը վարձավճարը սկսում էր 100 դրամից)։ Օրենքով ամրագրված է, որ ավտոտրանսպորտային միջոցից ավտոկայանատեղիում կայանելու համար մեկ ժամվա համար գանձվում է մինչեւ 300 դրամ, մեկ օրվա համար՝ մինչեւ 2500 դրամ։ Ավտոկայանատեղիի տուրքերի դրույքաչափերը oրենքով նախատեuված դրույքաչափերի uահմաններում uահմանելու է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Օրենքով սահմանված է, որ եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղիում կայանել է 48 ժամից ավելի, ապա ավտոկայանատեղիի կազմակերպիչն իրավունք ունի տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք։
Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է տուրք՝ յուրաքանչյուր ժամի համար մինչեւ տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը։ Օրենքով սահմանված են ավտոկայանատեղիի տուրք վճարողների պարտականությունները, սակայն ավտոկայանատեղիի կազմակերպչի պարտականություններն այդքան էլ հստակ չեն։ Օրենքով նշվում է, որ ավտոկայանատեղին կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ։ Այն ավտոկայանատեղին, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով եւ գետնին կարմիր գույնով նշված գծանշումներով, որի ձեւը սահմանում է կառավարությունը:
Օրենքով նշվում է, որ ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը սահմանում է կառավարությունը։ Ինչպես նկատում է tert.am-ը՝ մինչեւ կարգի սահմանումը՝ այդպես էլ հստակ չէ, թե ինչպես եւ ով է փոխհատուցելու կայաններում ավտոմեքենային հասցված վնասը։ Ստացվում է, որ տրանսպորտային միջոցների վարորդները շարունակելու են վճարել կայանատեղիի տուրք՝ առանց երաշխիքի, որ իրենց ավտոմեքենային նյութական վնաս չի հասցվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել