Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՈՒՂԱԿՆ Է ԸՆԿԵԼ

Հուլիս 13,2011 00:00

\"\"Ըստ փորձագետ Հարություն Մեսրոպյանի՝ «համակարգը փոխելն էլ» մեզ չի փրկի այն պայմաններում, երբ 25 տոկոսանոց գնաճ ենք արձանագրել:

Եթե Հայաստանը «Forbse»-ի ցուցակում զբաղեցներ ոչ թե վատագույն տնտեսությունների երկրորդ, այլ հինգերորդ տեղը, էլի ոչինչ չէր փոխվելու: Այս կարծիքին է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա կարծիքով, խնդիրը ոչ թե «Forbse»-ի հրապարակած թվերի, այլ մեր տնտեսության մեջ է:
 «Արմատացած օլիգարխիան մեր երկիրն անմրցունակ է դարձնում»,- երեկվա ասուլիսում ասաց պարոն Մեսրոպյանը: Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում հայ գործարարները մեկը մյուսի հետեւից իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան. «Ահա ձեզ հասարակ օրինակ. ձեռնարկատերը գումար է վճարում, ձեռք բերում այս կամ այն ապրանքը եւ ներկրում Հայաստան։ Նա դեռ չի հասցրել բերել, վաճառել ապրանքը, եկամուտ ստանալ, բայց արդեն սահմանին նրանից այդ ապրանքի արժեքի 20 տոկոսն են ուզում։ Ձեռնարկատերը ստիպված է վճարել այդ 20 տոկոսը եւ ստիպված էլ ապրանքը վաճառելու ժամանակ բարձրացնում է դրա գինը, որ վերադարձնի այդ գումարը։ Հենց այս պատճառով էլ ձեռնարկատերը չի ցանկանում այստեղ զարգացնել իր բիզնեսը: Հարկային այս քաղաքականությամբ մենք խփում ենք ձեռնարկատիրությանը»:
Պարոն Մեսրոպյանի խոսքով՝ քանի դեռ օլիգարխները ապրանքներ ներկրելու համար ունեն բոլոր արտոնությունները, իսկ սովորական բիզնեսմենները շնչելու հնարավորություն չունեն, մենք ցանկացած ճգնաժամից կթեքվենք այս ու այն կողմ: Փորձագետը, հաշվի առնելով Հայաստանից մեկնողների թվի կտրուկ աճը, նկատեց, որ Հայաստանը գնալով ավելի անհարմար է դառնում ապրելու համար. «Հիմա ի՞նչ տարբերություն՝ մենք վարկանիշային աղյուսակում նախավերջի՞ն, թե՞ չորրորդ տեղում ենք, եթե երկու դեպքում էլ 30 հազար մարդ է տարեկան արտագաղթում: Մենք որակապես ծուղակի մեջ ենք, Հայաստանը՝ որպես երկիր, քանդվում է: Վարկանիշային ցուցակում տեղի փոփոխությամբ մեր կյանքը չի լավանա»:
Ասուլիսին ներկա Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ զարմացած չէ ամսագրի հրապարակած թվերից. «Վաղուց ժամանակն է փոխել Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Այն բերել է հասարակության բեւեռացման՝ առաջացել է հարուստների ու աղքատների խումբ»: Նրան միայն մտահոգում է այն, թե ինչու ամսագրի մասնագետները չեն մատնանշել մեր տնտեսության տխուր վիճակի պատճառները. «Ինչո՞ւ նրանք չեն ասում, որ տարիներ շարունակ իրենց իսկ պարտադրած տնտեսական կողմնորոշիչների արդյունքում է Հայաստանը հայտնվել այս ծանր իրավիճակում: Մեզ պարտադրել են այս տնտեսական քաղաքականությունը եւ տարիներ շարունակ թույլ չեն տվել մեր արդյունաբերությունը կառավարվի, կարգավորվի»: Հարություն Մեսրոպյանը չհամաձայնեց Վազգեն Սաֆարյանի հետ՝ պնդելով, որ Հայաստանը միտված չէ զարգանալու:
Պարոն Սաֆարյանն էլ տնտեսությունը այս իրավիճակից դուրս հանելու համար առաջարկեց արդյունաբերության վերականգնման մասին օրենք ընդունել. «Վերջին շրջանում արդյունաբերությունը փոքր-ինչ աշխուժացել է: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին 25 տոկոսով աճ ենք ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»: Փոխարենը՝ նա մտահոգված է Հայաստանի արտաքին պարտքի ծավալով ու դրա անարդյունավետ օգտագործման հանգամանքով: Նրա խոսքով, արտաքին պարտքի ձեւով մեր երկրի վզին ծանրացած վարկային միջոցները անարդյունավետ են ծախսվել հատկապես արդյունաբերության ոլորտում. «Այս տարի 118 միլիոն դոլար ենք հատկացնելու վարկերի սպասարկման համար: Եթե կտրուկ քայլեր չկատարենք ՀՆԱ-ն մեծացնելու համար, ապա մի քանի տարի հետո մեր բյուջեի ծախսային մասի 25 տոկոսը կգնա միայն արտաքին պարտքի սպասարկմանը»: Պարոն Սաֆարյանը մտահոգված է նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի ցածր հաշվեկշռով. «Անցած տարի 3,8 միլիարդ դոլարի ապրանք են ներկրել, բայց արտահանել մոտ 1 միլիարդի ապրանք»:
Իսկ Հարություն Մեսրոպյանի կարծիքով՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար նույնիսկ որոշ պաշտոնյաների հրաժարականները չեն օգնի. «Ոչ օրենքների փոփոխությունը, ոչ էլ վերացական «պետք է համակարգը փոխել»-ը չի փրկի, նման բաները մեր երկրում վաղուց չեն աշխատում: Որովհետեւ չկա կոշտ քաղաքական կամք, 20 տարի է՝ մեր երկրում նույն մարդիկ են իշխում, ովքեր ունեն նույն աշխատաոճը, նույն պատկերացումները»:
Փորձագետը կառավարությանը խորհուրդ տվեց վերանայել տնտեսական ու հարկային քաղաքականությունը, որովհետեւ աղքատների համար գնաճը 2010-ին կազմել է 25 տոկոս, իսկ այս տարի լավ բան չի սպասվում: Իր ներկայացրած այս թիվը պարոն Մեսրոպյանը բացատրեց նրանով, որ ԱՎԾ-ն՝ ազգային վիճակագրական ծառայությունը, սխալ է հաշվարկում գնաճը. «Երբ մեզ մոտ հաշվում են գնաճը, ասում են, որ այն, օրինակ՝ անցյալ տարի եղել է 9,4 տոկոս, բայց մոռանում են նշել, որ խոսքը 470 անուն ապրանքների մասին է։ Դա նշանակում է, որ գնաճը հաշվարկվում է նաեւ այն ապրանքների մասով, որոնք սոցիալապես անապահով մարդիկ ընդհանրապես չեն առնում, օրինակ՝ DVD-ի սկավառակ եւ այլն։ Այդքան ապրանք հաշվարկելու արդյունքում ստացվում է, որ գնաճն ընդամենը 9,4 տոկոս է։ Բայց երբ ես վերցրեցի եւ հաշվեցի 40-50-60 ապրանքատեսակ, հիմնականում նրանք, որոնք սոցիալապես անապահով խավն ամենաշատն է օգտագործում՝ գումարած կոմունալ վճարումները, կազմեց 25 տոկոսից ավելի: Ստացվում է, որ ինչքան քաղաքացին աղքատ է, այնքան գնաճի ցուցանիշը նրա համար ավելի մեծ է, եւ հակառակը՝ ինչքան ավելի հարուստ է, ինչքան ավելի շատ տեսակի ապրանքներ է գնում՝ այնքան այդ ցուցանիշն իջնում է։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը գնում է 1000 անուն ապրանք, ապա գնաճը նրա համար կարող է կազմել, օրինակ, 6,7 տոկոս, եւ հակառակը։ Արդյունքում` սոցիալական բեւեռացվածությունը մեծանում է, եւ մեր պետությունը էլ ավելի անմրցունակ է դառնում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել